Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական մակարդակով միջազգային քննարկումների առարկա չեն դարձնի ադրբեջանական օկուպացիոն վարչակազմի կողմից Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացման փաստը։
Հարցին, թե արդյոք նման գործողությունները չեն խոչընդոտո՞ւմ իրենց հռչակած խաղաղության գործընթացին, եւ արդյոք ՀՀ իշխանությունը պատրաստվո՞ւմ է այդ հարցը միջազգային հարթակներում բարձրաձայնել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Մենք հիմա փորձում ենք ճշտել ամբողջական տեղեկատվությունը։ Դուք ասացիք՝ սա՞ է խաղաղությունը, ես ասել եմ՝ խաղաղության իմ չափանիշը որն է՝ արդեն ավելի քան երկու տարի Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետեւանքով մարդիկ չեն զոհվում, չեն վիրավորվում։ ՀՀ-ն եւ Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը եւ քաղաքական անկախությունը՝ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Եվ որեւէ հարցի եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը պետք է վերաբերվեն այս տեսակետից։ Ես ուզում եմ ասել ուղիղ ու առանց սեթեւեթանքի, որ այս թեմաների նկատմամբ, առավել եւս հիմա, պետք է լինել շրջահայաց, որովհետեւ նման թեմաները երկսայրի սուր են։ Ինչպես Նոր Կտակարանում է ասվում՝ դատվելու եք այն նույն դատով, ինչ դատով, որ դատելու եք։ Ես չեմ կարծում, թե մեր նախորդ փորձը հաշվի առնելով, մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկումների առարկա»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրադառնալով հարցին, թե ՀՀ տարածքում Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների փաստով գործողություններ իրականացնելո՞ւ են, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ինքս ինձ համար պինդ որոշել եմ, որ այդ թեմաներին ես անդրադառնալու եմ մաքսիմալ շիտակությամբ։ Այդ ամենը երկսայրի սուր է, եւ մենք չպետք է մոռանանք Նոր Կտակարանի ուղերձը՝ ինչ դատով դատվենք, նույն դատով դատվելու ենք, ինչ չափով չափենք, նույն չափով չափվելու ենք։ Մենք պետք է հասկանանք՝ ինչի մասին ենք խոսում, հենց այդ է թակարդը, որից մենք չենք կարողանում դուրս գալ։ Իմ կարծիքն այն է, որ մենք դուրս ենք գալիս այդ թակարդից, մենք ամեն մեկս մեր յուղի մեջ պետք է տապակվենք, բայց մեր սերունդներին պետք է ազատենք այդ հոգսից։ Ինչքան մենք ենք մեղադրում, այդքան մեզ են մեղադրում, ինչո՞ւ, ձեզ թվում է՝ ձեր իմացած պատմությունը միա՞կն է, էլ ուրիշ պատմություններ ուրիշ տեղերում չկա՞ն»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































