Լրահոս
Օրվա լրահոսը

Հրավիրում եմ բանավեճի՝ Ձեր նախընտրած հեռուստաընկերության ուղիղ եթերում. Գևորգ Գրիգորյանը՝ Անահիտ Ավանեսյանին

Ապրիլ 10,2026 18:55 Share

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, ի թիվս այլնի, անդրադառնալով առողջապահության ոլորտի խնդիրները բարձրաձայնող «Բժշկի Ձայն» նախաձեռնությանը, որը նախարարին մեղադրում էր իրենցից վախենալու ու այդ պատճառով չհանդիպելու մեջ, նշեց. «Ումի՞ց եմ վախենում, ովքե՞ր են, ո՞վ է այդ անձը, ովքե՞ր են իրենք, որ պիտի վախենամ… Մենք ունենք հասարակական կազմակերպությունների հետ աշխատելու տարբեր խողովակներ, ունենք հասարակական խորհուրդ, որի նիստը վերջերս է կայացել։

Հասարակական խորհրդի նիստին ես զեկուցում էի առողջության ապահովագրության համակարգի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, տիկին Անուշ Պողոսյանը ներկա էր այդ նիստին, բայց էլի հարց չբարձրացրեց այս մասով։ Այսօր այստեղ էի, տիկին Կյուրեղյանն էր ներկա, էլի հարց չբարձրացրեց։ Ինձ համար շատ տարօրինակ է, որ որտեղ գալիս եմ հարցերի պատասխանելու, հարց չի բարձրացվում, որովհետև վստահ եմ, որ հարց չկա, իսկ քաղաքական շոուների մասը ձեր կողմից նշված անձանց կողմից են…»։

Լրագրողի դիտարկմանը, որ «Բժշկի Ձայն» նախաձեռնության անդամները պնդում են, թե առողջապահության բյուջեն ընտրություններից հետո չի բավարարելու, Անահիտ Ավանեսյանն այսպես արձագանքեց. «Ցավում եմ, որ բժիշկը կարող է մանիպուլացնել ժողովրդին և պանիկա տարածել, որ մարդիկ մտահոգվեն, թե արդյոք հունիսից հետո համակարգը գործելու է»։

Բժիշկ, «Բժշկի Ձայն» նախաձեռնության անդամ Գևորգ Գրիգորյանն էլ, անդրադառնալով նախարարի հայտարարություններին և նրա կողմից «Բժշկի Ձայն» նախաձեռնության անդամներին «քաղաքական շոու» անելու մեջ մեղադրելուն, գրել էր, որ դա չի համապատասխանում իրականությանը և նախարարի կողմից բնակչությանը մոլորեցնելու և իր ղեկավարած կառույցի սխալ հաշվարկների ու սխալ քաղաքականության վրա հանրության կենտրոնացած ուշադրությունը շեղելու հերթական փորձն է։

Նա ուղիղ եթերում առողջապահության նախարարին բանավեճի հրավեր էր արել։ ««Բժշկի Ձայն» նախաձեռնության ոչ մի անդամ չի մասնակցում ընտրություններին և չի հավակնում պետական բարձր պաշտոն զբաղեցնելուն, մենք բարձրաձայնում ենք այն խնդիրները, որոնցից դուք անձամբ վախենում եք, չեք ուզում առերեսվել։ Եթե պատրաստ եք քննարկման, հրավիրում եմ ձեզ բանավեճի՝ ձեր նախընտրած հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Պետք չէ վախենալ մեզանից, մենք վախենալու չենք, մենք ուղղակիորեն այն խնդիրներն ենք բարձրաձայնում, որոնց պատասխանը դուք այս փուլում չունեք»,- ֆեյսբուքի իր էջում հայտնել է Գևորգ Գրիգորյանը։

 

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930