Նիկոլ Փաշինյանն այսօր «Քաղաքացու օրվա» առթիվ եղավ նաև Արթիկում, որի կենտրոնական հատվածում մեծ թվով մարդիկ էին հավաքվել։
Տարեց մի կին, նրան տեսնելով, բացականչեց․ «Դուխով, ազիզ, դուխով», որին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նրան «Քաղաքացու օրվա» առթիվ։ Նա փաթաթվեց մի երեխայի` ասելով, որ Արտյոմը շատ լավ դուդուկահար է, Միացյալ Նահանգների փոխնախագահի այցի ժամանակ նրան է հրավիրել ելույթ ունենալու, ու տղան շատ լավ ելույթ է ունեցել։
Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ երեխայի հետ ծանոթացել է «Վարչապետի գավաթ» միջոցառման ժամանակ, երբ մշակութային հատվածներ ևս եղել են, մարզերից երաժիշտներ են եկել, ելույթ ունեցել, Արտյոմը նույնպես մասնակցել է ու նվագով իր ուշադրությունը գրավել։
Կարդացեք նաև
Արթիկում ևս Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկարվողների պակաս չկար, քաղաքացիներին վարչապետի հետ երբեմն լուսանկարում էր մարզպետ Դավիթ Առուշանյանը։
Արթիկում նա կարճ մնաց՝ պատճառաբանելով, որ Ալագյազում միջոցառում կա, շտապում է, անձնական խնդրով մոտեցող քաղաքացիներից մեկին չլսեց՝ խորհուրդ տալով մոտենալ իր օգնականին։ Այդուհանդերձ մի կնոջ ստիպված եղավ լսել։
«Ջանիդ մեռնիմ, մի հարց ունիմ, ցավդ տանիմ, բոյիդ ղուրբան»,- ասաց կինը՝ խնդրելով իր 8 տարվա հաշմանդամություն ունեցող զավակին հաշմանդամության ցմահ կարգ շնորհել։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ փորձաքննությունն է որոշում, հանձնաժողով կա։
Նա ձեռքով հատ-հատ բարևեց բոլոր հավաքվածներին, շնորհավորեց ու հեռացավ։
Արթիկի կենտրոնական հրապարակում սաների ելույթը զուգակցվում էր, այսպես ասած, «խորոված փարթիի» հետ․ կրակ էին վառել ու խորոված էին պատրաստում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































