Լրահոս
Օրվա լրահոսը

Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել

Մայիս 13,2026 22:10 Share

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, բացահայտել են բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող հերթական հանցավոր գործունեությունը:

Ըստ օպերատիվ տվյալների՝ մի խումբ անձինք Արագածոտնի մարզի Կարբի գյուղի առանձնատներից մեկում տեղադրել են մասնագիտացված համակարգչային տեխնիկա և հատուկ մշակված ծրագրերի միջոցով իրականացրել խոշորամասշտաբ համակարգչային հափշտակություններ:

Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներն ամբողջացվել են, և հաղորդումը ներկայացվել է Քննչական կոմիտե:

Ապրիլի 29-ին, դատարանի որոշմամբ, Քրեական ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները նշված առանձնատանը իրականացրել են խուզարկություն։ Հայտնաբերվել և առգրավվել են հանցանքի գործիք տեխնիկական միջոցները, այդ թվում՝ համակարգչային տեխնիկան, բջջային հեռախոսներն ու ենթադրյալ հանցավոր գործունեության մեջ օգտագործվող այլ սարքավորումներ։

Խմբի գործունեության ուղղություններից մեկը եղել է զանգերի անօրինական տերմինացիան: Այն հեռահաղորդակցության ոլորտում տարածված հանցագործություն է, որը կոչվում նաև GSM-ֆրոդ կամ SIM-բոքսինգ:

Օգտագործվել են բարձր տեխնոլոգիական լուծումներ. օտարերկրյա մի շարք ընկերություններից ձեռք են բերվել համապատասխան ծառայություններ և VoIP (Voice over IP) հարթակներ, որոնց միջոցով միջազգային հեռախոսային հոսքը համացանցային կապուղիներով ներբեռնվել է տեղական հեռահաղորդակցության ցանցեր՝ ձևակերպելով որպես տեղական զանգերի: Իրականացվել են տարբեր որակի տրաֆիկների միախառնում և արհեստական րոպեների գեներացում՝ ստվերային եկամուտների ապահովման համար:

Խմբավորման հանցավոր սխեման ներառել է նաև հեռահաղորդակցության համակարգերում վնասաբեր ծրագրակազմերի կիրառումը: Օգտագործելով արհեստական բանականության և ծրագրավորման տարբեր լեզուներով հատուկ հրահանգներ՝ հանցագործները թիրախավորել են անհատական օգտահաշիվները, ինչը հնարավորություն է տվել մուտք գործել քաղաքացիների անձնական հաշիվներին և իրականացնել ֆինանսական միջոցների ուղղակի հափշտակություն:

Թվային հետքերը վերացնելու և բացահայտման ռիսկը նվազեցնելու նպատակով կիրառվել են քողարկման հատուկ մեթոդներ, իսկ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները փոխակերպվել են կրիպտոարժույթի:

Ներկայումս իրականացվում են լայնածավալ փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է:

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031