Լրահոս
Օրվա լրահոսը

Ճիշտը մարդկանց բացատրելն է, որ Ալիևը նոր պահանջներ է դնելու: «Երաշխավորված խաղաղությունը» դա թույլ չտալու համար է. Վահե Հովհաննիսյան

Ապրիլ 10,2026 12:04 Share

Ոչ թե խոստանալ, այլ բացատրել

Առաջիկա շաբաթներին լիդերության հիմնական առաքելությունը բացատրելն է, ոչ թե խոստանալը։ Սրանք սովորական ընտրություններ չեն՝ իրենց կարևորությամբ ու նաև անոմալիաներով։

Կարելի է խոստանալ ամենահաճելի բաները, բայց դա այլևս չի աշխատելու։ Բոլոր պրոֆեսիոնալ սոցհարցումները գրեթե նույն պատասխաններն են տալիս, և գրեթե բոլորում մնում են լուրջ բացեր։

Հավաքական հանրային միտքը գտնվում է ռիսկերի ենթագիտակցական ընկալման, մեղքի զգացման և քայլ անելու տիրույթում։

Սխալ քայլերի հետևանքները

Խոսենք օրինակներով. ռուսամետ-արևմտամետ՝ միտումնավոր սարքած տոքսիկ բաժանման ֆոնին ուժգնանում են անհանգստությունները՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ Ռուսաստանի հետ տնտեսական առճակատման թեմայով։

Լիդերության խնդիրն է՝ համբերատար և գրագետ բացատրել, թե ո´ր դեպքում կլինեն տնտեսական սանկցիաներ, դրանց պատճառահետևանքային կապը, ինչ դրսևորումներ են դրանք ունենալու, ինչ հետևանքներ են դրանք ունենալու պետության տնտեսության և յուրաքանչյուր ընտանիքի վրա։ Ինչպես խուսափել դրանից։ Այս պարզ հարցերի պարզ պատասխանը հենց սեփական ժողովրդի հետ բաց երկխոսությունն է։ Սա է ազնիվը։

Պետք է բացատրեք սեփական ժողովրդին՝ միրգ-բանջարեղեն աճեցնող գյուղացուն, գյուղմթերք արտահանողին, վաճառողին, մեր դժվար ապրող գյուղացուն, որ Երևանի կաբինետներում տեղավորվածների սխալների պատճառով նրանց եկամտի աղբյուրը մի օրում կարող է փակվել։ Մարդիկ համատարած սա չեն հասկանում, չեն պատկերացնում, չեն հավատում։

Մեր գյուղացին որևէ պատկերացում չունի, որ եթե անպատրաստ լինենք հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա թուրքական գյուղմթերքը լավայի պես հոսելու է երկիր՝ կես գնով, ու դրա հետևանքները մեր գյուղատնտեսության համար կարող են շատ ծանր լինել։

Սահմանների բացմանը երկրի բոլոր ոլորտները նախապատրաստելը տնտեսական անվտանգության լուրջ խնդիր է, ու դա ապահովելը Երևանի կաբինետներում նստածների պարտականությունն է, ինչին նրանք կա´մ մատների արանքով են նայում, կա´մ այլ խնդիր են լուծում։ Այս հարցերի մասին պետք է բաց խոսել։

Որպեսզի փակվի պատերազմի դուռը

Հաջորդ օրինակը. իշխանությունների հիմնական թեզն է՝ Խաղաղություն (մենք) և պատերազմ (մյուս բոլորը)։

Այս այլանդակ սուտ թեզի դիմաց անսպասելիորեն հայտնվեց «Երաշխավորված խաղաղություն» ձևակերպումը։ Սա դարձավ ընդդիմությանը միավորող ձևակերպում, որն ասում են բոլորը՝ անկախ իրենց մրցակցային տրամադրություններից։

Հիմա պետք է համբերատար-ինտենսիվ բացատրել «երաշխավորված խաղաղության» էությունը։ Մեր հին ու նոր լիդերությունը վաղուց չի խոսել սեփական ժողովրդի հետ և լավ չի պատկերացնում մարդկանց իրական մտահոգությունները և մտածողությունը։

Մարդիկ մտածում են, իրար հետ քննարկում, լսում մեդիադաշտում հայտնվող բոլոր խելոք-հիմար մտքերը, մարդիկ մտահոգ են երկրի և իրենց ընտանիքների ճակատագրով։

Մարդիկ համատարած ունեն խոսքի կարիք։ Մի փորձեք խաբել կամ աշխարհի բարիքները խոստանալ։

Ճիշտը մարդկանց ազնվորեն ու համբերատարությամբ բացատրելն է, որ առաջիկայում Ալիևը նոր պահանջներ է դնելու՝ սահմանադրության փոփոխություն, ադրբեջանցիների «վերադարձ», Սևանի զավթում՝ «գյոյչայացում» և այլն։ Այսօրվա համեմատաբար հանդարտ վիճակը երկար չի տևելու. Ալիևը սրելու է և դնի իր պահանջները։ «Երաշխավորված խաղաղությունը» դա թույլ չտալու համար է, այսօրվա «չպատերազմ» վիճակը ճիշտ կառավարելու համար, որ սրացում չլինի, նոր պահանջներ չդրվեն, որ փակվի պատերազմի դուռը։

Այսպես՝ հանդարտորեն, հարգալից ու ազնվորեն պետք է խոսել սեփական ժողովրդի հետ։ Խոսակցությունը հեշտ չի ստացվելու. կլինեն թե´ նյարդային, թե´ հուսահատության, թե´ վիրավորվածության փուլեր, բայց միակ ճիշտ ճանապարհը սա է։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930