«Այնպես ստացվեց, որ այս օրերին դատարանից համապատասխան որոշում ստացանք, որ Սամվել Կարապետյանի ապօրինի քրեական վարույթի վերաբերյալ առաջին դատական նիստը տեղի է ունենալու ապրիլի 15-ին՝ ժամը 10։30-ին։ Եթե ունեցանք հնարավորություն, որ Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը վերացվի, կունենանք նվազագույն քաղաքական հնարավորություն Սամվել Կարապետյանի կողմից մասնակցելու «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի ձևավորմանը»,-Ազատության հրապարակում «Ուժեղ Հայաստանի» կողմից անցկացված Միասնության հանրահավաքից և քայլերթից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանը։
Նա, հիշեցնելով, որ նախապես հայտարարել էին, որ այսօր իրենց ամբողջական ցուցակն են ներկայացնելու, բայց քանի որ դրան հաջորդեց այն իրադարձությունը, որ ապրիլի 15-ին դատական նիստ են ունենալու, այդ պատճառով այսօր ցուցակը չներկայացվեց․ «Ժողովրդավարության նվազագույն երաշխիքների պահպանմամբ՝ երկրում չի կարող քաղաքական հայտ ներկայացրած կուսակցության նախագահը հնարավորություն չունենա շփվելու, հարցազրույց ունենալու նախընտական ցուցակի ներկայացուցիչ թեկնածուների հետ։ ՀՀ-ում այսօր այդ իրավիճակն ունենք։ Եվ քանի որ դեռ ժամանակ կա, մինչև ապրիլի 23-ն է ԿԸՀ ցուցակներ ներկայացնելու ժամանակահատվածը, իսկ մենք հույս ունենք, որ այդ հնարավորությունից կկարողանանք օգտվել, այդ պատճառով այսօր ամբողջական ցուցակի վերաբերյալ տվյալները չներկայացվեցին»։
Արամ Վարդևանյանը հայտարարեց՝ այն, որ Հակակոռուպցիոն դատարանում Սամվել Կարապետյանի գործով դատական նիստերի ժամանակ մեր հայրենակիցները դատարանի բակում իրենց սատարումն էին հայտնում նրան, դա շատ կարևոր է․ «Սա ևս մեկ առիթ է, որ իմ, Կարապետյանների, «Ուժեղ Հայաստանի» երախտագիտությունը հայտնենք մեր քաղաքացիներին և տեղեկացնենք, որ ապրիլի 15-ին՝ ժամը 10։30-ին Հակակոռուպցիոն դատարանում՝ նույն հասցեում տեղի է ունենալու Սամվել Կարապետյանի ապօրինի քրեական վարույթի, քաղաքական հետապնդման առաջին դատական նիստը, որի շրջանակներում մենք կունենանք հնարավորություն խափանման միջոցի հարցի քննարկման»։
Գործը մակագրվել է Վահե Դոլմազյանին․ «Ես առանձին ակնկալիք չեմ նշի։ Պարզապես մեկ բան կնշեմ՝ նվազագույն իրավական երաշխիքի գործարկման երաշխիքների պայմաններում տնային կալանքը չափից շուտ պետք է վերացվի»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































