Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ո՞րն է ի վերջո Վարդենիս գյուղատեղին

Օգոստոս 05,2023 12:00

Արագածոտնի Կարբի գյուղի դիմաց, Քասախ գետի կիրճի ձախ՝ ժայռոտ հրվանդանին, բավական ընդարձակ տարածության վրա սփռված են լքված գյուղատեղիի ավերակները: Նրա հարավային՝ դեպի կիրճի եզրը սահմանափակված մասում, հզոր պարսպաշարերով պատվարված ամրոցն է, որի մուտքը արեւմտյան կողմից է: Դեռեւս խորհրդային տարիներին նկատելի էին գյուղատեղիի հատակագծային հորինվածքը, փողոցներն ու տնամերձ բակերը: Սակայն այն հյուսիսային մասից մեծ չափով ավերվեց եւ վերածվեց պտղատու այգիների:


1235թ. խաչքարը Վարդենիս գյուղատեղիում

Կարբեցիները տեղանքն անվանում են «Կարբու կալատեղ», որի մասին Պերճ Պռոշյանը «Բղդե» վեպում գրել է. «Տափարակի վերա դարավոր ժամանակից, կողք-կողքի տված ապրում են բավականին ավերակներ: Շենքի շնորհքից՝ արտաքուստ գյուղատեղի նմանություն ունի ավերակները. հավանական է, որ հնումն այնտեղ բանել է մի աշխատասեր ժողովրդի գութանի սուր խոփը, խմելու համար օգտվելով Քասախի ջրից. բայց ինչ կանես, որ առաջ էլ լսվել է, այսօր էլ լսվում է, որ ավերակները Կարբու կալատեղերն են եղել»:

1254թ. գարնանը, Կիլիկիայի Հայոց պետության արքա Հեթում Ա-ն, Մոնղոլիայի կայսեր Մանգու խանի հետ բանակցելու համար, ուղեւորվում է մոնղոլական թագավորության մայրաքաղաք Կարակորում: Կիլիկիայից մինչեւ Կարակորում, ճանապարհը շատ երկար էր, ուստի Հեթում Ա-ն ուղեւորվում է փոքրաթիվ ուղեկիցներով եւ զգեստափոխված սպասավորի հագուստով: Նա կտրում անցնում է գրեթե ամբողջ Փոքր Ասիան եւ հասնում Կարս քաղաքը, որտեղ հանդիպում է մոնղոլական կայսեր տեղապահ Բաչու զորավարին, նրա բարձրաստիճան զորականներին, ապա անվտանգ անցնում Այրարատի կողմնակալություն: Այստեղ նրան դիմավորում է իշխանաց իշխան Քուրդ Ա Վաչուտյանը եւ տեղափոխում Վարդենիս գյուղը, որտեղ իր նստավայրն էր՝ դղյակը: Այդ ժամանակաշրջանի պատմիչ Կիրակոս Գանձակեցին, գրում է, որ թե՛ Կարակորում գնալուց առաջ, թե՛ Կարակորումից վերադառնալուց հետո, Հեթում Ա-ն եղել է Վարդենիսում: Վերջինիս հետ խորհրդակցելն այնքան կարեւոր է եղել, որ այնտեղ են եկել մի շարք բարձրաստիճան իշխանավորներ, հոգեւորականներ, ընդ որում ոչ միայն հայեր, այլեւ այլ քրիստոնյա ազգերի ներկայացուցիչներ: Գանձակեցու հաղորդումից երեւում է, որ ինքը եւս եղել է Վարդենիսի դղյակում եւ այդ է հաստատում հետեւյալ տողը. «Բազմաթիվ զարմանալի ու անծանոթ բաներ պատմեց մեզ բարբարոս ազգերի մասին, որ տեսել էր կամ լսել»:

Կիրակոս Գաձակեցին իր պատմությունում, մի ամբողջ գլուխ է նվիրել Հայոց Հեթում թագավորի Մանգու խանի մոտ գնալու մասին: Նա գրել է, որ Հեթում թագավորը «կանգ առավ Արագածոտնում՝ Արայի լեռան հանդեպ, Վարդենիս կոչված գյուղում, ազգով հայ, կրոնով քրիստոնյա Քուրդ անվանված իշխանի տանը. նրա որդիք էին Վաչեն ու Հասանը, եւ կինն էր Մարզպանի դուստր՝ Մամիկոնյան տոհմից Խորիշահը՝ Ասլանբեկի եւ Գրիգորի քույրը: Այստեղ մնաց մինչեւ նրա համար իր տանից բերվեց ինչքը ընծաների ու նվերների համար»:

Պատմիչը հստակ նշել է, որ Վարդենիս գյուղը գտնվում էր Արագածոտնում եւ կարծում ենք, որ եթե խոսքը Նիգ գավառի Վարդենիս կամ Վարդենուտ գյուղերին վերաբերվեր, ինչպես շատերը ենթադրել են, ապա նա անշուշտ կնշեր, քանի որ նա նույնպես եղել է այդ գյուղում: Եվ, երկրորդը՝ նույնպես հստակ է, որ Վարդենիսը գտնվում էր «Արայի լեռան հանդեպ»: Պատմիչ Զաքարիա Քանաքեռցին եւ մի շարք ժամանակագիրներ, իրենց գրվածքներում ու ձեռագրաց հիշատակարաններում Արայի լեռան հարավային կողմում գտնվող բնակավայրերը (Հովհաննավանք, Սերկեւիլ, Կարբի եւ այլն), ինչպես նաեւ վանքերը (Հովհաննավանք, Կարբիի, Մուղնու Սբ Գեւորգ եւ այլն) իրենց տեղադրությամբ նշել են որպես «Արայի լեռան հանդեպ»: Հետեւաբար, Վարդենիս գյուղը պետք է փնտրել Արայի լեռան հարավային մասերում եւ ոչ հյուսիսում՝ ներկայիս Ապարանի տարածաշրջանում: Առկա է մի նկատառում եւս, քանի որ Կարբին Արագածոտնի վարչական կենտրոն էր, իսկ նրան հարեւան՝ Հովհաննավանքը հոգեւոր կենտրոնը, ապա Վաչուտյանների նստավայրը պետք է, որ դրանց մոտ գտնվեր: Եվ այդպես էլ կար: Վերնշված գյուղատեղին գտնվում է Արայի լեռան հանդեպ, Կարբիի դիմաց՝ Քասախի մյուս ափին, եւ նրան շատ մոտ է Հովհաննավանքը:

