Մինչ միջազգային անկախ հետազոտողները և հայ մասնագետները փաստագրում են Արցախի հայաթափումը, իսկ արբանյակային պատկերները բացահայտում հայկական քաղաքակրթական ներկայության համակարգված ոչնչացումը, Ադրբեջանը Հայաստանում ներկայանում է խաղաղության ջատագովի դերում։
Մինչ աշխարհի անկախ փաստահավաք առաքելությունները, իրավապաշտպան կազմակերպություններն ու գիտական կենտրոնները փաստագրում են Արցախի հայ բնակչության բռնի տեղահանությունը, Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը և դրա շարունակվող հետևանքները, մինչ արբանյակային լուսանկարները մեկը մյուսի հետևից արձանագրում են հայկական եկեղեցիների, հուշարձանների, գերեզմանոցների ու հիշատակի վայրերի նպատակաուղղված ոչնչացումը, Ադրբեջանի ներկայացուցիչներն իրենց իրավունք են վերապահում հանդես գալ որպես խաղաղության, վստահության և ժողովուրդների միջև փոխըմբռնման ջատագովներ։
Սա պարզապես քաղաքական հակասություն չէ։ Սա մեր ժամանակի ամենաաղաղակող բարոյական ու քաղաքական անհամապատասխանություններից մեկն է։
Ավելին՝ Ադրբեջանի գործողություններն ու վարքագիծը հիմք չեն տալիս հավատալու, որ Բաքուն երբևէ ունեցել է կամ այսօր ունի իրական խաղաղության օրակարգ։ Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական կարգախոս, որը կիրառվում է միջազգային հանրության առաջ բարենպաստ պատկեր ստեղծելու, սեփական քաղաքականությունը լեգիտիմացնելու և հայկական կողմի նկատմամբ ճնշումները շարունակելու համար։ Խաղաղության իրական օրակարգը պետք է արտահայտվի գործնական քայլերով, իրավունքների հարգմամբ, պարտավորությունների կատարմամբ և պատասխանատվությամբ։ Ադրբեջանի պարագայում, սակայն, արձանագրվող իրողությունները հակառակն են վկայում։
Կարդացեք նաև
2024 թվականի նոյեմբերի 11-ին Freedom House-ը և միջազգային վեց գործընկեր կազմակերպություններ հրապարակեցին «Ինչո՞ւ հայեր չկան Լեռնային Ղարաբաղում» խորագրով փաստահավաք զեկույցը։ Միջազգային առաքելության եզրակացությամբ՝ Ադրբեջանի իշխանություններն իրականացրել են Արցախի հայ բնակչությանը հայրենիքից հեռացնելու նպատակային էթնիկ զտման քաղաքականություն։
Զեկույցը հիմնված է 330 վկայի հարցազրույցների վրա, որոնք ներկայացնում էին Արցախի 107 համայնքներից 71-ը։ Այն փաստագրում է ռազմական հարձակումը, շրջափակումը, բռնի տեղահանությունը, մարդու իրավունքների խախտումները և տեղահանումից հետո հայկական պատմական ու մշակութային ներկայության վերացման քաղաքականությունը։
Սակայն Արցախի հայաթափմամբ այդ գործընթացը չի ավարտվել։
Քորնելի և Փերդյուի համալսարանների հետազոտողների հիմնադրած Caucasus Heritage Watch անկախ գիտական նախաձեռնությունը արբանյակային պատկերների միջոցով շարունակում է մշտադիտարկել Արցախի հայկական մշակութային ժառանգության վիճակը։
Հետազոտողների փաստագրած դեպքերն այլևս թույլ չեն տալիս հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը ներկայացնել որպես առանձին, պատահական միջադեպերի ամբողջություն։
2026 թվականի ապրիլի 22-ին Caucasus Heritage Watch-ը արբանյակային պատկերների միջոցով հաստատեց Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր եկեղեցու ոչնչացումը, որի մասին մինչ արբանյակային լուսանկարների հրապարակումը ահազանգել էր Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։
Մայիսի 4-ին նույն հետազոտական նախաձեռնությունը հրապարակեց Ստեփանակերտի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ոչնչացման փաստը։ Airbus և Planet ընկերությունների արբանյակային պատկերների համադրությամբ պարզվել էր, որ հուշահամալիրը ոչնչացվել է 2025 թվականի հուլիսի 14-ից մինչև 2026 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում։ Նույն հրապարակմամբ փաստագրվել էր նաև Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացումը։
