Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Համբարձումյանի գործով հաջորդ դատական նիստը կարող է լինել վերջինը. փաստաբան

Ապրիլ 09,2026 22:11 Share

«Կարծում եմ՝ հաջորդ դատական նիստը կարող է լինել վերջինը»,- այսօր Վերաքննիչ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպաններից Գայանե Պապոյանը:

Նրա խոսքով՝ հաջորդ նիստին դատարանը կանդրադառնա պաշտպանական թիմի միջնորդությանը ու եզրափակիչ ելույթներին: Պապոյանը նաև զավեշտալի համարեց դատախազության վերաքննիչ բողոքի փաստարկները․ «Ասում են՝ քանի որ Համբարձումյանները հարազատ եղբայրներ են, Գոռ Համբարձումյանը չէր կարող չիմանալ Դավիթ Համբարձումյանի մոտ առկա հարձակման մասին: Մենք, իհարկե, պնդում ենք՝ Դավիթ Համբարձումյանի մոտ որևէ զենք չի եղել: Այդ մասով է մեր կողմից ներկայացված բողոքը, որ պետք է Դավիթ Համբարձումյանը արդարացվի, առաջին ատյանի դատարանը կայացրել է ապօրինի դատական ակտ»:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանում քննվում է Համբարձումյանի պաշտպանական թիմի ու հանրային մեղադրողի բողոքը։ Պաշտպանական կողմը բողոքարկել է Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Դավիթ Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու վերաբերյալ։ Իսկ մեղադրող կողմը պահանջում է վարույթի նյութերը փոխանցել նույն դատարան՝ այլ կազմով քննության, բացի այդ՝ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված 5.000.000 ՀՀ դրամ գումարի չափով գրավը դարձնել պետության եկամուտ։

Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է 2018 թ. հեղափոխության օրերին Երևանի Հանրապետության հրապարակ շտապող հանրահավաքի մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930