Հայտնի է, որ Կարբիի զանգակատան մի շարք արձանագրություններ Վաչուտյանների իշխանական տան հրամանագրեր են: Մի հրամանագիր էլ արձանագրված է հենց այդ գյուղատեղիում՝ կանգուն, քանդակազարդ խաչքարի պատվանդանին, որը ինչպես ենթադրել է հայտնի պատմաբան Բագրատ Ուլուբաբյանը, շարետ հարկի վերացման մասին է: Այն 1235թ. կանգնեցրել է վերնշված Քուրդ Ա Վաչուտյանը: Վերջինս շինարարական բուռն գործունեություն է ծավալել: Նա է կառուցել Հովհաննավանքի գավիթը (1250 թ.), Սաղմոսավանքի Կաթողիկեն (1241 թ.), գավիթը եւ գրատունը (1255 թ.), 1244 թ.՝ Աստվածընկալի Կաթողիկեն, գավիթը, Եղիպատրուշի եկեղեցին ու գավիթը եւ այլ բազում շինություններ: Հեթում Ա արքայի Վարդենիսում հանգրվանելու մասին գրել է նաեւ զորավար, իրավագետ, պատմիչ, դեսպանախմբի անմիջական մասնակից Սմբատ Սպարապետը. «Եւ հասին… ի տեղի ուրումն, որ կոչի Վարդենի, եւ  իջեւանեցան ի տուն ուրումն իշխանի Քուրդ անուն, եւ մնային ընծայիցն զոր պատրաստեալ էին խանին»: Այստեղից նկատելի է, որ պատմիչը գրել է ոչ թե Վարդենիս, ինչպես նշել է Գանձակեցին, այլ՝ Վարդենի եւ կարծում ենք, որ դա  Սմբատ պատմիչի կողմից վրիպում չէ, այլ գյուղի իրական պատմական անվանման հիշատակումն է:

Հեթում Ա-ն (1213-1270 թթ.) Կիլիկիայի Հայոց թագավոր է հռչակվել 1226 թ. եւ հիմք է դրել Հեթումյանների հարստությանը: Նա իշխել է բարդ ժամանակաշրջանում. մի կողմից արեւմուտքում խաչակրաց արշավանքներն էին, որոնց արդյունքում Մերձավոր Արեւելքում ստեղծվել էին եվրոպացի իշխանավորների հիմնադրած կոմսություններն ու դքսությունները՝ պայքարելով միմյանց դեմ, մյուս կողմից հայոց թագավորությանը սպառնում էին շրջապատող իսլամադավան պետությունները։ Այս բոլորի վրա գումարվել էր մոնղոլների արշավանքը: Նրա օրոք վերելք է ապրել տնտեսական եւ մշակութային կյանքը։ Հեթումի անունով եւ պատկերով հատվել են ոսկյա, արծաթյա եւ պղնձյա դրամներ։ Միջնադարյան պատմագիրները նրան տվել են բազմաթիվ պատվանուններ՝ «Աստվածասեր», «Բարեպաշտ», «Մեծն», «Քրիստոսասեր», «Քրիստոսապսակ» եւ այլն։ Հեթում Ա-ն իրեն անհամար նեղություններ պատճառելով ձեռնարկում է դժվարին մի ճանապարհորդություն դեպի հեռավոր Կարակորում՝ մեծ խան Մանգուի մոտ։ Հանդիպելով նրան, բանակցում է եւ կնքում խիստ նպաստավոր դաշնագիր։ Նա խնդրում է, որ թաթար-մոնղոլների կողմից նվաճված կամ նվաճվելիք բոլոր երկրներում քրիստոնյաների եկեղեցիները, քահանաները, սպասավորներն ու մյուս կրոնական անձինք լինեն ազատ եւ չենթարկվեն ստրկության։ Այսպիսով, Կարբիի արեւելյան մասում Վարդենի գյուղն էր, որը իշխանաց իշխան Քուրդ Ա-ի նստավայրն էր եւ Հայաստանի համար բախտորոշ հարցերի քննարկման կարեւորագույն տեղ: Քուրդ Ա-ն այստեղ 1240 թ. հյուրընկալել է Արցախի ինքնակալ արքա Հասան Ջալալ Խաչենցուն, 1247թ.՝ Վայոց ձորի կողմնակալ-փոխարքա, իշխանաց իշխան Պռոշին եւ ուրիշ շատ նշանավոր պաշտոնյաների ու հոգեւորականների:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ

ԿԳՄՍ նախարարության պատմամշակութային ժառանգության
գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող

Գլխավոր լուսանկարում՝ Վարդենիս գյուղատեղիի ամրոցը

«Առավոտ» օրաթերթ
04.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031