Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստ ենք ընդդիմադիր ուժերի հետ համատեղ ձևավորելու ՀՀ ինքնիշխանության, ազգային ինքնության պաշտպանության օրակարգը. «Միասնության թևեր»

Նոյեմբեր 05,2026 16:22 Share
Աջակցեք aravot.am-ին

«Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է.

«Այսօր համազգային համախմբումը կարող է քաղաքական իրողություն դառնալ, եթե ընդդիմադիր քաղաքական և հասարակական ուժերը համաձայնության գան ընդհանուր օրակարգի և համատեղ քայլերի շուրջ։

Մեզ համար այդ օրակարգի հիմքը Հայաստանի ինքնիշխանության, սահմանադրական կարգի և ազգային ինքնության պաշտպանությունն է։ Համագործակցության պայմաններն էլ հստակ են՝ իրավահավասարություն, փոխադարձ հարգանք և հանրության առջև պատասխանատվություն։

«Միասնության թևեր»-ը պատրաստ է այդ սկզբունքներով գործելու և ստանձնելու պատասխանատվության իր բաժինը»։

«Միասնության թևեր» կուսակցության հայտարարությունը

«Միասնության թևեր» կուսակցությունը բազմիցս հրապարակայնորեն հանդես է եկել համազգային նշանակության հարցերի շուրջ համախմբվելու առաջարկով։ Այսօր վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր քաղաքական և հասարակական ուժերի հետ համատեղ ձևավորելու Հայաստանի ինքնիշխանության, պետական անվտանգության, սահմանադրական կարգի և ազգային ինքնության պաշտպանության օրակարգը և համաձայնեցնելու դրա իրականացման քայլերը։

Քաղաքական տարաձայնությունների առկայությունը, նախկինում ունեցած բազմաթիվ հարցերի շուրջ անհամաձայնությունները չեն կարող որոշիչ լինել հայրենիքի համար ճգնաժամային վիճակում միավորվելու համար։

Այս համախմբման անհրաժեշտությունը պայմանավորված է արտաքին պարտադրանքի և ներքին քաղաքական ճնշումների փոխկապակցված վտանգներով։ Մեր գնահատմամբ՝ իշխանությունը, սեփական քաղաքական պատասխանատվությունն ընդունելու փոխարեն, բացառապես արտաքին ուժերի հերթական պահանջի կատարումը ներկայացնում է որպես խաղաղության պահպանման անխուսափելի պայման, իսկ այդ քաղաքականությանը դիմադրող ուժերին՝ որպես խաղաղությանը խոչընդոտողներ՝ սահմանափակելով պետական նշանակության որոշումների շուրջ ազատ քննարկման և քաղաքական հակազդեցության հնարավորությունը։

Հայ հասարակությունում չկա և չի կարող լինել անկախության հռչակագրից հրաժարվելու պահանջ։ Հետևաբար այդպիսի օրակարգը մեր արտաքին թշնամիների օրակարգն է, որը սպասարկում է գործող իշխանությունը, իսկ ցանկացած նման զիջում բերելու է նոր պահանջների եւ զիջումների։

Այս համատեքստում ենք գնահատում նաև նոյեմբերի 4-ին Սամվել Կարապետյանի և նրա հետ առնչվող անձանց նկատմամբ իրականացված քննչական գործողությունները։ Առանց գործի քրեաիրավական հանգամանքների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու՝ դրանց ծավալն ու քաղաքական միջավայրը հիմք են տալիս գնահատելու, որ հետապնդվում է նաև ընդդիմության դիմադրությունը թուլացնելու և սահմանադրական փոփոխությունների համար նպաստավոր ներքաղաքական պայմաններ ստեղծելու նպատակ։

Ընդդիմության նկատմամբ «հանրային ճնշում» գործադրելու և այն կառավարող մեծամասնության կողմից առաջնորդելու մասին հնչող ելույթները խորացնում են այդ մտահոգությունը։ Մենք խստորեն դատապարտում ենք պետական լծակներն ընդդիմախոսներին ճնշելու, քաղաքական այլախոհությունը սահմանափակելու և հանրային քննարկումը վախի մթնոլորտով փոխարինելու ցանկացած գործելակերպ։

Հավատարիմ մեր հրապարակային դիրքորոշմանը և արձանագրելով, որ նոյեմբերի 4-ին ընդդիմադիր ուժերի համատեղ հայտարարության մասին «Միասնության թևեր» կուսակցությունը տեղեկացել է մամուլից՝ պատրաստ ենք մասնակցելու այս սկզբունքների վրա հիմնված համախմբման նախաձեռնություններին։

Այդ համագործակցությունը պետք է կառուցվի՝

հստակ ընդհանուր օրակարգի,

մասնակիցների իրավահավասարության,

փոխադարձ հարգանքի և հանրության առջև պատասխանատվության վրա՝ բաց լինելով նաև քաղաքացիների մասնակցության համար։

Մեր նպատակը համատեղ քաղաքական աշխատանքն ու համաձայնեցված գործողություններն են՝ պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունն ու սահմանադրական կարգը, ամրապնդելու ազգային համերաշխությունը և հասնելու արժանապատիվ ու կայուն խաղաղության՝ առանց արտաքին պարտադրանքի և ազգային ու պետական շահերի հաշվին զիջումների։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30