Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովի ուղերձը «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա» առթիվ
Սիրելի հայրենակիցներ, հարգելի միջազգային գործընկերներ,
Ապրիլի 18-ին աշխարհը նշում է «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը», որը սահմանվել է Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային խորհրդի (ԻԿՕՄՈՍ) նախաձեռնությամբ և հաստատվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանսում 1983 թվականին։ Այս օրը կոչված է ոչ միայն արժևորելու մարդկության մշակութային ժառանգությունը, այլև բարձրաձայնելու դրա դեմ ուղղված հանցագործությունները, որոնք հաճախ մնում են անպատիժ։
Արցախի մշակութային ժառանգությունը հանդիսանում է համամարդկային քաղաքակրթության անբաժանելի մաս։ Դարերի ընթացքում ստեղծված եկեղեցիները, վանքերը, խաչքարերը, ամրոցներն ու բնակավայրերը ոչ միայն հայկական ինքնության վկայություններ են, այլև համաշխարհային մշակութային արժեքներ։ Սակայն այսօր մենք կանգնած ենք դառը իրականության առաջ, երբ այդ ժառանգությունը համակարգված կերպով ենթարկվում է ոչնչացման։
Կարդացեք նաև
Պետք է հստակ արձանագրել, որ 1918 թվականից ի վեր Ադրբեջան անունով արհեստածին կազմավորման կողմից իրականացվում է մշակութային ցեղասպանության հետևողական քաղաքականություն թե՛ Արցախում, թե՛ Նախիջևանում։ Տասնամյակների ընթացքում ոչնչացվել են հազարավոր հուշարձաններ՝ եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմանատներ և պատմական համալիրներ, որոնք ունեցել են ոչ միայն ազգային, այլև համամարդկային նշանակություն։ Այս քաղաքականությունը չի եղել պատահական կամ տեղային՝ այն եղել է ծրագրված, համակարգված և ուղղված ամբողջական մշակութային ժառանգության վերացմանը։
Այս փաստերի համադրությունը վկայում է մի իրականության մասին, որը միջազգային հանրությունը չի կարող անտեսել։ Մշակութային արժեքների դիտավորյալ ոչնչացումը, պատմության խեղաթյուրումն ու ժառանգության յուրացման փորձերը հակասում են քաղաքակիրթ աշխարհի բոլոր սկզբունքներին։ Երբ պետությունը հետևողականորեն ոչնչացնում է մշակութային արժեքներ, դա բնութագրում է նրա վերաբերմունքը ոչ միայն այլ ժողովուրդների, այլև համաշխարհային քաղաքակրթության նկատմամբ։
Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է, որ միջազգային կառույցները և մասնագիտական հանրույթը ցուցաբերեն սկզբունքային դիրքորոշում։ Մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող դիտարկվել որպես քաղաքական վեճի մաս․ դա հանցագործություն է մարդկության դեմ, որը պահանջում է հստակ արձագանք և կանխարգելիչ մեխանիզմներ։
Մենք կոչ ենք անում փաստագրել, գնահատել և միջազգային հարթակներում ներկայացնել Արցախի և Նախիջևանի մշակութային կոթողների ոչնչացման բոլոր դեպքերը՝ ապահովելով դրանց իրավական և մասնագիտական գնահատականը։ Անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել՝ մնացած հուշարձանների պահպանությունն ապահովելու համար։
Այս օրը թող դառնա ոչ միայն հիշատակի և արժևորման, այլև պահանջատիրության օր։ Մշակութային ժառանգությունը մարդկության հավաքական հիշողությունն է, և դրա նկատմամբ ցանկացած ոտնձգություն հարված է մեր ընդհանուր ապագային։


















































