Մարալիկում « Քաղաքացու օրը» նշելիս դպրոցահասակ մի տղա մոտեցավ Նիկոլ Փաշինյանին, ներողություն խնդրելով՝ հարցրեց․ «Պարոն Փաշինյան, ինչո՞ւ որոշեցիք եկեղեցու դեմ արշավանք սկսել»։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Բա ես եկեղեցու դեմ արշավանք եմ սկսե՞լ, ես հանուն եկեղեցու եմ արշավանք սկսել»։ Սա ասելուն պես՝ նա փորձեց հեռանալ։
Երիտասարդ տղան բացականչեց՝ «Կներեք», նորից կանգնեցրեց նրան։ Շտապող Նիկոլ Փաշինյանը կանգնեց՝ ասելով․ «Ասա, ասա, արի»։
Տղան շարունակեց․ «Դուք պատճառաբանում եք, որ կաթողիկոսի համար է, չէ՞, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պղծության մեջ է, եկեղեցին պիտի ազատեք կաթողիկոսից, բայց կաթողիկոսն Աստծո կողմից է նշանակված ու կաթողիկոսին ժամկետ չկա, մինչև մահն է, ու ոչ մեկն իրավունք չունի կաթողիկոսի դեմ արշավանք սկսել, որովհետև եկեղեցուն է վերաբերում»։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Բայց կաթողիկոսը, երբ որ խորանի առջև իր տված ուխտը դրժել է, դա նշանակում է՝ ինքը Աստծո հետ ուխտը դրժել է և խախտել է, դա պետք է արձանագրվի և հետևանք ունենա, դուք կուսակրոնության ուխտը ստանձնելուն, երդմանը ծանո՞թ եք»։
«Ծանոթ եմ», -պատասխանեց տղան։ Փաշինյանը նրան խորհուրդ տվեց գնալ, նյութում փնտրել ու կարդալ, տեսնել՝ ինչ տողեր կան, ինչ պարտականություններ ու համեմատություն անել։
«Դա էլ իրենց Սահմանադրությունն է, երբ որ երկրի քաղաքական ղեկավարությունը Սահմանադրությունն ու բարեվարքության կանոնները խախտի, դրա համար իրենց հեռացնելու մեխանիզմներ կան, նույնն էլ վերաբերում է եկեղեցուն»,- ասաց Փաշինյանը՝ խոսքեր մեջբերելով Աստվածաշնչից։
Երիտասարդը հակադարձեց, որ այդ նույն Աստվածաշունչն ասում է՝ « մի դատիր, որ չդատվես», Նիկոլ Փաշինյանը արձագանքեց․ «Չէ, մի րոպե, կիսատ ես ասում, Աստվածաշունչն ասում է՝ մի դատիր, որ չդատվես, որովհետև ինչ դատով որ դատվես, նույն դատով դատվելու ես, ինչ չափով որ չափես, նույն չափով չափվելու ես։ Հիմա ես դատում եմ և պատրաստ եմ այդ նույն դատով դատվել»։
Նիկոլ Փաշինյանը հեռացավ, երիտասարդ տղան բացականչեց․ «Բայց կներեք, չեմ վերջացրել»։
«Եղբայր ջան, ժամանակը սահմանափակ է», -ասաց վարչապետը ու հեռացավ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