Սրանք ոչ թե ենթադրություններ են, այլ անկախ գիտական մշտադիտարկման արդյունքներ։
Այսպիսով, տեղի է ունենում մի գործընթաց, որի ընթացքում մի կողմից հայ ժողովուրդը զրկվել է Արցախում՝ իր պատմական հայրենիքում ապրելու հնարավորությունից, մյուս կողմից շարունակվում է հայկական պատմական ներկայության նյութական վկայությունների վերացումը։
Եվ հենց այս իրականության ֆոնին է, որ այսօր Հայաստանում հյուրընկալվում են Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում։
Կարելի՞ է խաղաղության ջատագով ներկայանալ՝ միաժամանակ չպատասխանելով սեփական պետության իրականացրած էթնիկ զտման, հայ ժողովրդի բռնի տեղահանության և հայկական մշակութային ժառանգության շարունակվող ոչնչացման համար։
Առանձին ուշադրության է արժանի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված այսպես կոչված «Խաղաղության պայմանագրի» բովանդակությունը։ Փաստաթղթում որևէ հստակ դրույթ նախատեսված չէ ո՛չ Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների ազատ արձակման, ո՛չ Արցախի հայ բնակչության՝ իր պատմական հայրենիք վերադառնալու իրավունքի ապահովման, ո՛չ էլ Ադրբեջանի կողմից ոչնչացվող հայկական մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ։
Այս հանգամանքը լուրջ հարցեր է առաջացնում փաստաթղթի՝ իրական խաղաղություն ապահովելու կարողության և դրա բովանդակային ամբողջականության վերաբերյալ։ Խաղաղության մասին խոսել՝ միաժամանակ անտեսելով հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող այս հիմնախնդիրները, նշանակում է շրջանցել հակամարտության չլուծված առանցքային հետևանքները։ Ավելին՝ նման մոտեցումը կարող է ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ հայկական կողմը զրկվում է իր իրավունքների պաշտպանության արդյունավետ քաղաքական և իրավական երաշխիքներից։
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՈՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՒՄ Է ԲԱՔՈՒՆ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների շփումները սկսվել են դեռևս 2025 թվականի հոկտեմբերին՝ Երևանում։ Դրան հաջորդել են հանդիպումներ Բաքվում և 2026 թվականի ապրիլին՝ Ադրբեջանի Գաբալա քաղաքում։
Սակայն նախաձեռնության ընթացքը բացահայտել է մի կարևոր հանգամանք. կողմերի միջև հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքները լուրջ հարցականի տակ են։
Հատկապես ուշագրավ է 2026 թվականի սեպտեմբերյան դրվագը։
Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը Գանձասարի և Դադիվանքի հայկական վանական համալիրները ներկայացրել էր որպես Կովկասյան Աղվանքի քրիստոնեական ժառանգություն։
Հայկական պատվիրակության հինգ ներկայացուցիչներ՝ Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը, հրապարակայնորեն քննադատել էին հայկական մշակութային ժառանգության նման ներկայացումը։
Դրանից հետո ադրբեջանական խմբի ներկայացուցիչները հանդես եկան հակադարձ հայտարարությամբ՝ քննադատելով Հայաստանում ծավալված հանրային արձագանքը։
Իսկ Հայաստանում նախատեսված հերթական հանդիպումը հետաձգվեց ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։
Այժմ ադրբեջանական պատվիրակությունը կրկին Հայաստանում է։
Այս հաջորդականությունը մեկ կարևոր հարց է առաջացնում. արդյո՞ք մենք գործ ունենք երկու հավասար կողմերի երկխոսության հետ, թե՞ մի գործընթացի, որտեղ Բաքուն իրեն իրավունք է վերապահում որոշել՝ երբ, ինչ պայմաններով և ինչ օրակարգով է շարունակվելու երկխոսությունը։
