Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականի եւ deepfake-ի արանքում

Ապրիլ 14,2026 10:00 Share

Թերթում եմ համացանցային հարթակների ժապավենը, հանդիպում եմ արտաքինից համեղ ուտելիքի, կամ գրավիչ արտաքինով կնոջ, կամ՝ ինչպես է վագրը ուտում նապաստակին կամ հակառակը: Եվ եթե չեմ խորանում, նկարը դիտելու վայրկյանների ընթացքում ուղեղս չեմ աշխատեցնում, ապա չեմ կարողանում հասկանալ՝ այն իրակա՞ն է, թե՞ ստեղծված է արհեստական բանականության կողմից: Ստացվում է, որ ֆիզիկական, մտավոր, բարոյական, հոգեւոր առանձնահատկություններով մարդ լինելը բացարձակապես պարտադիր չէ: Բավական է լինել արհեստականորեն սարքած պատկեր, ավատար, սիմուլյակր:

Իհարկե, արհեստական բանականությամբ կարելի է սարքել ամեն ինչ, եւ հիմա քաղաքական քարոզիչները լայնորեն դա օգտագործում են, իսկ վաղը հարյուրապատիկ ավելի շատ կօգտագործեն: Բացում եմ TikTok-ը, եւ իսկույն «դեմքիս է թռչում» Փաշինյանը՝ իր սնունդի հերթական չափաբաժինն ընդունելիս: Եվ արդեն չգիտեմ՝ դա իրակա՞ն է, թե՞ սարքած, եւ, եթե սարքած է, ապա՝ «ուզողների՞», թե՞ «չուզողների» կողմից: Բայց, բոլոր դեպքերում, ես նրան իմ էջ «չէի հրավիրել», նման տեսարաններ երբեք չեմ փնտրել՝ հակագեղագիտական դրսեւորումները, ինչպես նաեւ ընտանեկան դաստիարակության բացերի ցուցադրումը, բացարձակապես սրտովս չի: Ինչ արած, երեւի, սոցիալական ցանցերի ալգորիթմների առանձնահատկությունն է:

Իսկ շաբաթ օրն ինձ վրա ճիշտ նույն ձեւով «թռավ» մի պապիկ՝ ՔՊ-ի պատկերացրած «ժողովրդի» կերպարը մարմնավորող, եւ սկսեց խոսել այն մասին, թե որքան իրավացի է Փաշինյանը, երբ ասում է, որ «արցախցիները փախել են»: Ճղճիմ, կեղտոտ, անպատկառ ելույթ էր, որը, եթե նորմալ իրավապահ համակարգ ունենայինք, կարժանանար համապատասխան վերաբերմունքի՝ որպես ատելության խոսքի տարածում: Քիչ անց լուրեր տարածվեցին, որ այդ տեսագրությունը ստեղծվել է արհեստական բանականության կողմից: Այդ ենթադրությունն ինչ-որ տեղ հասկանում եմ. նման ելույթները դուրս են մարդկային որեւէ պատկերացումից: Հետո պարզվեց, որ ոչ՝ իրական դեմք է:

Բայց դա այնքան էլ կարեւոր չէ, որովհետեւ այդ՝ գուցեեւ իրական մարդիկ ապրում են կեղծ՝ սոցցանցային իրականության մեջ, եւ պատրաստ են հավատալ ցանկացած հրեշավոր անհեթեթության: Օրինակ, որ 18-ամյա Դավիթ Մինասյանն ուզում էր «հոկտեմբերի 27 սարքել», որ կաթողիկոսն ուզում էր փախցնել Էջմիածնի գանձերը, որ առանց քաղաքական եւ ռազմական աջակցության, միայնակ մնացած արցախցիները կարող էին դիմադրել թուրք-ադրբեջանական բանակին: Կամ գուցե այդպես մտածողները գերադասում են, որ տասնյակ հազարավոր մարդիկ նույնպես սպանվեի՞ն:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Կարծում եմ, ինչքան շատ ենք սեւ գայլին կերակրում, այնքան սպիտակ գայլը սոված է մնում 🙂 Նույնիսկ ազգային նորմալ քաղաքական հասարակական գործիչների ու նորմալ լրագրողների հոդվածներում ու հոլովակներում մեկ մեր սահմանամերձ քոչվորների սեւ գայլերի նկարներն են, մեկ մեր երկրի ներսի սեւ գայլերի նկարներն են, նրանց զառանցանքները, իբր զոմբի չեն, այլ որոշում կայացնող են: Կարծում եմ, պետք է լիակատար հրաժարվել սեւ գայլերին կերակրելուց եւ խոսել ու ցուցադրել միմիայն մեր հերոս ժողովրդի ու մեր հերոսների մասին եւ մյուս հերոս ժողովուրդների ու նրանց հերոսների մասին: Վերականգնենք հավատը մենք մեր հանդեպ եւ մեր Արարչի հանդեպ: ՄԻԱՑՈ՛ՒՄ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930