«Մենք համագործակցությունը սկսեցինք, բայց կային անհամապատասխանություններ մեր մոտեցումների մեջ, փոխադարձ որոշեցինք այս փուլում համագործակցությունը դադարեցնել»,- կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց լրագրողներին ասաց «Միասնության թեւեր» կուսակցության նախագահ Արմեն Գալստյանը՝ անդրադառնալով «Հայաքվե» նախաձեռնության անդամների հետ համագործակցության դադարեցմանը:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ի ընտրությունների նախաշեմին ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար մեկնարկել է կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակները ներկայացնելու ժամկետը:
Կարդացեք նաև
Այսօր «Միասնության թեւերն էլ» ներկայացրեց իր ընտրացուցակը:
Նրա խոսքով՝ իրենց փոխադարձ ջերմ հարաբերություններն այս պահին էլ շարունակվում են: Գալստյանը վստահեցրեց՝ համագործակցության դադարեցումը նախընտրական ցուցակում տեղերի կռվի կամ հավակնությունների հետեւանք չէ. «Փոխադարձ որոշում էր, կապված չէր տեղերի քննարկումների հետ, որոշակի հարցեր էին, որոնք պետք է համաձայնեցվեին միասնական հանդես գալու համար: Մեր մոտեցումները չհամատեղվեցին սկզբունքային հարցերի շուրջ»:
Լրագրողի հարցին, թե նախընտրական ծրագրով կա կետ ՝ արցախահայերի իրավունքների պաշտպանության եւ Արցախ վերադառնալու իրավունքի պաշտպանության վերաբերյալ, արդյոք այդ կետի շուրջ էր անհամաձայնությունը, Արմեն Գալստյանը հստակեցրեց ՝որոշակի տարաձայնություններ կարող են լինել նաեւ այդ հարցում, բայց անհամաձայնությունների շրջանակը լայն է, ու ինքը չի ցանկանա կանգնել մեկ կամ երկու հարցի վրա:
Գալստյանը անդրադարձավ նաեւ իրենց ֆինանսավորման շուրջ շրջանառվող տարբեր անունների ու վստահեցրեց, որ շրջանառվող անուններից եւ ոչ մեկը չի ֆինանսավորում իրենց, առաջիկայում էլ կներկայացնեն ֆինանսական հաշվետվությունները, որտեղ հստակ կերեւան ֆինանսավորողների անունները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ






















































