Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում երբևէ չի եղել իշխանափոխություն ընտրությունների միջոցով. Հայկ Մարության

Մայիս 13,2026 19:22 Share

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության վարչապետի թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությունը մտավախություն չունի, որ որպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ՝ իշխանություններն իրեն կմեկուսացնեն՝ ձերբակալությամբ կամ կալանքով։

«Իշխանությունը չի կարող կալանավորել մեզ։ Տարբեր ավտորիտար երկրներում այդպիսի բաներ լինում են։ Մեզ մոտ ավտորիտարիզմ և դիկտատուրա չէ, բայց, եթե այսպես շարունակվի, մենք կարող ենք շատ արագ մոտենալ այդ շեմին։ Այս պահին մենք մտավախություն չունենք, որովհետև մեր բոլոր գործողություններն անում ենք օրենքի սահմաններում, հստակ հետևում ենք ընտրական օրենսգրքի և կենտրոնական ընտրական հանձնաժողովի ցուցումներին, այնպես որ չեմ կարծում՝ այստեղ խնդիր կունենանք։

Հուսով եմ՝ ամբողջ ընտրական գործընթացը կանցնի օրենքի սահմաններում, իշխանությունները նույնպես առնվազն կփորձեն մնալ օրենքի սահմաններում, որովհետև մենք ունենք 2023-ի դառը փորձը Երևանի ավագանու ընտրություններից, որտեղ լայն մասշտաբով օգտագործվում էր վարչական ռեսուրսը՝ իշխանության օգտին»,- այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախընտրական հանդիպումների շրջանակում լրագրողներին ասաց Մարությանը։

Aravot.am-ը Մարությանից հետաքրքրվեց՝ ինչ ակնկալիքներով է գնում ընտրության՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, երբ իշխանափոխությունը տեղի ունենա ընտրության ճանապարհով։

Ի պատասխան՝ Մարությանն ասաց․ «Երբ որ ասում են՝ երկիրը դեմոկրատական է, առաջին հերթին պետք է այդ հարցը լինի՝ արդյո՞ք գոնե այս երկրի պատմության ընթացքում եղե՞լ է դեպք, երբ ընտրություններով իշխանափոխություն է արվել։ Հայաստանում երբևէ չի եղել իշխանափոխություն ընտրությունների միջոցով։ Ես հույսեր եմ փայփայում, որ մի օր այդ օրը կլինի։

Օրինակ՝ հունիսի 7-ին այդ շանսը կա, մեծ բան է կախված մեր ժողովրդից։ Եթե մեր սիրելի քաղաքացիները գնան ընտրության, գոնե ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 60-70 տոկոսը մասնակցի ընտրությանը, վստահ եմ, որ իշխանափոխություն տեղի կունենա։ Եթե լինեն պասիվ՝ Երևանի ավագանու ընտրությունների պես, ապա այն խմբերը, որոնք ավելի կազմակերպված են, վարչական ռեսուրս են օգտագործում, բնականաբար, հաղթանակ կտանեն»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031