Երբ հայկական կողմը բարձրացնում է հայկական ժառանգության յուրացման հարցը, դա դառնում է ադրբեջանական դժգոհության առարկա։ Երբ Բաքվին ինչ-որ բան ձեռնտու չէ, հանդիպումը հետաձգվում է։ Իսկ հետո գործընթացը շարունակվում է այնպես, կարծես որևէ խնդիր չի եղել։
Սա փոխադարձ վստահության կառուցում չէ։
Սա երկխոսության անվան տակ միակողմանի քաղաքական պայմաններ թելադրելու վտանգավոր նախադեպ է։
Ավելին՝ նման գործելակերպը ցույց է տալիս, որ Բաքվի համար երկխոսությունը ոչ թե փոխադարձ զիջումների, խնդիրների լուծման և խաղաղ համակեցության հասնելու միջոց է, այլ սեփական օրակարգն առաջ մղելու քաղաքական գործիք։ Իրական խաղաղության ձգտող պետությունը չի կարող խուսափել սեփական գործողությունների քննադատությունից, առավել ևս՝ չի կարող մյուս կողմից պահանջել լռություն՝ որպես երկխոսությունը շարունակելու նախապայման։
ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԹԵՄԱ ՉԷ
Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու յուրացումը պարզապես հուշարձանների պահպանության խնդիր չէ։
Այն ուղղված է մի ամբողջ ժողովրդի պատմական ներկայության, ինքնության, հիշողության և քաղաքակրթական շարունակականության դեմ։
Երբ ոչնչացվում է հայկական եկեղեցին, երբ պղծվում կամ վերացվում են հայկական գերեզմանոցները, երբ հայկական վանական համալիրները ներկայացվում են որպես այլ ժողովրդի պատմական ժառանգություն, տեղի է ունենում ոչ միայն մշակութային արժեքի կորուստ, այլև պատմության վերաշարադրման և ազգային ինքնության նյութական հետքերի վերացման գործընթաց։
Ավելին՝ Արցախի հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող քաղաքականությունը չի կարելի դիտարկել որպես ժամանակային կամ աշխարհագրական առումով սահմանափակ գործընթաց։ Դրա պատմական արմատները շատ ավելի խորն են և առնչվում են հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման՝ տասնամյակներ շարունակվող քաղաքականությանը, որի հետևանքները տեսանելի են նաև Արևմտյան Հայաստանում և Նախիջևանում։ Այս համատեքստում Արցախում տեղի ունեցողը պետք է դիտարկել որպես հայկական պատմական ներկայության նյութական հետքերի վերացման ավելի լայն գործընթացի շարունակություն։
Հատկանշական է նաև, որ ստեղծված անպատժելիության մթնոլորտը նպաստում է նման գործողությունների շարունակականությանը։ Երբ մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը չեն հանգեցնում համապատասխան միջազգային իրավական գնահատականի և պատասխանատվության մեխանիզմների գործարկման, Ադրբեջանը հնարավորություն է ստանում շարունակելու այդ քաղաքականությունը՝ առանց գործուն հակազդեցության։
Խնդիրը, սակայն, չի սահմանափակվում Արցախի տարածքով։ Հայաստանի Հանրապետության այն հատվածներում, որոնք ժամանակավորապես բռնազավթված են ադրբեջանական զինված ուժերի կողմից, նույնպես արձանագրվում են հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունների մտահոգիչ դեպքեր։ Մասնավորապես, հանրային ուշադրության կենտրոնում է հայտնվել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրում Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանի ոչնչացման վերաբերյալ տարածված տեղեկատվությունը։
Այս հանգամանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայկական մշակութային ժառանգության պաշտպանության հարցը պետք է դիտարկել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության անվտանգության և ազգային ժառանգության պահպանության համատեքստում։ Մշակութային արժեքների նկատմամբ նման գործողությունները պահանջում են անհապաղ փաստագրում, անկախ ուսումնասիրություն և համապատասխան իրավական գնահատական։
