Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր մուտքը հենց Գյումրիից ենք սկսել․․․ Ճիշտ ես էրել, որ կարողանաս առաջ էրթաս»․ զրույց՝ «Արժանիների իշխանության» վարչապետի թեկնածուի հետ

Մայիս 09,2026 18:19 Share

Այսօր Գյումրիում էին Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող մի նոր քաղաքական ուժի՝ «Շնորհապետական կուսակցության» ներկայացուցիչները։ Նրանց պարզաբանմամբ՝ շնորհապետությունը «մերիտոկրատիա» գիտաբառի հայերեն համարժեքն է, որը թարգմանությամբ նշանակում է «արժանիների իշխանություն»։

Նրանք իրենց քարոզարշավը սկսեցին Գյումրիից․ վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը նշում է՝ Գյումրին մի այլ էներգետիկա ու ճաշակ ունեցող քաղաք է։ Նրանք շրջեցին քաղաքի պատմական կենտրոնով, եղան  շուկայում, զրուցեցին մարդկանց հետ՝ բաժանելով իրենց նախընտրական ծրագիրը։

Վարչապետի երիտասարդ թեկնածուին գյումրեցիները բավական ջերմ ընդունեցին՝ փորձելով հասկանալ՝ ի՞նչ ուժ է ներկայացնում, ո՞ւմ են ուզում միանալու։

Գուրգեն Սիմոնյանը տարեց մի տղամարդու հետ զրույցում ասաց, որ իրենք ոչ մեկին էլ չեն միանալու։

«Ոչ մեկին չենք տալու մեր ձայնը, որովհետև «Շնորհապետական կուսակցությունը» հատուկ ստեղծված է այն քաղաքացիների համար, որոնք որ այլևս չեն ուզում ո՛չ նախկիններին, ո՛չ ներկաներին»,-պարզաբանեց թեկնածուն։

Մեկ այլ գյումրեցու հետ զրույցում էլ այս կուսակցության վարչապետի թեկնածուն ասաց, որ իրենց մուտքը՝ քարոզարշավը, սկսել են Գյումրիից։

«Գյումրին ուրիշ է, եթե կարողացար էստեղ համոզել, սաղ տեղերը կհամոզես ու կհամոզես»,- ասաց վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը։

Երիտասարդ մի տղամարդ արձագանքեց․ «Ճիշտ ես էրել՝ Գյումրիից ես սկսել, սաղն էլ իրանց մուտքը ստեղից կսկսեն, որ կըռնանան առաջ էրթան» ։

Մեկ այլ գյումրեցի էլ արձագանքեց․ «Գյումրեցուն համոզելը դժվար է, մնում է ճիշտ ինֆորմացիա տան»։

«Շնորհապետական կուսակցության» վարչապետի թեկնածուն լրագրողների հետ զրույցում ասաց՝ քարոզարշավը սկսում են Գյումրիից, քանի որ այն նախաձեռնող քաղաք է հանդիսանում բոլոր քաղաքական գործիչների համար։ Այս քաղաքը, ըստ նրա, տոկունության խորհրդանիշ ունի․երկրաշարժից հետո նորից ոտքի կանգնեց, կամք ու ոգի  գտավ իր մեջ ու այս առումով իրենց քաղաքական ուժի համար խորհրդանշական է Գյումրիից սկսելը։

Թե ինչ փոփոխություն են բերելու երկրում, թեկնածուն պարզաբանեց, որ իր պատկերացմամբ՝ հայ ժողովուրդը պետք է մերժի այն քաղաքական համակարգը, որի անբաժանելի մաս են բոլոր նախկին նախագահները և ներկայիս վարչապետը։

«Մեր քաղաքական ուժը ջատագովն է գիտելիքահեն կառավարման, այսինքն՝  քաղաքական համակարգի փոփոխություններով պայմանավորված՝ արժանիների իշխանություն պետք է լինի։ Շատերն ասում են՝ դուք ինքնահռչակ արժանի եք ձեզ հայտարարել, մենք ժպտում ենք ու ասում ենք՝ մենք դուռը բացողն ենք արժանիների համար, գիտակցում ենք, որ եթե քաղաքական ուժի առաջնորդը հաղթում է համապետական ընտրություններում, պետք է դադարի միայն կուսակցական առաջնորդ լինելուց, պետք է դառնա ամբողջ հանրապետության առաջնորդ և դիտարկի հայ ժողովրդի կադրային բազան, բոլորինը, ոչ միայն կուսակցական կադրային բազան։

