Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր Ամիրյան փողոցում գետնին պառկած «Չքաղաքացու օր» գրությամբ պաստառով իրեն բնորոշ ձեւով բողոքի գործողություն էր իրականացնում: Նա հրաժարվում էր պատասխանել լրագրողների եւ քաղաքացիների հարցերին:
Քիչ անց ոստիկանները նրա ոտքերից եւ ձեռքերից բռնած՝ բերման ենթարկեցին: Իսկ Ամիրյան փողոցում շարունակվում էր ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվանից անմիջապես հետո անցկացվող՝ Նիկոլ Փաշինյանի ազդարարած խորոված փարթին Քաղաքացու օրվա առիթով, որը բուռն քննադատությունների է արժանացել հանրության շրջանում եւ սոցցանցերում:
Խորոված փարթիի օրը լրագրողները հարցեր են ուղղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին: Նա ասել է, որ ճշտում ենք Ստեփանակերտի եկեղեցու ոչնչացման տեղեկությունը, նաեւ անտեղի է համարել եկեղեցու ավերումը եւ Թուրքիայի դրոշի այրելը միմյանց հետ համեմատելը, վերջինս որակելով Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին վնասող:
«Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը չի կարող ըստ քամահարանքի եւ ըստ քմահաճույքի լինել, մի օր եկեք Ադրբեջանի դրոշը վառենք, մի օր եկեք չվառենք… Չի լինում այդպես, չի կարող ամեն մի կրպակ ունենա իր արտաքին քաղաքականությունը։
Կարդացեք նաև
4 օր առաջ Թուրքիայում ունեցել եմ լավ հանդիպումներ, Թուրքիայի իմ գործընկերը առաջարկ է արել Հայաստանը Վրաստանի եւ Ադրբեջանի հետ տարածաշրջանային պառլամենտական շրջանակ վերցնի։ Դրոշ վառելը հերոսությո՞ւն է, դա է իրենց հերոսությունը՝ մեծ-մեծ խոսել, պետք եղած ժամանակ էլ՝ 220 կմ արագությամբ վազել հակառակ ուղղությամբ»,-նշել է Ալեն Սիմոնյանը։
Ամիրյան փողոցում Ալեն Սիմոնյանի, ՔՊ-ի աջակիցների եւ Արտակ ներկայացած քաղաքացու միջեւ վիճաբանություն սկսվեց: Նրան եւս ոստիկանները բերման ենթարկեցին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Ա1+-ի






















































