Լրահոս
Օրվա լրահոսը

Հունգարական ընտրությունները պետք է հետաքրքրեն նաև Հայաստանի ընդդիմությանը․ Արմեն Աշոտյան

Ապրիլ 12,2026 17:05 Share

Հունգարիայի ընտրություններին հետևելու 3 պատճառ։

Այսօր Հունգարիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որոնց շուրջ ինտրիգը ոչ միայն ներպետական է, այլև եվրոպական և անգամ գլոբալ։

Առաջին հայացքից մեզ չհետաքրքրող այս իրադարձությանը, սակայն, Հայաստանից հետևելու 3 պատճառ կա։

Առաջինը։ Վիկտոր Օրբանը դեռևս 2012 թ․ից Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ թույլ է տվել անարգանք և խաբեություն՝ Ադրբեջանին արտահանձնելով Ռամիլ Սաֆարովին, թույլ տալով Ալիևին հերոսացնել այդ մարդասպանին, ով հենց Բուդապեշտում խլեց հայ սպա Գուրգեն Մարգարյանի կյանքը։ Եվ բնական է, որ Վիկտոր Օրբանի հնարավոր պարտությունը որոշակի պատմական արդարություն ունի իր մեջ նաև Հայաստանի և հայ ժողովրդի տեսակետից։

Երկրորդը։ Հունգարական ընտրությունները դարձել են եվրոպական և գլոբալ քաղաքական օրակարգի մաս, քանզի Օրբանի կառավարությունը վարում է, մեղմ ասած, եվրոսկեպտիկ քաղաքականություն՝ ընդգծելով և առաջ մղելով ազգային պետությունների ինքնիշխանության խնդիրը Եվրամիության նման վերներպետական կազմակերպության ներսում։

Շատ ցայտուն են արտաքին նախընտրական միջամտությունները ինչպես հօգուտ Օրբանի, այնպես էլ հօգուտ ընդդիմության միասնական թեկնածու Մագյառի։ Հետևաբար, Հայաստանը, որ հայտնվել է խորհրդարանական ընտրությունների նախաշեմին և իր վրա զգում է արտաքին նախընտրական միջամտությունների ողջ պերճանքն ու թշվառությունը չի կարող անտարբեր լինել մեկ այլ երկրում նմանատիպ միջամտություններին։

Եվրոպական ցինիզմը հերթական անգամ ընդգծվում է այս համատեքստում։ Երբ ԱՄՆ փոխնախագահ Վենսը եկել էր Հայաստան և ուղիղ սատարում հայտնել Նիկոլին, այդպիսով իրականացնելով ընտրական միջամտություն ողջ լիբերալ եվրոպական հանրույթը ողջունում էր այդ քայլը։
Սակայն, երբ նույն Վենսը այցելեց Բուդապեշտ և սատարում հայտնեց Օրբանին, լիբերալ եվրոպական հանրույթի մոտ արթնացավ «դեմոկրատական արժեհամակարգային» ճտիկը, և նրանք սկսեցին վայրագ ձևի քննադատել այդ փաստը։

Մենք վաղուց ենք սովոր եվրոպական քաղաքական կրկնակի ստանդարտներին, և այս օրինակը ամենաթարմ ու ցայտուններից է։

Երրորդը։ Հունգարական ընտրությունները պետք է հետաքրքրեն նաև Հայաստանի ընդդիմությանը, քանզի Վիկտոր Օրբանի կառավարման ձևն ավտորիտար է և ամբողջությամբ տեղավորվում է ժամանակակից ոչ լիբերալ կառավարիչների տրամաբանության մեջ։

Իհարկե, լինելով ԵՄ անդամ, Հունգարիան չէր կարող շրջանցել է բոլոր եվրոպական ստանդարտները, որոնք վերաբերում են ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը։

Սակայն Օրբանի և Նիկոլի միջև կառավարման զուգահեռները շատ տեսանելի են հատկապես ավտորիտար ձեռագրի մեջ։ Անշուշտ, Նիկոլը շատ ավելի վայրագ բռնապետ է փորձում դառնալ, քանզի չունի իր վրա եվրոպական ինստիտուցիոնալ զսպաշապիկ, սակայն և՛ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջությամբ տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ, հետևաբար, նման դիկտատորի, նման ավտորիտար կառավարչի հնարավոր պարտությունը և այդ պարտության անատոմիան կարող են հետաքրքիր և օգտակար լինել Հայաստանի ընդդիմությանը։

Իհարկե, Հունգարիայի դեպքում ընդդիմությունը Օրբանին մարտահրավեր է նետել միացյալ կերպով, իսկ Հայաստանում նախընտրական թիմերի է բաժանվել, սակայն, միևնույն է, հետաքրքիր է տեսնել, թե արդյոք այդ մարտավարությունը՝ միացյալ ընդդիմության բռունցքը, կարող է հաղթել ավտորիտար կառավարչին։

Եվ այդ հնարավոր հաղթանակի մեջ ինչպիսի՞ տեխնոլոգիական, քաղաքական, քարոզչական գործիքակազմ է կիրառվել։

Ուստի, հետևենք Հունգարիայում այսօրվա ընտրություններին, որովհետև, ինչպես արդեն ասացի, վերը թվարկած 3 պատճառներով նրանք հետաքրքիր են նաև մեզ համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930