«Այսօր Հայաստանի անվտանգությունը չի սկսվում սահմաններից, այն սկսվում է արտաքին քաղաքականությունից։ Եթե արտաքին քաղաքականությունը թույլ է, ամբողջ երկիրն է դառնում թույլ»,- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի և «Առաջարկ Հայաստան»-ի թիմի շնորհանդեսի ժամանակ իր ելույթում ասաց ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։
Նա հիշեցրեց՝ 2020-ից հետո մենք հայտնվեցինք նոր իրականության մեջ, հին անվտանգության համակարգը քանդվել է, նորը չի ձևավորվել, և այս փուլում մեր հիմնական խնդիրը պետք է լիներ կայունության և հավասարակշռության վերականգնումը․ «Գործող իշխանությունները ընտրեցին հարմարվելու ճանապարհը՝ ընդունելով վատթարացող միջավայրը և ենթարկվելով ճնշմանը։
Սա ռազմավարական կոպտագույն սխալ էր։ Պայմանավորվածությունները չեն չեզոքացրել մարտահրավերներն ու սպառնալիքները, լարվածությունը չի վերացել, իսկ մեզ առնչվող որոշումները հաճախ ընդունվում են առանց ՀՀ-ի մասնակցության։ Սա սուբյեկտության կորուստ է։ Զիջումների քաղաքականությունը խաղաղություն չբերեց, այն պարզապես հետաձգեց ճգնաժամը։
Ցանկացած գնով լարվածությունից խուսափելը չի նվազեցնում ռիսկերը, այն դրանք դարձնում է անկառավարելի։ Պայմաններ ձևավորելու փոխարեն մենք հարմարվում ենք դրանց։ Հավասարակշռություն հաստատելու փոխարեն միակողմանի զիջումների ենք գնում։ Շահերը պաշտպանելու փոխարեն մենք հույսով ենք ապրում, բայց հույսի վրա հիմնված քաղաքականությունը ռազմավարություն չէ»։
Կարդացեք նաև
Ըստ բանախոսի՝ տարիներ շարունակ մեզ խոստանում էին խաղաղություն, իսկ հիմա համառորեն և հուսահատորեն փորձում են համոզել, որ խաղաղություն է հաստատվել՝ առանց դրա համար պայմաններ ստեղծելու․ «Մեզ ասում են՝ այդպես մենք խուսափում ենք պատերազմից, բայց արդյոք ավելի անվտանգ է դարձել։ Ներկայիս իշխանություններն ասում են՝ սահմանին հանգիստ է, ոչ ոք չի զոհվում, բայց սահմանին հարաբերական լռությունը անվտանգության մակերեսային պատրանք է։ Փաստերը ցույց են տալիս, որ երկրի ռազմավարական խոցելիությունը ոչ միայն չի վերացել, այլ խորացել է։ Մեր անվտանգության վերաբերյալ որոշումները ավելի ու ավելի հաճախ են կայացվում Հայաստանից դուրս։ Տարածաշրջանային հավասարակշռությունը խախտվել է, իսկ պաշտպանական նոր մեխանիզմներ չեն ստեղծվել։ Նման «խաղաղությունը» պարզապես դադար է հաջորդ սպառնալիքից առաջ»,- ասաց նա՝ հավելելով․ «Ես մասնակցել եմ բանակցությունների, գիտեմ խոսքերի արժեքը, և եթե «խաղաղություն» բառը չի ամրապնդվում ուժով, այն արժեք չունի։ Առանց հավասարակշռության զիջումները խաղաղություն չեն բերում, դրանք նոր պահանջներ են առաջացնում, որքան շատ զիջումներ, այնքան բարձր կլինի հաջորդի գինը։ Սա փակուղի է, և մեր պետությունը չպետք է սպասի իրադարձությունների ծավալմանը, այն պետք է ձևավորի դրանք։ Պետությունը չպետք է խնդրի, այն պետք է կանխատեսի, պետությունը չպետք է հույս ունենա, այն պետք է ապահովի։ Ուստի գլխավոր հարցը այսօր հետևյալն է՝ ոչ թե ինչպե՞ս խուսափել ճնշումից, այլ ինչպես այն դարձնել անհնար։ Մենք ունենք պատասխանը, սա տեսություն չէ, սա անվտանգության գործնական բանաձևն է՝ հավասարակշռություն, զսպում, երաշխիքներ։ Հավասարակշռություն, որպեսզի մեր վրա չգործադրվի ճնշում, զսպում, որպեսզի որևէ մեկը չփորձի խախտել համաձայնությունները, երաշխիքներ, որպեսզի պայմանավորվածությունը դառնա պարտավորություն»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































