Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմի սպառնալիքը Փաշինյանն ընտրություններում որպես հաղթաթուղթ է օգտագործում, եւ զարմանում են, երբ ասում ենք, որ Ալիեւի սրտի վարչապետն է»

Ապրիլ 17,2026 10:44 Share

«Սիրելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանին հաջողվեց 2021-ին ձեզ մոլորեցնել, 2026-ին է՞լ եք մոլորվելու, վստահ եմ, որ ոչ»,- ԱԺ նստաշրջանում կառավարության 2021-2026 թվականների ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն այսօր ասում են, թե Հայաստանում ու նրա շուրջ ձեւավորված իրավիճակը խաղաղություն է։ «Իրենց հիմնավորումն այն է, որ սահմաններին կրակոցներ չկան։ Հարյուրամյա պատերազմի օրերին էլ անգլիացիներն ու ֆրանսիացիներն ամեն օր հո չէին կռվում, պատերազմի ժամանակ կար հանդարտ դարաշրջան եւ շատ երկար։ Պատերազմը վերջանում է, երբ պատերազմը ծնած պատճառն է հանգուցալուծվում։ Պետք է ընդունենք, որ այս իրավիճակը խաղաղություն չէ, որպեսզի ձգտենք իրական խաղաղության, խաղաղություն, որը կապահովի հակամարտող կողմերի կենսական շահերի պաշտպանությունը։ Մենք դեմ չենք խաղաղությանը, ինչպես փորձում է ներկայացնել ՔՊ-ական գեբելսյան քարոզչությունը։ Մենք դեմ ենք Նիկոլ Փաշինյանին ու հենց այն պատճառով, որ ինքն ունակ չէ խաղաղություն հաստատել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Արթուր Խաչատրյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե եթե ընդդիմությունը գա իշխանության ու ուզենա վերաբանակցել, կլինի պատերազմ։ «Հաստատված, ստորագրված որեւէ թուղթ չկա, պետությունները բանակցում են, իրենց ազգային շահերն են փորձում պահպանել։ Դուք չեք ընդունում, որ միջազգային հարաբերություններում կան փոխզիջումային լուծումներ։ Հենց հակամարտության կողմերից մեկն անհամաձայնություն հայտնեց, կլինի պատերազմ։ Դա միայն մեկ դեպքում է լինում, երբ պարտադրում են անվերապահ կապիտուլյացիա։ Նոր պատերազմի սպառնալիքը Փաշինյանն ընտրություններում որպես հաղթաթուղթ է օգտագործում։ Եվ զարմանում են, երբ ասում ենք՝ Փաշինյանն Ալիեւի սրտի վարչապետն է»,- ասաց նա։

Արթուր Խաչատրյանը նշեց, որ իշխանություններն արդեն հայտարարել են, թե Ադրբեջանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը․ «Ումի՞ց է երաշխավորում, չեն ասում։ Այնպես որ, շատ չզարմանաք, եթե վաղը Ադրբեջանի ասկյարները գան, որ Հայաստանի անվտանգությունը երաշխավորեն»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930