«Կառավարության ծրագրի զեկույցը հակասում է կառավարության 2021-2026 թվականների ծրագրին, այս իշխանությունները Արցախի ինքնորոշման, հետագայում նաեւ դեօկուպացիայի կողմնակիցներ էին, բայց արել են ուղիղ հակառակը։ Այս իշխանությունները խաղաղության օրակարգով եկան իշխանության, բայց կատարեցին ուղիղ հակառակը՝ նրանք ուղղակի տապալեցին բանակցայի գործընթացը, երկիրը ներքաշվեց պատերազմի մեջ։ Եվ պատերազմի ընթացքում մենք ունեցանք պարտություններ, ոչ միայն Արցախում, այլ նաեւ ադրբեջանցիներն ավելի արագ հայտնվեցին մեր սահմանամերձ բնակավայրերում, զբաղեցրեցին մեր ռազմավարական դիրքերը, եւ դա այսօր հիմք է հանդիսանում, որ բանակցային գործընթացում իրենք ունենան առավելություններ։ Ոչինչ չարվեց Արցախի շրջափակումն ու հայաթափումը կանխելու համար»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ այսօր ունենք հետեւյալ իրավիճակը՝ հայ ժողովրդի նորագույն պատմության ընթացքում մեր առողջ, միասնական, երիտասարդ ու զարգացող մարմինն ուղղակի անդամատված է, հաշմված, որովհետեւ մենք այսօր գործ ունենք հաշմված տրամաբանությամբ իշխանությունների հետ, որոնք բերել են մեր երկրի շարունակական անկման ու նսեմացման։ «Կարելի է ասել՝ մեր ժողովրդի գիտակից մասը, մեծ մասը սա գիտակցում է, եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում սրա դեմը պետք է առնեն՝ թույլ չտալով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2026 թվականին նորից վերարտադրվի եւ մեր երկիրը տանի շարունակական անկման։ Սա նաեւ ազգային արժանապատվության վերականգնման խնդիր է»։
Սեյրան Օհանյանի խոսքով՝ փոխվել են մեղադրյալի եւ մեղադրողի կարգավիճակները, Հայաստանը փոխանակ մեղադրի Ադրբեջանին՝ որպես հանցագործի, այսօր հայտնվել ենք մեղադրյալի կարգավիճակում՝ առանց պաշտպանի։ Մենք հրաժարվել ենք մեր բոլոր պահանջներից, մեր շահերից բխող բոլոր գործողություններից։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի խոսույթին՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Մենք դեմ ենք այսպիսի խոսույթին, փողոցային տրամաբանությամբ գործողություններին եւ նաեւ փողոցային բառապաշարին։ Այստեղ պետք է ամրագրել, որ վերջին 7 տարի ընթացքում այդ բառապաշարով խոսել է անձամբ Նիկոլ Փաշինյանը եւ նրա որոշ գործընկերներ։ Նիկոլ Փաշինյանն այդ փողոցային բառապաշարով ապացուցում է այն, որ մենք երբեւէ մեր նորագույն պատմության ընթացքում չենք ունեցել ղեկավարներ, որոնք այդպիսի բառապաշարով են խոսել»։
Անդրադառնալով ընտրություններին՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Այս ընտրություններում ձեւավորված է երկու ճակատ, առաջին ճակատը դա իշխանություններն են, երկրորդը՝ ընդդիմությունն է։ Ընդդիմության ճակատում կան մի քանի դաշինքներ, բևեռներ, ամեն ինչ պետք է անեն։ Սոցհարցումները ցույց են տալիս, որ այս իշխանությունների ռեյտինգն իջել է եւ իջնում է։ Նիկոլ Փաշինյանն իր խոսքով իր ռեյտինգին հարվածում է, երկրի ղեկավարը չպետք է այդպիսի փողոցային տրամաբանությամբ շփվի պատգամավորների ու ժողովրդի հետ։ Եվ այդ համախմբումն ընդունելի է գոնե այն առումով, որ այսօրվա իշխանությունների վերարտադրությունը չպետք է թույլ տալ եւ հետագայում նրա հետ չպետք է կոալիցիա կազմել։ Եվ կարծում եմ՝ հաջողություններ լինելու են։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ ընդդիմության կողմից լինեն հաջողություններ, եւ այս իշխանությունների վերարտադրությունը չլինի»։
Ամբողջական տեսանյութն՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