Հետևաբար, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը չի կարող սահմանափակվել միջազգային կառույցներին ուղղված հերթական դիմումներով կամ առանձին հուշարձանների վերաբերյալ հայտարարություններով։
Այն պահանջում է շարունակական փաստագրում, արբանյակային մշտադիտարկում, միջազգային իրավական գնահատական, անկախ փորձագիտական ուսումնասիրություն և պատասխանատվության հստակ մեխանիզմներ։
Հատկապես կարևոր է, որ այդ հարցերը ներառվեն հայ-ադրբեջանական ցանկացած հասարակական երկխոսության օրակարգում։
Որովհետև եթե մի կողմը ոչնչացնում է մյուսի պատմական ներկայության վկայությունները, իսկ հետո առաջարկում է խոսել վստահության մասին՝ առանց այդ գործողությունների պատասխանատվության հարցը քննարկելու, ապա նման երկխոսությունը չի կարող հավակնել իրական խաղաղության հիմք դառնալու։
Ավելին՝ խաղաղության մասին խոսակցությունները չեն կարող փոխարինել Ադրբեջանի գործողությունների իրական գնահատականին։ Քանի դեռ Բաքուն շարունակում է ժխտել հայկական պատմական ներկայությունը, յուրացնել հայկական մշակութային ժառանգությունը և չվերացնել Արցախի հայաթափման հետևանքները, նրա խաղաղասիրական հայտարարությունները չեն կարող ընկալվել որպես իրական խաղաղության քաղաքականության ապացույց։
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ ԽՈՍԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ
Մենք սկզբունքորեն դեմ չենք հասարակությունների միջև շփումներին։ Ընդհակառակը՝ հայ և ադրբեջանական հասարակությունների միջև ուղիղ խոսակցությունը կարող է անհրաժեշտ լինել ապագա խաղաղության համար։
Բայց այդ շփումները չեն կարող կտրված լինել իրականությունից։
Չի կարելի հայկական հասարակությունից ակնկալել վստահություն, երբ Արցախի բնակչությունը զրկվել է իր հայրենիք վերադառնալու իրական հնարավորությունից, երբ Ադրբեջանում պահվում են հայ գերիներ, երբ հայկական մշակութային ժառանգության պատկանելությունը կասկածի տակ է դրվում, իսկ դրա ոչնչացումը շարունակվում է։
Չի կարելի նաև առանձին հասարակական խմբերի մասնակցությունը ներկայացնել որպես հայ ժողովրդի քաղաքական համաձայնություն։
Ոչ մի հասարակական նախաձեռնություն չունի Հայաստանի հասարակության անունից ազգային հարցերի վերաբերյալ համաձայնություն տալու կամ հանրային դիրքորոշումը փոխարինելու մանդատ։
Հասարակական երկխոսության մասնակիցները պարտավոր են հաշվետու լինել սեփական հասարակությանը։ Նրանք պետք է հստակ ներկայացնեն իրենց օրակարգը, քննարկումների արդյունքները, ձեռք բերված պայմանավորվածությունները և այն հարցերը, որոնց շուրջ հայկական կողմը սկզբունքային դիրքորոշում է արտահայտել։
Իսկ եթե նման հաշվետվողականություն չկա, հասարակությունն իրավունք ունի հարցնելու՝ ո՞ւմ շահերն են ներկայացվում այդ հանդիպումներում։
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐՄԱՄԲ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ
Արցախը անցյալ չէ։
Արցախի հայ բնակչության իրավունքները, բռնի տեղահանվածների վերադարձի հարցը, գերիների ազատ արձակումը, սեփականության իրավունքները և հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը ներկա ու չլուծված խնդիրներ են։
Դրանք չեն կարող անհետանալ միայն այն պատճառով, որ երկու երկրների ներկայացուցիչները նստել են նույն սեղանի շուրջ։
Արցախահայության վերադարձի իրավունքը որևէ պետության բարի կամքի կամ քաղաքական բարեհաճության հարց չէ։ Այն հիմնարար իրավունք է, որը պետք է պաշտպանվի միջազգային իրավունքի շրջանակում։
