Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի բանակցային գործընթաց երաշխիք չէ, որ քեզ վրա չեն հարձակվելու, եթե հակառակորդդ, թշնամիդ քաղաքական հաշվարկներ ունի. Աննա Հեսս-Սարգսյան. «Ազգ»

Ապրիլ 10,2026 11:08 Share

TRIPP-ի, Հյուսիս-հարավի, Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի դասերի մասին ենք ստորեւ զրուցում միջազգայնագետ, հակամարտությունների կարգավորման, բանակցային գործընթացների փորձագետ Աննա Հեսս-Սարգսյանի հետ:

 –Հենց սկզբից TRIPP-ի մասին կարծիք կար, թե ԱՄՆ-ի հովանավորած այդ ուղին իրականություն չի դառնալու, քանի որ Հյուսիս-հարավն արդեն վերաշխուժացել էր:

-Ես այդ կարծիքին չեմ: Բայց կարեւոր է հասկանալ հետեւյալը՝ եթե աշխարհաքաղաքական գործոնները դեռ լուսաբանման կարոտ են, չի կարող որեւէ միջանցք կառուցվել: Ինձ համար առավել կարեւոր հարց կա: Մեղրիում էի 2025-ի տարեվերջին, մեկ տարվա բացակայությունից հետո: Ի զարմանս տեսա, թե Հյուսիս- հարավի այդ մի մասը, ճանապարհային այդ ենթակառույցն ինչպես է ակտիվ կառուցվում: Արդեն 2025-ի հունիսին Իրանի դեմ պատերազմ էր եղել: Հարց առաջացավ՝ երկու թշնամի պետություն այստեղ ինչպե՞ս են փորձում զուգահեռ միջանցք կառուցել: Իրանն արդեն դա անում է, իսկ TRIPP-ը թղթի վրա է: Սա ինչպե՞ս է զուգահեռ ընթանալու: Ինձ թվում է՝ պատերազմը դրա պատասխանը տվել է: TRIPP-ը որպես տնտեսական ծրագիր վատը չէ: Գաղափարը հետաքրքրական է, բայց թե՛ քաղաքական, թե՛ աշխարհագրական լուրջ, խնդրահարույց հարցեր կան, հետեւաբար այն միայն տնտեսական չէ: TRIPP-ը հիմա սառեցվելու է, թղթի վրա է մնալու: Միջնաժամկետ շատ բան է փոխվելու: Հետաքրքրվեցի եւ հասկացա, որ այժմ էլ դեռ շարունակվում են Հյուսիս-հարավի՝ Իրանի կողմից կատարվող աշխատանքները, նույնիսկ պատերազմի ժամանակ չեն դադարել:

Մի քանի կարեւոր ուղերձ Հայաստանի հասարակության մտածող հատվածին կամ ՀՀ կառավարությանը. Հստակ է դառնում, թե որքան անվստահելի է Թրամփը, ԱՄՆ-ն՝ որպես գործընկեր, նույնքան, որքան ՌԴ-ն: Երբ քննադատում են ՌԴ-ին՝ ասելով, թե վստահելի չէ, որն իհարկե ճիշտ է, նույնը ԱՄՆ-ն է: Այս պատերազմը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն, հատկապես Թրամփի նախագահությամբ, բացարձակ վստահելի չէ: Շատ հստակ երեւում է դա Ծոցի երկրների հանդեպ ԱՄՆ գործելակերպով, որ հրահրեց Իրանին հարձակվել այդ երկրների տարբեր բազաների վրա: Հույս ունեմ, որ մեր հասարակությունն ու քաղաքական գործիչները տեսնում են, որ որեւէ գերտերություն վստահելի գործընկեր չէ, եթե իր շահերից չի բխում: Նահանգների՝ որպես գերտերության այն մոտեցումը, թե իրենց շահերն ամենակարեւորն են, շատ հանգիստ իրենց գործընկերներին կարող են հանուն իրենց շահի զոհաբերել, տեսանք: TRIPP-ի շրջանակներում, բնականաբար հասկանալի է, որ Թրամփի անունով երդում ուտելն ամենամեծ հիմարությունը պետք է լինի: Կարեւոր դաս է նաեւ տեսնելը ցանկացած պայմանավորվածության, խաղաղության ցանկացած պայմանագրի փխրունությունը, երբ աշխարհաքաղաքական համատեքստը դրան չի նպաստում:

-Ո՞ր ուղին, երկիրն է Սյունիքի, հետեւաբար՝ ՀՀ-ի անվտանգության երաշխավորը:

-Ուժեղ եւ ինքնաբավ Հայաստանը պիտի լինի երաշխավորը: Այսօր մենք աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական այնպիսի մի համատեքստի մեջ ենք, որտեղ որեւէ մեկի վրա հույս դնել չի լինում: Միայն՝ սեփական ուժերին: Իրանի դիրքորոշումը, ընթացող պատերազմը, այս ասիմետրիկ վիճակներում ցույց տվեց, թե որքան կարեւոր է, որ ինքդ քո համակարգի վրա դնես հույսդ: Ըստ էության Իրանը մենակ է, դա հասկացել է Իրաքի դեմ պատերազմի ժամանակ ու հույսն իր համակարգի վրա է դրել: Այդ համակարգն անհամաչափ է եղել Իսրայելի, ԱՄՆ-ի ռազմական, քաղաքական ներուժի համեմատ, մեծ է ուժային անհամաչափությունը, բայց Իրանը ցույց տվեց, որ կարող է դիմակայել, քանի որ ունի իր առանցքը, հույսն իր վրա է դրել: ՀՀ-ը Իրան չէ, չունենք դարերով պետականություն կերտելու ռազմավարության, դիվանագիտության, ռազմական արվեստի, այդ բոլորի համադրումը, ցավոք, չունենք, բայց երեւույթն ինքնին լավ ուղերձ է՝  հույսդ քո վրա պիտի դնես, մնացածն էլ բալանսավորես: Դաշինք կազմելը պիտի լինի ոչ թե օդային արժեքների, այլ՝ կոնկրետ հարցերի, խնդիրների հիման վրա: Պատմաբան Թուկիդիդեսը «Մելոսյան երկխոսություն» աշխատությունում նկարագրել է այժմ մեր օրերում գործող ջունգլիների օրենքը, «երբ ուժեղներն անում են այն, ինչ կարողանում են, իսկ  թույլերը ստիպված են լինում տառապել դրանից կամ զիջել, որքան կարող են»:

Հետեւաբար հույսդ քո վրա պիտի դնես, ոչ թե ուրիշների: Իրանի դեմ պատերազմի դասերը մեզ համար շատ կարեւոր են: Ոչ մի բանակցային գործընթաց երաշխիք չէ, որ քեզ վրա չեն հարձակվելու, եթե հակառակորդդ, թշնամիդ քաղաքական հաշվարկներ ունի եւ դրանք քաղաքական ճանապարհով չէ, այլ՝ ռազմականով է ուզում լուծել: Ոչ մի  դաշնակցային հարաբերություն հարատեւ չէ, վստահելի չէ: Հույսդ քո վրա պիտի լինի միանշանակ: Դաշնակիցներն էլ գալիս-գնում են, պիտի հասկանաս՝ ինչպես օգտագործես: Իրանը ցույց տվեց, որ ասիմետրիկ ռազմական կարողություններով դիմադրել հնարավոր է, եթե ճիշտ ես գործածում քո ռեսուրսը:

Հարցազրույցը վարեց ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930