Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստի ինստիտուտի տաղավարի հարևանությամբ անցկացվող «Նկարում ենք վարպետների հետ» միջոցառումը դարձավ իսկական տոն արվեստասեր մանուկների և պատանիների համար

Հոկտեմբեր 08,2026 14:56 Share
Աջակցեք aravot.am-ին

Հարցազրույց Արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանի հետ

Աննա Ասատրյան

– Տիկին Ասատրյան, ինչպես գիտենք, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ վերջերս՝  սեպտեմբերի 25-26-ը Երևանում, Գյումրիում և Վանաձորում առաջին անգամ կազմակերպեցին «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» (European Researchers’ Night in Armenia – ERNA) խորագրով միջոցառումը։ Խնդրում ենք ներկայացնեք այս իրադարձության նպատակն ու կարևորությունը։

– Վերջին տարիներին գիտության հանրայնացումը ձեռք է բերել առանձնակի կարևորություն: «ERNA – European Researchers’ Night in Armenia» ծրագրի շրջանակներում կազմակերպված գիտության փառատոնը, որը   ֆինանսավորվել էր Եվրոպական միության կողմից՝ «Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ» (MSCA) ծրագրի շրջանակում և միաժամանակ անցկացվում է 40 երկրներում, նպատակ ուներ գիտությունը մոտեցնել հասարակությանը՝ այն դարձնելով հասկանալի և գրավիչ բոլորի համար, ցույց տալ, թե ինչպես է գիտությունը ձևավորում մեր առօրյա կյանքը և ծնում վաղվա լուծումները։

Փառատոնն այս տարի անցնում էր խորհրդանշական խորագրի ներքո՝ «Գիտությունը՝ քաղաքացիների համար, քաղաքացիները՝ գիտության. դիմակայելով մարտահրավերներին՝ կերտենք ապագան»։

Գիտնականների և քաղաքացիների անմիջական երկխոսությանը նպաստելով՝ փառատոնը սնում է քննադատական միտքն ու ամրապնդում վստահությունը գիտության հանդեպ։ Այն բացառիկ հարթակ է՝ երիտասարդ սերնդի մեջ վառելու գիտության կայծն ու նրանց առաջնորդելու դեպի հետազոտությունների անհայտ աշխարհներ։

Եվ ահա Հայաստանն առաջին անգամ միացավ այս շարժմանը. Երևանում, Գյումրիում և Վանաձորում կազմակերպվեցին ինտերակտիվ ցուցահանդեսներ, գիտական խաղեր, աշխատարաններ և բաց քննարկումներ։ Անմիջական շփումն առաջատար գիտնականների հետ, գիտափորձերն ու հետաքրքիր նախաձեռնությունները մեկտեղեցին հետազոտողներին ու քաղաքացիներին։ Միջոցառումների զգալի մասի գլխավոր շահառուներն ուսանողներն ու աշակերտներն էին։

Փառատոնի հատուկ առանձնացված տաղավարներում իրենց ձեռքբերումներն ու նորարարական մշակումները ներկայացրեցին տասնյակ գիտահետազոտական կազմակերպություններ, բուհեր և մասնավոր ընկերություններ։

–Արվեստի ինստիտուտը նույնպես իր մասնակցությունն է բերել այս կարևոր միջոցառմանը։

– Անշուշտ։ ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի հարակից տարածքում, որտեղ ծավալվեցին գլխավոր իրադարձությունները, Արվեստի ինստիտուտը ներկայացված էր առանձին տաղավարով, որտեղ ցուցադրվում էին ինստիտուտի վերջին տարիների հարուստ հրատարակությունները։ Հատուկ և հիշարժան առաքելություն ունեին մեր աշխատակիցները՝ Երաժշտության բաժնի գիտաշխատողներ Մարգարիտ Սարգսյանն ու Անի Հակոբյանը, ովքեր մեծ ոգևորությամբ պատանիներին ու երիտասարդներին սովորեցնում էին հայկական ավանդական պարեր և ժողովրդական երգեր։

Երգի մրցույթից հետո՝ երեխաները Անի Հակոբյանի և Մարգարիտ Սարգսյանի հետ

Գոհունակությամբ պիտի նշեմ, որ այս գեղեցիկ նախաձեռնությունը մեծ ու ջերմ արձագանք գտավ հատկապես պատանի այցելուների շրջանում, և տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ, Մարգարիտ Սարգսյանի և Անի Հակոբյանի ղեկավարությամբ  միասնական շուրջպար բռնեցին:

