«301.1 հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական, այն վերաբերում է այսօր գործող հոդվածին, չի վերաբերում 2008 թվականին գործող հոդվածին: 2008 թվականի փետրվար- մարտ ամիսներին այդ հոդվածն ընդհանրապես գոյություն չի ունեցել քրեական օրենսգրքում: 2008-ին, այսինքն՝ ենթադրյալ արարքի կատարման պահին, գործող հոդվածը եղել է 300-ը»,- այսօր Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստում, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդության հիմքերը ներկայացնելիս, ասաց նրա պաշտպան Արամ Օրբելյանը:
Դահլիճում ներկա տուժողներից մեկը վրդովվեց ու նստած տեղից ռեպլիկ արեց. «Կներես, բա ի՞նչ եղավ 300 հոդվածը»:
Նիստը նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանը նրան սաստեց. «Չենք խոսում տեղից»:
Կարդացեք նաև
Արամ Օրբելյանը շարունակեց. «300 հոդվածով քրեական հետապնդում է հարուցվել այսօրվա կառավարությունում նստած մարդու նկատմամբ, ով որ փախել է, թաքնվել: 7-ի գործով անցնող անձանց հանդեպ է հարուցվել: Ու 2009-ին այս օրենքը փոխելուց հետո ոչ մեկ չի ասել՝ գնանք այդ մարդկանց հանդեպ ուրիշ հոդվածով շարունակենք, դիտարկենք այլ հանցակազմեր, չէ»:
Ըստ Օրբելյանի՝ գոյություն չունեցող 301,1՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածով քննվել է գործը, Ռոբերտ Քոչարյանն արդարացվել է, արդարացման մասով դատավճիռն ուժի մեջ է:
Նիստը նախագահողը հետաքրքրվեց Օրբելյանից՝ արդյոք Վճռաբեկ դատարանը չէ՞ր կարող արձանագրել ու Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմանը օրինական ուժ տար:
«Իրավաբանորե՞ն եք ասում, թե՞ քաղաքական իշխանությունների ճնշումների լույսի ներքո»,- հարցին հարցով պատասխանեց Օրբելյանը: Նիստը նախագահողն էլ հետաքրքրվեց՝ ո՞ր դատարանին նկատի ունի, Օրբելյանը հստակեցրեց՝ Վճռաբեկ դատարանին: Նիստը նախագահողը պատասխանեց, որ գործընկերների մասին չի կարող գնահատական տալ ու հորդորեց հարգալից վերաբերմունք դրսեւորել դատարանի նկատմամբ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

















































