Ձեր հարստության տարիները Քոչարյանի իշխանության ժամանակ են եղել, Ձեր անունը միշտ Քոչարյանի հետ է կապվել, «մարտի 1»-ից հետո էլ դուք Քոչարյանի իշխանությանն եք սատարել, բայց հիմա ասում եք՝ եթե Ռոբերտ Քոչարյանը ցանկանա վարչապետ դառնալ, չեք սատարի նրան․ կբացատրե՞ք՝ ինչո՞ւ․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի և «Առաջարկ Հայաստան»-ի թիմի շնորհանդեսից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում հարց տվեցին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։
«Քոչարյանի իշխանության ժամանակ հարաբերություն եղել է, իր եղբայրն իմ գործընկերն է եղել, բայց Ծառուկյանը երբեք ու երբեք իրեն ոչ մի բան թույլ չի տվել»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ պնդելով, որ իր անունը Ռոբերտ Քոչարյանի հետ չի կապվում, լրագրողներն են կապել։
Իսկ թե ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանին ձայն չի տա վարչապետ լինելու համար, բացատրեց․ «Մարդիկ հոգնել են, ուզում են նորություն, նորը պետք է լինի։ Ինքն իրենն արել է, արդեն թող ինքը հանգստանա, նոր դեմքեր լինեն»։
Լրագրողները հետաքրքրվեցին նաև «Առաջարկ Հայաստան» թիմի վարչապետի թեկնածուից։ Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ 4-5 թեկնածու ունեն։
Կարդացեք նաև
Ինքը՝ Ծառուկյանը, թեկնածուների անունները կրկին չտվեց։ Լրագրողները հնչեցրին Մարտուն Գրիգորյանի, Անդրանիկ Թևանյանի անունները։ Գագիկ Ծառուկյանը ծիծաղեց և ասաց, որ նրանցից ոչ մեկը այդ 4-5-ի մեջ չէ․ «Երկուսն էլ բացառվում են»։ Գագիկ Ծառուկյանը նաև բացառեց, որ իրենց թիմի վարչապետի թեկնածուն կին կլինի։
Հարց հնչեց նաև այն մասին, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, ապա դա ի՞նչ ազդեցություն կունենա մեր երկրի տնտեսության վրա։
Գագիկ Ծառուկյանը նախ նկատեց՝ ՌԴ-ն Հայաստանի «հարյուր տարվա» գործընկերն է։ Հավելեց, որ տարեկան ՌԴ-ից Հայաստան 180 միլիոն տրանսպորտ է գալիս, որ երեք միլիոն հայ է բնակվում ՌԴ-ում ու հարցրեց՝ պատկերացնո՞ւմ են Հայաստանում, թե ի՞նչ կլինի, եթե 500 հազար հայերը, որ գրանցում չունեն ՌԴ-ում, վերադառնան Հայաստան, որ դեպի ՌԴ արտահանումները չլինեն, գազի գինը թանկանա։
Ինչ վերաբերվում է իշխանության ճամբարից հնչող հայտարարություններին, թե այլ՝ ԵՄ շուկաները կբացեն դռները մեր ապրանքների առջև, Գագիկ Ծառուկյանն ասաց․ «Ասելով չի, մի մեքենա թող ապրանք տանեն»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ինչ վերաբերվում է երկրներին, որոնք պետք է Հայաստանի անվտանգության երաշխավորները լինեն, Գագիկ Ծառուկյանն ասում է․ «ՌԴ, ԱՄՆ, Չինաստան՝ այդ երեքը պարտադիր պիտի լինեն։ Մինչև ամսի վերջ կկարգավորվի, ամեն ինչ իր տեղը կընկնի (նկատի ունի՝ տարածաշրջանային իրավիճակը-Ն․ Գ․)»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































