«Դա (ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը՝ Ն․ Գ․) նախևառաջ մեզ՝ հետնորդներիս է պետք, որոնք պետք է հասկանան՝ ինչն է լավ, ինչը՝ վատ, որտեղ է բարին, որտեղ՝ չարը, որտեղ՝ Աստծո սերը»,– Մոսկվայի հայկական եկեղեցու բակում Aravot.am-ի հետ կարճ զրույցում ասաց հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանը։
Նա այսօր նույնպես մասնակցում էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագին, որը մատուցվեց Մոսկվայի հայկական եկեղեցում։
Սուրբ պատարագից հետո հավաքվածները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։
Եվգենի Պետրոսյանը չցանկացավ անդրադառնալ Արցախի հայաթափման և արցախցիների բռնի տեղահանման, Արցախում հայկական հուշարձանների բարբարոսաբար քանդման թեմային։ Մեր հարցին ի պատասխան ասաց․ «Դա այլ՝ քաղաքական թեմա է։ Կներեք, հիմա այդ պահը չէ, հիմա դրան չենք անդրադառնա»։
Ապա հավելեց․ «Ես հույս ունեմ, որ բոլոր խնդիրները ժամանակի ընթացքում կլուծվեն։ Ես հավատում եմ, պետք է հավատալ»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մոսկվա


















































