«Կոչ՝ բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են ժամ առաջ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տեսնել ազատության մեջ և արդարացված: Խնդրում եմ բոլորին, ովքեր համակարծիք են հայտարարությանը՝ տարածել այն, անցնել հղումով և ստորագրել», գրում է եկեղեցասեր երիտասարդ, Միքայել Սրբազանի աջակից Աբրասիմ Աթոյանը:
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ – ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋ
Ներքոստորագրող քաղաքացիներս հայտարարում ենք․ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումն և կիրառված խափանման միջոցը հասնում են խոշտանգման,
քանի որ Սրբազանը չի կարողանում կատարել իր հովվական պարտականությունները, իսկ թեմի հավատավորները չեն կարողանում բավարարել իրենց հոգևոր պահանջմունքները:
Սրբազանը զրկված է նույնիսկ ժամերգություններին մասնակցելու իրավունքից, որը համարվում է միասնական աղոթքի դրսևորման ձև և պարտադիր է քրիստոնյա հավատացյալների և հոգևորականների համար:
Կարդացեք նաև
Սրբազանի շարունակական անազատության մեջ գտնվելու պատճառով տուժում է Շիրակի թեմի հավատացյալների կրոնական պահանջմունքները բավարարելու սահմանադրական իրավունքը, ուստի պետության նմանօրինակ միջամտությունն այլևս արդարացված չէ, քանի որ ինչպես բարձրաստիճան հոգևորականին, որը իր գոյության կես դարից ավելին նվիրել է Աստծուն և Հայ Եկեղեցու շենացմանը, այնպես էլ հասարակության քրիստոնյա հատվածի հոգևոր պահանջմունքներին հասցվում է անդառնալի վնաս:
Ուստի պահանջում ենք՝ անհապաղ վերացնե՛լ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը, դադարեցնե՛լ նրա նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը և հռչակե՛լ Սրբազանի անմեղությունը:


















































