«Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոց 5-ով եմ ավարտել»,- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի և «Առաջարկ Հայաստան»-ի թիմի շնորհանդեսի ժամանակ իր ելույթում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Ես՝ Գագիկ Ծառուկյանս, ամբողջ կյանքս ապրել եմ իմ երկրում, իմ երկրում եմ ստեղծել, կառուցել։ Կառուցել եմ գործարաններ, կառուցել եմ դպրոցներ, կառուցել եմ մանկապարտեզներ, կառուցել եմ եկեղեցիներ, բնակարաններ, հյուրանոցներ, տասնյակ հազարավոր աշխատատեղեր եմ ստեղծել։ Ես էս երկրի մարդ եմ, իմ սիրտը ցավում է, ուզում եմ, որ իմ ժողովուրդը լավ ապրի։ Ես անգիր արած բառեր չեմ ասում, զրոյից կայացած մարդ եմ, գիտեմ աշխատանքը, կայանալը։ Արել եմ, օգնել եմ՝ ով դիմել է, բոլոր կարիքավորների, բոլորն էլ գիտեն»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։
Նա կրկնեց․ «Ես վարչապետ չեմ ուզում, դա ծանր աշխատանք է։ Մենք մեր թիմով կընտրենք՝ ով կարա դա անի։ Այն մարդը, ով կարող է այդ ծանրությունը բարձրացնել, նա պետք է անի։ Իմ ուշադրությունն այսօր Հիսուսի արձանն է։ Արդեն որոշել եմ՝ մյուսն էլ Նոյյան տապանը դնեմ»։
Գագիկ Ծառուկյանը խոսեց նաև խաղաղության մասին՝ ասելով՝ որպեսզի մարդիկ հավատան խաղաղությանը, այն պետք է երաշխավորված լինի։
Կարդացեք նաև
«Այսօր մենք ասում ենք, որ մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորված խաղաղություն, որ երաշխավորված թուղթը ստորագրած լինի, հզոր պետություններից 4-5–ը երաշխավորեն խաղաղությունը, որ պատերազմի դուռը մեր ժողովուրդը փակի։ Այսօր ասում են՝ սեպտեմբերին պատերազմ է լինելու, կամ որևէ պարտավորություն չկատարելու դեպքում պատերազմ է լինելու։ Լավ, դա համարում եք խաղաղությո՞ւն։ Խաղաղությունը պետք է երաշխավորված լինի, որ մարդիկ դա մոռանան»,–ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































