«Ոչ մի կառավարություն, ոչ մի քաղաքական գործիչ չի կարող այս ամենը փակել կամ մոռացության մատնել»,– այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության հիշատակին։
Լրագրողի դիտարկմանը, թե Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկ պահանջել է պատժել Թուրքիայի դրոշն այրածներին, և այն հարցին, թե Փաշինյանը կպատժի՞, Քոչարյանը հարցին հարցով պատասխանեց․ «Թուրքիան ԱԳՆ չունի՞։ Ես որևէ երկրի դրոշ այրելու կողմնակից չեմ, բայց սա ընդունված բողոքելու տարբերակ է քաղաքականության մեջ ու աշխարհում»։
Կարդացեք նաև
Քաղաքականությունից, առաջիկա ընտրություններին վերաբերող հարցերին Քոչարյանը չպատասխանեց, ասաց՝ առաջիկայում բազմաթիվ առիթներ կունենան նման հարցեր իրեն ուղղելու։ Նա չպատասխանեց նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին որպես իրեն իրավահաջորդ ընտրելու համար զղջման վերաբերյալ հարցերին։
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայոց ցեղասպանության հարցը չպետք է միջազգային դերակատարների գործիք դարձնել, տարիներ շարունակ դարձրել են, Քոչարյանն ասաց․
«Փաշինյանն ասում է՝ Արարատին մի նայեք, հիմա նայում ենք, խախտում ենք։ Այնքան բաներ է ասում, որի տրամաբանությունը ինձ համար անհասկանալի է, մի քիչ լավ չեմ պատկերացնում այդ մարդու շարժառիթների շղթան ոնց է աշխատում»,– ասաց Քոչարյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ






















































