«Սոնա Մնացականյանի մայրիկը մի առիթով ասել էր՝ հասարակության արդար պահանջը պետք է լինի, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի տնից դուրս գալուց իրեն ապահով զգա։ Սա շատ կարևոր է բոլորիս համար։ Նման իրավիճակում, ինչ Սոնա Մնացականյանը, մեզնից յուրաքանչյուրը կարող է հայտնվել, քանի որ այս անպատժելիությունը չի դադարել, շարունակական բնույթ է կրում։ Վարչապետին ուղեկցող շարասյունը կամ մյուս պաշտոնյաների ծառայողական մեքենաները նման վայրագ արագությամբ շարունակում են երթևեկել և ստեղծել նման իրավիճակներ։ Քաղաքացին պետք է գիտակցի, որ սա պատահական դեպք չէ, այլ սրա դեմն առնել է պետք»,-«Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» (ՔԻՀԿ) իրավապաշտպան ՀԿ-ի կողմից Սոնա Մնացականյանի մահացու վրաերթի գործի վերաբերյալ հատուկ զեկույցի ներկայացումը իրավապաշտպան Մարիամ Կանայանը սկսեց Սոնա Մնացականյանի մայրիկի խոսքերով։
Զեկույցում ներառված է Սոնա Մնացականյանի գործի քննական փուլի և դատական վարույթի, դրա հետ կապված քարոզչության վերլուծությունը և դատական նիստերի մշտադիտարկումը։
Կարդացեք նաև
Փաստաբան, իրավապաշտպան Տաթև Սողոյանը, հիշեցնելով Սոնա Մնացականյանի վրաերթը, նշեց․ «2022 թվականի ապրիլի 26-ին ժամը 18։00-19։00-ի սահմաններում հղիության 7-րդ ամսում գտնվող Սոնա Մնացականյանը ցանկացել է հատել Պարոնյան-Լեո խաչմերուկը թույլատրելի հատվածում և այդտեղ բախվել է վարչապետի ավտոշարասյանը։ Շարասյունից որևէ մեկը չի կանգնում օգնություն ցուցաբերելու տուժողին, հասկանալու՝ ինչ է տեղի ունեցել։ Շարասյունը նույն արագությամբ շարունակում է սլանալ տանելու ՀՀ վարչապետին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ պարզապես հանդիպման։ Դա չի եղել պլանավորված նիստ, պետական նշանակության որևէ օրակարգ, այլ պարզապես ընթացիկ աշխատանքային հանդիպում իշխող խմբակցության ներկայացուցիչների հետ։ Այն բոլոր թեզերը, որ վարչապետը չի իմացել, կամ ինքն է ասել, որ շտապօգնություն կանչեն, գործի որևէ փաստական տվյալով չեն հավաստվել»։
Տաթև Սողոյանը, անդրադառնալով այն թեզերին, որոնցով փորձում են այս դեպքն արդարացնել, նշեց․ «Կա մի քարոզչական թեզ, թե խաչմերուկը պատշաճ արգելափակված է եղել, որ որևէ մեկը չերթևեկի այդ խաչմերուկով։ Դա սխալ է։ Տեսագրությունները վկայում են, որ այդ խաչմերուկում մեքենա էլ է մտնում, որը մի կերպ է ճողոպրում վթարային իրավիճակից, հետիոտն էլ։ Այսինքն՝ պատշաճ արգելափակում խաչմերուկի չի եղել։ Քարոզչական թեզերը, թե ուղեկցող ոստիկան է եղել, որը հստակ պահանջ է ներկայացրել Սոնա Մնացականյանին խաչմերուկ չմտնել, գործի որևէ տվյալով չեն հիմնավորվում»։
Անդրադառնալով ավտոշարասյան թույլատրելի արագությանը և տվյալ պարագայում դրա գերազանցմանը՝ Տաթև Սողոյանը նշեց․ «Թույլատրելին այդ պահի դրությամբ հատուկ նշանակության մեքենայի համար եղել է 100 կմ ժամը։ Բայց երթևեկել է 108,7 կմ ժամ՝ խաչմերուկի հատվածում։ Իրավաչափության կանխավարկածն ասում է՝ պետք է ամեն դեպքում գրված նորմերը և մարդկանց կատարած գործողությունները բխեն իրավիճակից և արդարացվածությունից։ Այս պարագայում ամենաբանուկ ժամն էր, երբ բոլորն աշխատանքից դուրս են գալիս։ Երկրորդը՝ գործ ունենք քաղաքի կենտրոնի հետ, գործ ունենք խաչմերուկի հետ և հետիոտնային անցումով կահավորված խաչմերուկի հետ, դա մայրուղային խաչմերուկ չի եղել։ Մյուս կողմից՝ օրենքն ասում է՝ կապ չունի՝ ինչքան ոչ օրինական է վարվել տուժող կողմը, ամեն դեպքում, երբ տեսնում ես, որ ստեղծվել է վթարային իրավիճակ, դու՝ որպես վարորդ, պետք է կանխարգելես։ Ուղղակի այս արագությամբ խաչմերուկում սլանալը նրան զրկել է այդ վտանգը, այդ վթարը կանխելու իրական հնարավորությունից»։
Մարիամ Կանայանը նաև հայտնեց, որ զեկույցում արձանագրել են 17 դեպք՝ վտանգավոր իրավիճակներ, որը ստեղծել է վարչապետի շարասյունը կամ ծառայողական մեքենաները․ «Այս բոլոր դեպքերում որևէ մեկը չէր սպառնում վարչապետին, այլ սպառնում էին ՀՀ քաղաքացիներին։ 2018-ին քարոզչում էր, որ պետք է չշտապեն, պետք է զիջեն քաղաքացիներին, իսկ արդեն 2019-ի փետրվարին՝ մինչև Սոնայի վրաերթը, Ամիրյան փողոցի վրա շարասյունն ուղեկցող մեքենաները շրջադարձ են կատարում հոծ գծով։ Մյուս դեպքը տեղի է ունեցել 2021-ի մայիսին՝ կրկին շարասյան մեքենաներից մեկի մասնակցությամբ՝ Վազգեն Սարգսյան-Խորենացի խաչմերուկում, որի պատճառով վիրավորումներ են եղել, մի քաղաքացի բավականին ծանր վիրավորում է ստացել, երկար բուժվել է։ Մեկ տարի առաջ Սոնա Մնացականյանի դեպքից Կարին Տոնոյանի տեղադրած տեսանյութում երևում է, որ Սյունիք գնալու ճանապարհին կատաղի արագությամբ վարչապետի ավտոշարասյան մեքենաները դուրս են գալիս հանդիպակաց գոտի և այլն»։
Սոնա Մնացականյանի մահացու վրաերթի գործի վերաբերյալ հատուկ զեկույցի ներկայացումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ






















































