Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակը ո՞րն էր արդեն բացված խաչմերուկից հետո մարդկանց բերման ենթարկելը. Լեւոն Քոչարյան

Մայիս 13,2026 18:16 Share

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր կայացավ ԱԺ«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը։ Իրականացվում էր ոստիկան վկաների հարցաքննություն:

Վկաներից մեկն ասաց, որ հրմշտոց է եղել, բայց հստակ չի կարող ասել, թե կոնկրետ ով է իրեն հրել: Դատախազը հետաքրքրվեց՝ կարող է արձանագրել, որ ոստիկանության ծառայողների եւ շղթա կազմած անձանց միջեւ քաշքշուկ է եղել, վկան դրական պատասխան տվեց:

-Պարոն Ղազարյան ասացիք, որ եկել էիք Մաշտոց- Ամիրյան խաչմերուկը բացելու, դուք հրապարակի՞ց եք եկել, հրապարակից ե՞ք շարժվել,-հարցրեց Լեւոն Քոչարյանը վկային:

-Այո,-պատասխանեց նա:

-Մենք մինչ այդ հրապարակո՞ւմ էինք:

-Չեմ հիշում, ոչ թե ասում եմ՝ հա:

-Որտեղից ենք հայտնվել,-հարցրեց Լեւոն Քոչարյանը,- Տեղյա՞կ եք, որ երթով եկել ենք մինչեւ այդ խաչմերուկ:

-Դե ամեն դեպքում մի ուղղությունից պետք է եկած լինեիք, բայց ուղղությունը չեմ կարող ասել,-ասաց վկան:

-Ի՞նչ եմ ուզում հասկանալ՝ ինքնին երթի հետ կապված ոստիկանությունը խնդիր ունե՞ր:

-Ինձ թվում է՝ չէ:

Այսինքն` մենք երթով հասել ենք խաչմերուկ, խաչմերուկը փակել ենք, դուք եկել եք խաչմերուկը բացել եք,-ասաց Քոչարյանը:

-Այո,-ասաց վկան:

-Դուք եկել եք հրապարակի կողմից Ամիրյանով, ճի՞շտ է…

-Ես կոնկրետ եկել եմ Խորենացու կողմից, Ամիրյանով չեմ եկել: Ու եկա, որոշ քաղաքացիներ դուրս եկան երթեւեկելի հատվածից, որոշները դուրս չեկան…

-Ձեր խնդիրը հետեւյալ խաչմերուկը բացելն է: Հիմա ձեր գալուց հետո խաչմերուկը բացվել էր, իսկ մնացած գործողություններն արդեն խաչմերուկից այս կողմ են եղել՝ դեպի Ամիրյան: Նպատակը ո՞րն էր արդեն բացված խաչմերուկից հետո մարդկանց բերման ենթարկելը,- հարցրեց Քոչարյանը:

-Բաց չի եղել, պարոն Քոչարյան, ես ասացի, որ քաղաքացիներ կային, որ փակ էին պահում:

-Տեսանյութերից հստակ երեւում է, արդեն բաց է եղել խաչմերուկը, ձեր մեքենաներն արդեն կանգնած էին խաչմերուկից այս կողմ: Դրանից հետո մարդիկ շարունակվում էին բերման ենթարկվել բացված խաչմերուկի պայմաններում, իմաստը ո՞րն էր,-տարակուսանք հայտնեց Լեւոն Քոչարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում.

Վկան չկարողացավ նաեւ հստակ պատասխաններ տալ Քոչարյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հարցերին:

Նա նաեւ ասաց, որ շատ բաներ չի հիշում:

-Մեկ ասում եք, որ բերման ենք ենթարկել, որովհետեւ երթեւեկելի հատվածն են փակել, մեկ ասում եք, եթե մեզ հանդիպակաց գոտիով չգային, երթը շարունակեին, կարող էին բերման չենթարկվեին…Պարոն Ղազարյան, կողմնորոշվեք, յուրաքանչյուր պարագայում բերման կենթարկեի՞ք Լեւոն Քոչարյանին՝ անկախ նրանից կգար ձեզ ընդառաջ, թե ոչ, թե՞ եթե շարունակեր իր երթը…Անկեղծ ասած տրամաբանությունը չհասկացա,- ասաց Լեւոն Քոչարյանի փաստաբանը:

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւն էլ դիմելով դատարանին՝ կես կատակ-կես լուրջ ասաց, որ իրեն կարելի է գործազրկության նպաստ նշանակել:

-Այստեղ նստած է նաեւ պարոն Ասատուրովը: Հանրային մեղադրողն այնքան դատավարական էթիկետը չի պահում, որ մի հատ էլ հարցնի՝ իսկ Ասատուրովն ի՞նչ էր անում: Ինձ մոտ տպավորություն է, որ գալիս ենք այս դատավարությանը ուղղակի հետեւելու, վարույթի հետ առնչություն չունենք, որովհետեւ դերակատարները Հրաչիկ Խաչատրյանն ու Լեւոն Քոչարյանն են: Եվ այն հարցը, որ վկան խուսափեց պատասխանելուց՝ այն է, որ մենք այստեղ ենք միայն մեկ պատճառով, որ պարոն Ասատուրովը պարոն Քոչարյանի ընկերն է, եւ իրեն կալանավորելը պետք է նաեւ անձնական ցավ պատճառեր եւ ոչ թե քրեական հետապնդումով անցկացվեր: Եվ չմոռանանք, որ նախաքննության ավարտից մի քանի օր առաջ պարոն Ասատուրովին կանչել, ասել են՝ դու էլ ես մեղադրյալ,-ասաց Կոչուբաեւը:

 

Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 22-ի ոստիկանության ծառայողները բերման էին ենթարկել անհնազանդության ցույցերին մասնակցող Լեւոն Քոչարյանին, որը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Նույն օրը հայտնի էր դարձել, որ Քոչարյանը ձերբակալվել է՝ ոստիկանության 4 ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք էր ներկայացրել, ապա կալանավորման միջնորդությամբ դիմել դատարան, որը բավարարվել էր։ Լեւոն Քոչարյանը, սակայն, ազատ էր արձակվել ՝ ԱԺ պատգամավոր դառնալուց հետո։ Հավելենք, որ նախաքննության ավարտական փուլում Լեւոն Քոչարյանի մեղադրանքը փոփոխվել էր, մեղադրանք էր ներկայացվել նաեւ Սերգեյ Ասատուրովին։

 

Լուսանկարը՝ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031