Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ամեն ինչ հարաբերական է…

Ապրիլ 10,2026 10:00 Share

Մոտ մեկ ամիս առաջ հայտնի դարձավ մի զարհուրելի պատմություն. խորթ մայրը պարբերաբար բռնության էր ենթարկում մոտ մեկուկես տարեկան երեխային եւ նույնիսկ նրան սպանելու փորձ էր կատարել (օգտագործում եմ պաշտոնական ձեւակերպումը): Հիմա առաջարկում եմ այդ դեպքին մոտենալ լրագրողի կամ լրատվամիջոցի տեսանկյունից: Ի՞նչ պետք է անել հանուն «անաչառության»՝ փորձել հասկանա՞լ, թե ինչու է այդ կինն այդպես վարվել՝ գուցե ծանր մանկությո՞ւն է ունեցել, կամ կյանքի այլ դժբախտ հանգամանքնե՞ր: Իսկ կարո՞ղ է պատահել, թե այդ «հասկանալու» ընթացքում մեղմացվի, մշուշով ծածկվի ահասարսուռ իրականությունը: Այստեղ խնդիր կա՞ «այս կամ այն կողմն ընտրելու»:

Իսկ հիմա պատկերացրեք, որ այդ կինը հերիք չէ ազատազրկված չէ, դեռ ինքնագոհ տեսքով ամեն օր հայտնվում է մարդկանց մեջ, աջ ու ձախ սպառնում, հոխորտում է, լկտի եւ անպատկառ վարք է դրսեւորում: Գուցե դարձյա՞լ պետք է մտնել այդ վարքի հոգեբանական պատճառների մեջ, հետազոտել արմատները եւ ներկայացնել նախապատմությունը: Չի բացառվում, որ այդ ամենը հետաքրքիր կլինի ընթերցողի համար: Բայց ես չեմ կարող ազատվել այն տպավորությունից, որ այդ բոլոր «հետաքննությունները» ստվերում են, հետին պլան են մղում սարսափելի իրողությունը:

Արցախում հայերն ապրել են առնվազն 5000 տարի՝ դրա մասին ինքը՝ Փաշինյանը, բազմիցս ասել է 2020 թվականից առաջ: Հիմա այնտեղ ոչ մի հայ չի ապրում: Մեզ առաջարկվում է «հետաքննել» այդ աղետի պատճառները: Եվ «հետաքննելուց» հետո գալ եզրակացության, որ դա աղետ չէր, դա մեծ հաջողություն էր, Հայաստանի ինքնիշխանության փայլուն հաղթանակ: Եվ, հետեւաբար, նա, ով այդ ամբողջ գործընթացի թիվ մեկ մեղավորն է, նա ոչ թե աղետի պատճառ է, այլ՝ Հայաստանի ինքնիշխանությունը փրկող հերոս: Նման, գրեթե անխուսափելի, «եզրահանգումների» է բերում չարիքի հանդեպ «անաչառ» վերաբերմունքը:

Եթե չկան քննարկման ոչ ենթակա, աքսիոմատիկ ճշմարտություններ, եթե ամեն ինչ հարաբերական է, ապա որեւէ գործունեության իմաստը, մեծ հաշվով, կորում է: Այդ թվում՝ լրագրության:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930