«Խափանման միջոցի ընտրությունը որեւէ խնդիր չի լուծում, գործն ինքնին քաղաքական գործ է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանը՝ անդրադառնալով իր խափանման միջոցի վերաբերյալ այսօր դատարանի կայացրած որոշմանը:
Նրա խոսքով՝ իրեն կալանավորելու ցանկությունը դատախազինը չէր, դա համակարգված ու պատվիրակված մոտեցում է:
Անդրադառնալով ՔՊ-ի նախընտրական ծրագրին, որի 10-րդ կետով նախատեսում են ընտրություններից հետո հանգստի կոչել եկեղեցու պետին ու կաթողիկոսի նոր ընտրություններ նշանակել՝ Արշակ սրբազանն ասաց. «Նախընտրական ծրագրում այդպիսի թեզ ամրագրելը, դժվարանում եմ մեղմ գնահատական գտնել, ամենամեղմը թերեւս այն է, որ դա հակասահմանադրական ու հակաօրինական դրույթ է: Երկրի որեւէ իշխանություն նման գործառույթներով օժտված չէ: Բայց մխիթարականն այն է, որ 2021-ի նախընտրական ծրագրի դրույթների մեծ մասը չեն իրագործել: Այդ կետն իրենց լիազորությունների տիրույթում չէ, ու նման ռեսուրս չունեն այդպիսի խնդիր լուծելու համար, դա ներեկեղեցական հարց է»:
Արշակ սրբազանը եկեղեցուն վերաբերող այդ դրույթում այլ ուղերձ էլ է տեսնում. «Մարդիկ ուղիղ տեքստով ասում են՝ նրանք, ովքեր եկեղեցու հետեւորդներ են, մեզ մի ընտրեք: Տարրական մտածելու ունակությունը մարդկանց պետք է զերծ պահեր այդպիսի նախընտրական դրույթ ծրագրում ընդգրկելուց»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված Արման Սարոյանին, որին Նիկոլ Փաշինյանը «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ է նշանակել, Արշակ սրբազանն ասաց. «Ավելի մեծ վնաս, որ ինքը տվեց իրեն, ոչ մի թշնամի չէր կարող տալ իրեն: Այդ մարդուն, որը հեռացված է եկեղեցուց, ընդգրկել եկեղեցական ծառայության մեջ, նույնն է, որ շարքային ՔՊ-ականին նշանակես հոգեւոր ծառայության: Սա հերթական միջամտությունն է եկեղեցական գործերին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