Այդ փոփոխությունները մենք բերելու ենք, և ես գտնում եմ, որ մեր ժողովուրդն արժանի է ավելի լավ կյանքի, մեր ժողովուրդն արժանի է հավասարակշռված խաղաղության և արժանի է քաղաքակիրթ աշխարհի մասը լինելու, եվրոպական արժեհամակարգի մասը լինելու և զարգացած շուկաների հետ հաղորդակցվելու։
Մենք նաև խոստացել ենք, որ առանցքային փոփոխություն պետք է իրացնենք հանրակրթության ոլորտում՝ մանկապարտեզներից սկսած մինչև բարձրագույն ուսումնական հաստատություն, մինչև մասնագիտացում, նաև պաշտպանական անվտանգային համակարգի բեկումնային փոփոխություններ ենք խոստանում, որովհետև ես ինքս համարվում եմ այդ ոլորտի մասնագետ։

Երկար տարիներ աշխատել եմ ռազմաքաղաքական ոլորտում, պաշտպանական ազգային-հետազոտական համալսարանում եմ աշխատել, իմ գիտական ատենախոսությունն էլ անվտանգային համակարգին է պատկանում։

21-րդ դարի, 26 թվականի և  6-րդ սերնդի պատերազմներին հատուկ դիմակայուն հանրապետություն պետք է կայացնենք»։

Նա բացառեց որևէ տեսակի համագործակցություն նախկին նախագահների ու ներկայիս վարչապետի գլխավորած քաղաքական ուժի  ու նրան հետ ասոցացվող արբանյակ ուժերի հետ։

«Բաց ենք, մաքուր և նոր ուժերի հետ համագործակցությանը, եթե կլինեն նմանները», -ասաց թեկնածուն։

Ըստ նրա, իրենց հնարավորությունները բավական բարձր են գնահատում, 2-րդ կամ 3-րդ քաղաքական ուժն են, որոնք հավակնում են լինելու առաջինը Հայաստանի Հանրապետությունում։

«Շնորհապետական կուսակցության» ընտրացուցակի թեկնածուներից Էդվարդ Անտինյանն էլ ասաց, որ իրենց նպատակը բարեկեցիկ, անվտանգ,  համայն հայության հզոր հայրենիքի կառուցելն է։

«Մեր ազգի 70 տոկոսը գտնվում է դրսում, աշխարհի տարբեր վայրերում, և նրանցից շատերն առավոտ արթնանում են, ապրում են Հայաստանի կյանքով։ Այդ մարդկանց հետ դրսում շփվելով՝ կտեսնեք, որ նրանք անգամ ինտեգրված չեն այդ երկրների քաղաքական կյանքին։ Նրանք ամբողջությամբ՝ ուղնուծուծով ապրում են Հայաստանի կյանքով և այդ պարագայում անտեսել նրանց զգացումներն, ազնիվ չէ։

Առավել ևս, որ այդ մարդիկ շահագրգռված են, որ Հայաստանը համայն հայության մերանն է, սա աշխարհագրական տարածք չէ, որ ասենք այստեղ շատ լավ կապրեն պակիստանցիները, հնդիկները, մենք էլ գնանք ուրիշ երկրում պակիստանցի աշխատենք։ Այսինքն՝ ես դեմ չեմ, որ ուրիշ երկրից գան մեր երկրում աշխատեն, բայց այնպես  չլինի, որ այդ բարենպաստ պայմաններն ուրիշների համար լինեն, իսկ մեր երկիրը մենք չկարողանանք պահել»։

Նշենք, որ «Գործը ծնում է ուժ, ուժն՝ իրավունք» կարգախոսն ընտրած կուսակցության նախընտրական ծրագրի առանցքային դրույթը «Արժանապատիվ խաղաղությունն» է, ըստ որի՝ 6-րդ սերնդի պատերազմներին պատրաստ մարտունակ ու պրոֆեսիոնալ բանակ պիտի ձևավորեն, ռազմարդյունաբերությունը, տեխնոլոգիաները պիտի զարգացնեն։

Նախատեսված  է միջազգային ասպարեզում հանրապետության հեղինակությունն ավելացնել, դուրս գալ ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից։

Նախատեսում են նոր միջպետական ռազմաքաղաքական դաշինքներ հաստատել, առաջ մղել ազգային շահը, հարևան երկրների հետ էլ փոխշահավետ, հավասարակշռված խաղաղություն կյանքի կոչել։

«Կենսամակարդակ» դրույթի համաձայն էլ, այս քաղաքական ուժը պատրաստվում է  համաշխարհային աշխատաշուկայի միտումներին համահունչ նոր աշխատատեղերի ստեղծում, թոշակների բարձրացում, առաջին անհրաժեշտության ապրանքների զամբյուղի գնագոյացման պետական վերահսկողություն և սուբսիդավորում, բնակարանային ֆոնի նորացում․ կոմունալ վճարների արդարացի բաշխում, ԵՄ անդամակցության դիմում, լայնածավալ նախապատրաստական աշխատանքի իրականացում այս ուղղությամբ, դեմոգրաֆիական աճ, հանրային արդարության վերականգնում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031