Պարի ուսուցում Մարգարիտ Սարգսյանի եւ Անի Հակոբյանի ղեկավարությամբ

Այնպես զուգադիպեց, որ ERNA-ի միջոցառումների երկրորդ օրը՝ սեպտեմբերի 26-ը, համընկավ Կոմիտասի ծննդյան օրվա հետ։ Այդ խորհրդանշական օրը Արվեստի ինստիտուտի տաղավարում պարի ու երգի ուսուցմանը զուգահեռ կազմակերպվեց մրցույթ։ Ժողովրդական երգերի լավագույն կատարող ճանաչված աշակերտները ստացան հիշարժան նվերներ՝ Արվեստի ինստիտուտի վերջերս հրատարակած Կոմիտասի Երկերի ժողովածուի երկրորդ հատորը։

ERNA-ն առանձնացավ ևս մեկ հրաշալի ուշագրավ նախաձեռնությամբ։ Արվեստի ինստիտուտի տաղավարի հարևանությամբ անցկացվող «Նկարում ենք վարպետների հետ» միջոցառումը դարձավ իսկական տոն արվեստասեր մանուկների և պատանիների համար։

Երեխաների ստեղծագործական աշխատանքին հետևելու և նրանց մասնագիտական ուղղորդում տալու համար հրավիրել էինք նշանավոր նկարիչների, ովքեր սերտ կապի մեջ են Արվեստի ինստիտուտի հետ։ Վարպետների հսկողությամբ ու խորհուրդներով անցնող այս գործընթացը, սակայն, առանձնահատուկ շրջադարձ ունեցավ. նկատելով փոքրիկների բնածին օժտվածությունը՝ նրանք ծնողներին հորդորեցին հնարավորություն ստեղծել, որ երեխաներն ուսումը շարունակեն արվեստի դպրոցներում և զարգացնեն իրենց բնատուր տաղանդը։

Ով գիտե, միգուցե հենց ERNA-ի այս հարկի տակ սկիզբ առավ մեր վաղվա մեծանուն նկարիչներից մեկի ստեղծագործական ուղին։

Արա Հակոբյան

Առանձնահատուկ ջերմությամբ և շնորհակալությամբ պիտի նշեմ Խ․Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի նկարիչների միության անդամ, տաղանդավոր գեղանկարիչ Արա Հակոբյանի անձնվեր նվիրումն ու հոգատար վերաբերմունքը պատանի ստեղծագործողների հանդեպ։ Երկու օր անընդմեջ նա երեխաների կողքին էր՝ փոխանցելով իրեն հատուկ անսպառ ոգևորությունն ու խանդավառությունը։

Լեմս Ներսիսյան

Անգնահատելի էին երեխաների համար Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, Հայաստանի նկարիչների միության անդամ, տաղանդավոր գեղանկարիչ Լեմս Ներսիսյանի վարպետության դասերը։ Վերջերս իր հոբելյանը տոնած վաստակաշատ վարպետը երկու օր շարունակ անձամբ ուղղորդեց ու ոգեշնչեց փոքրիկներին։ Օգտվելով առիթից՝ հոբելյարին եմ հղում Արվեստի ինստիտուտի կոլեկտիվի և անձամբ իմ սրտագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։

Վալմար

Փառատոնի երկրորդ օրը նշանավորվեց Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարի այցով։ Միջազգային լայն ճանաչում ունեցող մեր անվանի վարպետը, չնայած իր զբաղվածությանը, սիրով ժամանակ գտավ և իր ջերմությամբ ու խորհուրդներով ոգեշնչեց փոքրիկներին։ Ավելին։ Վալմարը հանդես եկավ ուշագրավ առաջարկությամբ՝ հենց միջոցառման օրերին կազմակերպել երեխաների լավագույն աշխատանքների ցուցահանդես և, ինչու ոչ, դրանք տպագրել առանձին գեղեցիկ բուկլետով։ Բնականաբար՝ այդ գաղափարը սիրով կփորձենք կյանքի կոչել ERNA-2027-ի շրջանակում։

Հռիփսիմե Մարգարյան

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանին, Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարին, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արա Հակոբյանին, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեմս Ներսիսյանին և, իհարկե, շնորհաշատ նկարչուհի Հռիփսիմե Մարգարյանին՝ մեր խնդրանքին արձագանքելու և պատանի ստեղծագործողներին տված իրենց արժեքավոր խորհուրդների համար, ինչպես նաև Արվեստի ինստիտուտի գիտքարտուղար Մարգարիտա Քամալյանին՝ աշխատանքները համակարգելու համար: Շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին, մասնավորապես ՀՀ ԳԱԱ նախագահի տեղակալ Գարեգին Սնգրյանին ու ՀՀ ԳԱԱ միջազգային կապերի և երիտասարդական ծրագրերի վարչության պետ Սոֆի Աճեմյանին, ովքեր դարձան մանուկներին ու պատանիներին պարգևված այս տոնի համահեղինակները։

 

 

Սամվել Դանիելյան

Լուսանկարները՝ Արվեստի ինստիտուտի պաշտոնական կայքէջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել