Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը կրկին պնդեց՝ Դավիթ և Գոռ Համբարձումյանները գործել են միասնական՝ իրար փոխլրացնելով

Ապրիլ 09,2026 20:44 Share

«Մեղադրանքում նշված իրադարձությունների տեղի ունենալը հաստատվել է դատարանում հետազոտված տուժողների ցուցմունքներով, ինչպես նաև նախաքննության ընթացքում տուժողների տված ցուցմունքների արձանագրություններով, վերջիններիս վերաբերյալ նշանակված ու ստացված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններով»,- այսօր Վերաքննիչ  դատարանում իր վերաքննիչ բողոքը ներկայացնելիս ասաց Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով հանրային մեղադրողը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանում քննվում է Համբարձումյանի պաշտպանական թիմի ու հանրային մեղադրողի բողոքը։ Պաշտպանական կողմը բողոքարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Դավիթ Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու վերաբերյալ։ Իսկ մեղադրող կողմը պահանջում է վարույթի նյութերը փոխանցել նույն դատարան՝ այլ կազմով քննության, բացի այդ՝ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված 5.000.000 ՀՀ դրամ գումարի չափով գրավը դարձնել պետության եկամուտ։

Ըստ մեղադրող դատախազի՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հաշվի չի առել, որ այս գործով Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, չէր կարող չճանաչվել որպես հանցակից, քանի որ վերջինս, խաղաղ ցուցարարների երթը կանխելու նպատակով, Դավիթ Համբարձումյանի հետ գտնվելով նույն վայրում և տեղյակ լինելով վերջինիս կողմից զենքի գործադրմամբ խուլիգանական արարք կատարելու մասին, ցանկացել ու մասնակցել է նույն արարքին և իր գործողություններով փոխլրացրել է Դավիթ Համբարձումյանի արարքները։

Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է 2018 թ. հեղափոխության օրերին Երևանի Հանրապետության հրապարակ շտապող հանրահավաքի մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում։

Դավիթ Համբարձումյանի պաշտպաններից Զորայր Հարությունյանն էլ մեջբերեց դատարան ներկայացված մի շարք տվյալներ, փաստաթղթեր, արձանագրություններ, որոնք չստուգված են եղել և քննության արդյունքում հերքվել են։

Անդրադառնալով Գոռ Համբարձումյանի՝ հանցակից լինելու վերաբերյալ հանրային մեղադրողի պնդումներին՝ Զորայր Հարությունյանը նկատեց, որ տվյալ դեպքում Գոռ Համբարձումյանին դիտավորություն է վերագրվում միայն Դավիթ Համբարձումյանի եղբայր լինելու հանգամանքով պայմանավորված. «Դավիթ Համբարձումյանի զենքի առկայության մասին Գոռ Համբարձումյանի իմանալը պայմանավորվում է բացառապես Դավիթի եղբայր լինելու հանգամանքով։ Ստացվում է՝ եթե Համբարձումյանները հանդիսանում են եղբայրներ, բավարար է, որ դիտավորությունը միասնական լինի։ Իմ կարծիքով՝ բավարար չափով ապացույցներ, փաստեր, հիմնավորումներ ոչ թե առաջին ատյանի դատարանը պետք է իր համապատասխան հօգուտ մեղադրյալի կայացված մեղադրանքի վերաորակման պատճառաբանության մեջ դներ, այլ դատախազությունը ներկայացներ վարույթի նյութերում, որոնց հիման վրա հնարավորություն ընձեռվեր համապատասխան գնահատականը հնչեցնելու, որը հնչեցվում է վերաքննիչ բողոքի ներկայացման ժամանակ»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930