Լրահոս
Օրվա լրահոսը

Սոնա Մնացականյանի գործի վաղեմության ժամկետին 1 տարի է մնացել․ միտումնավոր ձգձգում են

Ապրիլ 27,2026 14:29 Share

«2027-ի ապրիլին կլրանա այս գործի վաղեմության ժամկետը։ Քրեական պատասխանատվության ժամկետին մնացել է մեկ տարի, և պատասխանատուների վերաբերյալ վարույթը քնած վիճակում է, փորձաքննություն չի անցկացվել, ձայնագրություններ չեն իրականացվել»,-«Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» (ՔԻՀԿ) իրավապաշտպան ՀԿ-ի կողմից Սոնա Մնացականյանի մահացու վրաերթի գործի վերաբերյալ հատուկ զեկույցի ներկայացման ժամանակ ահազանգեց իրավապաշտպան Մարիամ Կանայանը՝ փաստելով, որ Սոնա Մնացականյանի գործով դատական նիստերն անընդհատ ձգձգվում են։

ՔԻՀԿ նախագահ, իրավապաշտպան Ռաֆայել Իշխանյանն էլ Սոնա Մնացականյանի դեպքի օրինակով մտահոգություն հայտնեց արդարադատության՝ որպես գործիքի՝ իր որակը կորցնելու մասին․ «Մենք խոսում ենք մեծ գործընթացի մասին, որտեղ կա շահագրգռվածություն պետական ամենաբարձր պաշտոնյայի կողմից իր համբավի, ենթակաների այս դեպքում՝ արդեն օրենքով արձանագրված խնդիր։ Մեծ շահը բախվում է մի քաղաքացու իրավահաջորդների արդարադատության ակնկալիքի հետ։ Երբ խոսում ենք արդար դատաքննական իրավունքի վիճակի վատթարացման, ուժեղ կառույցների ենթարկեցման մասին, արդարադատությունը՝ որպես գործիք սկսում է կորցնել իր որակը։ Եթե գործիքի այդ ձևափոխման նպատակն է, որ տվյալ պահին իշխանություն ունեցողներն ավելի պաշտպանված զգան իրենց՝ ի հաշիվ քաղաքական ընդդիմախոսների, գործիքի վնասումը անդրադառնում է այն մարդկանց իրավունքների վրա, որոնք կարող են հայտնվել ամբողջովին պատահական իրավիճակում, տուժեն, և պարզվի, որ այդ գործիքն այնքան է ժանգոտվել, որ չի կարող իրենց պաշտպանել»։

Իրավապաշտպան Նարե Սիմոնյանի կարծիքով՝ այս դեպքում, երբ կա ակնհայտ քաղաքական հարցերով չզբաղվող քաղաքացի, որն ակնհայտ զոհ է,  տեսնում ենք համակարգված հարձակումներ նրա վրա, թե ինչպես են ամենավերջին հանցագործը նրան դարձնում․ «Եկեք մի պահ ենթադրենք՝ ինչ կլիներ, եթե Սոնային՝ հետիոտնային անցումով անցնելիս, վրաերթի ենթարկեր սովորական վարորդ՝ 108 կմ ժամ արագությամբ երթևեկող, կամ փարոսիկներով որևէ այլ մեքենա, որը նույն իրավունքներն ունի, ինչ վարչապետի ավտոշարասյունը»։

Քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանն էլ խոսեց, թե ինչպես են փորձում հանգցնել հանրային ցասումն ու վրդովմունքը, ինչը շատ լավ նախագծված, պլանավորված է․ «Իշխանությունը խլացնում է հանրային ընդվզումը, պիտակավորում է զոհին հանրային ցասումը հանգցնելու համար։ Հաջորդը մեղքը լղոզելն է։ Իշխանության քարոզչության գեներալները հանրության բաժանեցին երեք մասի՝ առաջին մասը իրենց կողմնակիցներն էին, նույնիսկ որոնց համար նորմալ չէր, երբ վարչապետի ավտոշարասյունը մարդ է սպանում և առանց կանգնելու գնում։ Երկրորդը՝ քաղաքացիները, մարդիկ և երրորդը՝ ընդդիմադիր տրամադրված քաղաքացիները։ Ամեն լսարանի համար առանձին ուղերձ հնարեցին։ Իրենց աջակիցների՝ նիկոլականների համար թեզ գցեցին դաշտ իբր Սոնան փողով ցուցարար էր, որը հատուկ ուզում էր սադրանք կազմակերպել, հղի նետվել է ավտոյի տակ, ուղղակի լավ չի հաշվարկել, զոհվել է։ Չեզոք լսարանի համար այն թեզն էր, թե իբր կամակոր աղջիկ է եղել, չի լսել ոստիկանին։ Դա սուտ է, տեսանյութերում ոստիկանը մեջքով է կանգնած այն պահին, երբ պետք է կարգավորեր ու չթողներ, որ նա անցներ։ Ընդդիմությանն էլ պետք է ասեն, որ իրենք նիկոլական ընտանիք են։ Այնուհետև անցան խեղաթյուրելուն, ստեղծեցին այլընտրանքային իրականություն։ Խեղաթյուրում են, թե վարչապետի ավտոշարասյունը կանգնելու իրավունք չուներ, մինչդեռ չկանգնելու իրավունք չուներ։ Ամեն կողմից կրկնելով այդ սուտը՝ դա շատ մարդկանց համար որպես ճշմարտություն է հնչում»։

Սոնա Մնացականյանի մահացու վրաերթի գործի վերաբերյալ հատուկ զեկույցի ներկայացումն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930