«Բացի այն, որ սա բռնապետական համակարգ կառուցելու նոր երաշխիքներ է տալիս, ընդհանրապես վերացնում է ճնշումների, հակակշիռների մեխանիզմը, տալիս է անսահմանափակ իշխանություն գործադիր մարմնին, ձևականորեն վերապահված են ինչ-որ բաներ ընդդիմությանը, բայց այսօր էլ այդ իրավունքները կան, և պրակտիկայում կիրառելի չեն։ Նաև հետաքրքիր բան կարող եք այս տեքստում տեսնել՝ կարծես հանցագործի օրագիր լինի, ցանկացած փոփոխություն, որ այս սահմանադրության մեջ կատարվել է, դրա վերաբերյալ մի հանցանք այս իշխանությունն ունի գործած»,- մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծին։
Ըստ նրա՝ բացի այն, որ Նիկոլ Փաշինյանը կատարում է Ալիևին տված խոստումը, փորձում են պարտակել ՔՊ-ի՝ նախկինում կատարած հանցագործությունները․ «Նիկոլ Փաշինյանի ենթակաները փորձում են սրբագրել, պարտակել Նիկոլ Փաշինյանի բոլոր հանցանքները։ Յուրաքանչյուր անձ, որն այս գործում է թաթախված, պետք է հասկանա, որ ինքը գալիս է թաքցնելու այդ հանցագործությունները»։
Անդրադառնալով նոր սահմանադրության նախագծում ներառված քաղաքացիությունից զրկելու դրույթին՝ Հովհաննես Խուդոյանն այսպիսի մտահոգություն հայտնեց․ «Քրեական վարույթների տրամաբանությունը հուշում է, որ բոլոր նման գործերը լինելու են քաղաքականապես ակտիվ հայացքներ ունեցող, ընդդիմադիրների նկատմամբ։ Սա լրացուցիչ շանտաժի գործիք է։ Այս պահին շատերը պատրաստ են հանուն իրենց գաղափարների գնալ ու քրեակատարողական հիմնարկներում անցկացնել տարիներ։ Քանի որ մեղմվել է կալանքը կրելու վախը, էլ չկա մարդկանց մոտ, հիմա լրացուցիչ գործիք են փորձում ավելացնել զրկելու քաղաքացիությունից։ Մի նուրբ բան էլ կա այստեղ․ այն անձը, որը ՀՀ քաղաքացի չէ, կարող է հանձնվել օտարերկրյա պետության, այն անձը, որն ազգությամբ հայ է, ունի քաղաքացիություն, ունի ուրիշ երկրի քաղաքացիություն, իրեն չես կարող ուղղակի վերցնել ու քաղաքացիությունից զրկես։ Այս տեքստով հաղթահարված է այդ հնարավոր մեխանիզմը, որ անձանց կարող են արտահանձնել՝ այդ թվում նաև Ադրբեջան։ Ցանկացած անձ, որը զինծառայություն է անցել այսօրվա իրենց հայտարարած Ադրբեջանի տարածքում՝ Արցախում ըստ Ադրբեջանի՝ հանցագործ է։ Ցանկացած տղամարդ, որը զինծառայություն է անցել Արցախի տարածքում, քաղաքացիությունից զրկվելուց հետո Ադրբեջանի պահանջով կարող է հանձնվել Ադրբեջանին»։
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ այսպիսի մտահոգություն ունի․ «Այս սահմանադրությամբ՝ վաղը ցանկացած ցույց անողի կարող են զրկել քաղաքացիությունից․ այսօր բանտարկում են, վաղը ոչ միայն բանտարկելու են, այլև քաղաքացիությունից զրկելու, որովհետև ցույցի ցանկացած միտք կարող են տեղավորել այն ձևակերպումներում, որով հիմնավորեն, որ մարդուն կարող են զրկել քաղաքացիությունից»։

Members of the National Assembly representing the Hayastan faction Agnesa Khamoyan, Levon Kocharyan and lawyer Hovhannes Khudoyan gave a press conference at the office of the second President of Armenia. Yerevan, Armenia
Պատգամավորներ Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