Նույն կերպ, հայկական մշակութային ժառանգության պահպանությունը չի կարող կախված լինել Ադրբեջանի իշխանությունների կամքից։
Այդ ժառանգությունը պատկանում է ոչ միայն հայ ժողովրդին, այլև համամարդկային քաղաքակրթությանը։ Դրա ոչնչացման դեմ պայքարը միջազգային հանրության պատասխանատվությունն է։
Հետևաբար, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հարցը չի կարող դուրս մնալ հայ-ադրբեջանական որևէ հասարակական երկխոսությունից։
Այս ամենի պայմաններում հատկապես մտահոգիչ է, որ խաղաղության գործընթացի շրջանակում առաջնային նշանակություն ունեցող հարցերը շարունակում են մնալ առանց հստակ լուծումների։ Գերիների և պատանդների ազատ արձակումը, արցախահայության անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքի իրացումը և հայկական մշակութային ժառանգության պահպանության միջազգային երաշխիքների ապահովումը չեն կարող դիտարկվել որպես երկրորդական կամ հետագայում քննարկման ենթակա հարցեր։
Առանց այս խնդիրների լուծման խաղաղության մասին ցանկացած քաղաքական հայտարարություն մնում է թերի, քանի որ իրական խաղաղությունը ենթադրում է ոչ միայն ռազմական գործողությունների բացակայություն, այլև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանություն, պատմական արդարության վերականգնում և մշակութային ժառանգության պահպանություն։
Այստեղ անհրաժեշտ է արձանագրել սկզբունքային մի հանգամանք. խաղաղության օրակարգը չի որոշվում հայտարարությունների քանակով, միջազգային հարթակներում հնչեցվող գեղեցիկ ձևակերպումներով կամ երկխոսության մասնակիցների հանդիպումների հաճախականությամբ։ Այն որոշվում է պետության իրական գործողություններով։
Եթե պետությունը շարունակում է իր հարևան ժողովրդի նկատմամբ թշնամական քաղաքականությունը, չի վերացնում բռնի տեղահանության հետևանքները, չի ազատում պահվող գերիներին, չի երաշխավորում վերադարձի իրավունքը և շարունակում է ոչնչացնել ու յուրացնել այդ ժողովրդի մշակութային ժառանգությունը, ապա նրա խաղաղասիրական հայտարարությունները չեն կարող հիմք հանդիսանալ իրական խաղաղության գոյության մասին եզրակացության համար։
Ադրբեջանի պարագայում խնդիրը միայն այն չէ, որ նրա հայտարարություններն ու գործողությունները հակասում են միմյանց։ Խնդիրն այն է, որ նրա պետական քաղաքականության մեջ խաղաղության իրական բովանդակությունը փոխարինված է հայկական կողմի իրավունքների ժխտմամբ, պատմական հիշողության վերացմամբ և սեփական առավելապաշտական օրակարգի առաջմղմամբ։
ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Եթե «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունն իրականացվում է երկու երկրների պաշտոնական աջակցությամբ, ապա Հայաստանի իշխանությունները պարտավոր են հանրությանը ներկայացնել՝
- Ի՞նչ սկզբունքներով են ընտրվել հայկական պատվիրակության մասնակիցները։
- Ո՞վ է սահմանել հայկական կողմի օրակարգը։
- Ի՞նչ կոնկրետ արդյունքներ են արձանագրվել նախորդ հանդիպումներում։
- Ինչպե՞ս են պաշտպանվել հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները։
- Ինչո՞ւ է ադրբեջանական կողմին վերապահված եղել Հայաստանում նախատեսված հանդիպումը միակողմանիորեն հետաձգելու հնարավորությունը։
- Ի՞նչ մեխանիզմներ կան՝ ապահովելու հայկական հասարակության տեղեկացվածությունն ու մասնակիցների հաշվետվողականությունը։
- Եվ ամենակարևորը՝ արդյո՞ք այդ նախաձեռնության շրջանակում բարձրացվել են Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքի, Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման և հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դադարեցման հարցերը։
