«Արցախցիները պիտի համախմբված լինեն, արցախցիներին որևէ մեկը չպիտի շահարկի և չդիտարկի որպես ընտրազանգված, որովհետև ամենակարևոր բանը, որ ես ձեզ վստահեցնում եմ, չնայած իշխանությունների կողմից երբեմն կատարված բեմականացումներին, արցախցիները որևէ կերպ չեն մոռանալու, թե ինչ է իրենց հետ արել այս իշխանությունը»,- Վերաքննիչ քրեական դատարանի առջև լրատվամիջոցներին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ խոսելով հունիսին կայանալիք ընտրություններում արցախցիների դիրքորոշման մասին։
«Փութաջանություն պետք չի արցախցիներին դեպի իրենց կողմերը տանելու։ Կարևորը, որ ազգային ուժերը կընտրեն արցախցիները։ Դուք տեսնում եք իմ դիրքորոշումը, որ ես որևէ թիմում չկամ։ Դա հենց պայմանավորված է այն հանգամանքով, որ իմ կերպարով ես փորձում եմ ցույց տալ արցախցիներին, որ կարևոր է մեր հավաքական ուժը, ոչ թե այս պահին քաղաքական ինչ-որ գործընթացներում կոնկրետ առանցքային դերեր ունենալը։ Համախմբված՝ մենք պետք է կարողանանք ձևավորել ազգային իշխանություն։ Հույս ունենք, որ Ազգային ժողովը, որը պետք է ձևավորվի, կազմված է լինելու բացառապես ազգային ուժերից, որոնց համար օրակարգային գլխավոր հարցերից է լինելու արցախցիների՝ Արցախ վերադառնալու հարցը, ինչպես նաև մեր գերիների ու պատանդառված մեր հայրենակիցների վերադարձը»։
Տիկին Մետաքսեն հատուկ անդրադարձավ նաև նախընտրական այս պայքարում արցախահայության հիմնահարցի մասով խորհրդավոր լռությանը։ «Արցախահայության հիմնահարցը այս թոհուբոհի մեջ որոշ ուժերի համար կարծես թե գոյություն չունի։ Եվ երբ մենք փորձում ենք մեր ոչ հանրային զրույցների կամ հանդիպումների ժամանակ ճշտել, առաջին շարքերում գտնվող ընդդիմադիր ուժերից կան մեկնաբանություններ, որոնք դեռևս չեմ հասկանում։ Իրենց պնդմամբ՝ ծրագրերում կա արցախցիների վերադառնալու, գերիների, գերեվարվածների ու պատանդառվածների վերադարձի հարցը, բայց, ցավոք սրտի, իրենք այդ մասին հանրայնացնել պատրաստ չեն։ Ես, անկեղծ ասած, սա չեմ հասկանում, որովհետև եթե այսօր մենք որպես քաղաքական անձինք կամ ուժեր մտածում ենք, որ մեր հանրության համար Արցախի հարցը ևս փակված է և դրանով պայմանավորված չենք խոսում, դա նշանակում է, որ մենք սպասարկում ենք Նիկոլի օրակարգը։ Բայց ես վստահեցնում եմ ձեզ, որ սոցիալական բազմաթիվ հարցումները ցույց են տալիս, որ նույնիսկ Նիկոլ սատարող հանրության մոտ Արցախի հարցը փակված չէ։ Եվ ես կարծում եմ, որ այստեղ այդ ուժերը մի քիչ արդար չեն այն առումով, որ երևի համարում են, որ այնքան էլ շատ չեն քվեարկող արցախցիները, որ իրենց համար ապահովեն մուտք խորհրդարան։
Այս առումով ես ուզում եմ, որ, իհարկե, ավելի ազնիվ լինեն և չխուսափեն Արցախի իշխանությունների, Արցախի Ազգային ժողովի մասնավորապես այն պատգամավորների հետ շփումներից, որոնց հետ տարիներ շարունակ, կարծես թե, համագործակցություն է եղել»։
Կարդացեք նաև
Խոսելով Արցախի թեմի առաջնորդի մասին, որն ըստ մամուլի հրապարակումների պատրաստվում է ներողություն խնդրել և ասել, որ ճնշումների տակ է եղել, Մետաքսե Հակոբյանն ասաց. «Քիչ առաջ ասացի այդ մասին, ևս մեկ անգամ ասեմ՝ որևէ տեղեկություն չունենք թեմի առաջնորդից, որևէ կոնտակտի ինքը մեր հետ չի գնում։ Անկեղծ ասած, նույնիսկ չգիտենք, թե որտեղ է և ինչով է զբաղվում։ Գուցե մամուլի տեղեկատվությամբ իրենք փորձում են շոշափել հանրության արձագանքը դրան։ Նորից եմ կրկնում, մենք՝ երկրի վրա քայլողներս, որևէ խնդիր չենք տեսնում ներելու, որովհետև ամեն դեպքում մեր առջև սրբազան է, և որևէ մեկը իրեն չի զրկել դրանից։ Ընդամենը մենք հայտարարել ենք, որ ինքն այլևս մեր հոգևոր առաջնորդը չէ։ Բայց միանշանակ ասում եմ, որ այն մարդիկ, ովքեր մոլորված են, այդ թվում նաև Վրթանես սրբազանը, եթե դարձի հնարավորությունը տեսնում են և եթե պատրաստ են ներողություն խնդրել, ապա չեմ կարծում, որ ներողություն խնդրելը խնդիր է։ Ուղղակի պետք է խնդրել ու վերադառնալ»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































