Կառավարության «Պետություն-երիտասարդ» նախաձեռնության շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է բուհերի ուսանողներին և նրանց հետ քննարկել բուհական համակարգի, հանրակրթության բարեփոխումների մանրամասները, իրականացվող և նախատեսվող աշխատանքները․
Նախարարը ողջունել է հանդիպման մասնակիցներին՝ կարևորելով նրանց հուզող հարցերի շուրջ քննարկման այս ձևաչափը: Խոսելով բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ոլորտում առանցքային է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, որի վերաբերյալ այս օրերին իրազեկման արշավներ են կազմակերպվում տարբեր համայնքներում։
Նա առանձնակի անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքին, որն ուսանողներին ընձեռում է բազմաթիվ հնարավորություններ։ Ժաննա Անդրեասյանի իրազեկմամբ՝ բացի ուսանողական խորհուրդներից՝ բուհերում ստեղծվելու են ուսանողական մարմիններ, որոնք հնարավորինս ներկայացնելու են ուսանողների շահերը։
Կարդացեք նաև
«Տարբեր ուղղություններով ուսանողական միությունների ստեղծման նպատակը քաղաքացիական գիտակցության ձևավորումն է: Կարևոր է, որ ուսանողները հնարավորություն ունենան իրենց ձայնը բարձրաձայնելու, լսելի դարձնելու, իրենց իրավունքներն ու պարտականությունները հստակ պատկերացնելու, որակյալ որոշումներ կայացնելու հմտություններ ձեռք բերելու տեսանկյունից»,
— ասել է նախարարը։
Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով․ ուսանողները, որոնց թվում էին նաև գործող ուսուցիչներ, նախարարին են ուղղել իրենց հուզող հարցերը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն



















































