Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է «Աշնանային բնապատկերների շարք»՝ Վալմարի նոր ցուցահանդեսը

Ապրիլ 21,2026 20:15 Share

Այսօր ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի (Վոլոդյա Մարգարյան) ծննդյան օրն է․ այդ առիթով «Վալմար» արվեստի սրահում բացվել է անվանի նկարչի «Աշնանային բնապատկերների շարք» խորագրով ցուցահանդեսը:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Ժաննա Անդրեասյանը ջերմորեն շնորհավորել է Վալմարին ծննդյան օրվա կապակցությամբ, նրան մաղթել քաջառողջություն, երկար տարիների կյանք և ստեղծագործական բեղուն գործունեություն:
«Արդեն ավանդույթ է ձևավորվում ամեն տարի ապրիլի 21-ին ներկա լինել Ձեր նոր ցուցադրության բացմանը․ Ձեր ծննդյան օրը մեզ նվեր եք մատուցում՝ նոր ցուցադրությամբ ներկայացնելով նախորդ տարվա աշխատանքը: Ուզում եմ սիրով շնորհավորել նաև ցուցադրության առիթով և մաղթել, որպեսզի Ձեր էներգիան և նոր գործեր ստեղծելու եռանդն անսպառ լինեն։ Շնորհավորում եմ նաև բոլորիս, որ ամեն տարի առիթ ունենք վայելելու Ձեր ստեղծագործությունները»,- նշել է նախարարը և շնորհակալություն հայտնել անվանի նկարչին ցուցահանդեսի համար:

ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և գնահատանքի համար՝ նշելով. «Այսօր ներկայացնում եմ անցյալ մեկ տարվա աշնանային թեմայով ստեղծագործություններս: Ինքս եմ պահանջում իմ ներքնաշխարհից՝ ներկայացնել, թե ինչ եմ արել մեկ տարվա ընթացքում: Ստեղծագործելիս միշտ լսում եմ ներքին ձայնս և փորձում ապրած զգացողություններս հաղորդել ստեղծագործություններիս»:

Ժաննա Անդրեասյանը Վալմարի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահում, ծանոթացել նկարչի ստեղծագործություններին՝ աշնանային նկարաշարին, զրուցել արվեստագետի առաջիկա ստեղծագործական ծրագրերի մասին: Ցուցադրությանը ներկայացված է Վալմարի 2024-2025 թվականներին ստեղծված Հայաստանի աշնանային բնապատկերների նկարաշարը: Վարպետը պատկերել է հայաստանյան բնապատկերները՝ վաղ աշնանից մինչ ուշ աշուն, և նկարաշարն ամփոփել այս տարվա հունվարին ստեղծած Ծաղկաձորի ձմեռային պատկերով:

Նկարչի բուռն ստեղծագործական գործունեությունը պսակվել է ավելի քան 58 անհատական ցուցահանդեսներով Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, եվրոպական երկրներում, Մերձավոր և Հեռավոր Արևելքում։ Նկարիչը նաև 140 խմբային ցուցահանդեսի է մասնակցել աշխարհի տարբեր երկրներում:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930