Այս հարցերը որևէ մեկի դեմ ուղղված անձնական մեղադրանքներ չեն։ Դրանք պետական և հանրային պատասխանատվության հարցեր են։
Հայաստանի իշխանությունները չեն կարող հասարակական երկխոսության անվան տակ շրջանցել ազգային շահերի պաշտպանության իրենց պարտականությունը։
Ի՞ՆՉ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
Մենք ուզում ենք խաղաղություն, բայց ոչ այնպիսի խաղաղություն, որի նախապայմանը սեփական պատմության մոռացությունն է։
Մենք ուզում ենք հարևան ժողովուրդների միջև բնականոն հարաբերություններ, բայց ոչ հայկական ինքնության, պատմական իրավունքների և ազգային արժանապատվության հաշվին։
Մենք ուզում ենք երկխոսություն, բայց ոչ այնպիսի երկխոսություն, որտեղ մի կողմը կարող է յուրացնել մյուսի պատմությունը, ոչնչացնել նրա մշակութային ժառանգությունը, իսկ հետո ներկայանալ որպես խաղաղության ուսուցիչ։
Մենք ուզում ենք, որ հայ և ադրբեջանական հասարակությունների միջև ցանկացած շփում ծառայի իրական խաղաղությանը, ոչ թե դառնա Ադրբեջանի պետական քաղաքականության միջազգային լեգիտիմացման գործիք։
Ադրբեջանական պատվիրակության՝ Հայաստանում հյուրընկալվելը ինքնին խնդիր չէ։ Խնդիրն այն է, թե ինչ քաղաքական ու բարոյական բովանդակություն է դրվում այդ հանդիպումների մեջ։
Եթե խոսում ենք խաղաղությունից, ապա պետք է խոսենք նաև ճշմարտությունից։
Եթե խոսում ենք վստահությունից, ապա պետք է խոսենք պատասխանատվությունից։
Եթե խոսում ենք ապագայից, ապա չպետք է լռենք ոչնչացվող անցյալի մասին։
Եվ վերջապես՝ եթե խոսում ենք հայ ժողովրդի անունից, ապա պարտավոր ենք առաջին հերթին պաշտպանել նրա իրավունքները։
Ադրբեջանը երբեք չի ունեցել իրական խաղաղության օրակարգ։ Նրա քաղաքական գործողությունները տասնամյակներ շարունակ ցույց են տվել, որ հայկական կողմի նկատմամբ ճնշումը, պատմական իրավունքների ժխտումը, հայկական մշակութային ժառանգության յուրացումն ու ոչնչացումը ոչ թե պատահական շեղումներ են, այլ հետևողական քաղաքականության դրսևորումներ։
Ադրբեջանը խաղաղության օրակարգ չունի նաև այսօր։ Եվ չի կարող ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ չի հրաժարվել այդ քաղաքականությունից, չի ճանաչել ու հարգել հայ ժողովրդի իրավունքները, չի ստանձնել պատասխանատվություն իր գործողությունների համար և չի ձեռնարկել դրանց հետևանքները վերացնելու իրական քայլեր։
Խաղաղությունը չի կարող կառուցվել միակողմանի զիջումների, պատմական հիշողությունից հրաժարվելու, ազգային իրավունքների լռելյայն զոհաբերման և անպատժելիության պայմաններում։
Ուստի անհրաժեշտ է հստակ տարանջատել խաղաղության մասին քաղաքական հայտարարությունները խաղաղության իրական ձգտումից։ Առաջինը կարող է ծառայել քարոզչական նպատակների, իսկ երկրորդը պահանջում է կոնկրետ գործողություններ, փոխադարձ հարգանք և պատասխանատվություն։
ԱՐՑԱԽԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԸ ՈՉՆՉԱՑՆՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ԴԵՌԵՎՍ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԷ։ ԻՐԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԻՄՆՎԱԾ ԵՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ, ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ, ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՐԳԱՆՔԻ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՎՐԱ։
Վաչե ՄԿՐՏՉՅԱՆ, անկախ լրագրող, Գորիս
Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ, Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն



















































