ԱԺ ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու Սամվել Հակոբյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի վարքագծին եւ երեկ Վանաձորում «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թեւանյանին պետական դավաճան անվանելուն, ասաց. «Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունները որեւէ կերպ չեն ընդունում այն փաստը, որ դատական, օրենսդիր եւ գործադիր մարմինները պետք է իրար հետ կապ չունենան։ Այսինքն, մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը թե քննչականը, թե դատախազությունը, թե ԱԱԾ-ն, թե դատարանները դիտում է որպես գործիք սեփական քաղաքական կրեդիտը մեծացնելու եւ օպոնենտներին ճնշելու համար։ Եթե Նիկոլ Փաշինյանի ասածներից որեւէ մեկը ճիշտ լիներ, այդ ժամանակ հարց կլիներ, թե ինչու է զուգադիպում, որ միշտ ընտրություններից առաջ է այս ամենն սկսվում։
Բնականաբար, իմ աջակցությունն եմ հայտնում պարոն Թեւանյանին; Մենք միասին անցած ճանապարհ ունենք։ Պարոն Թեւանյանը հայտնվել է Նիկոլի աչքի տակ զուտ նրա համար, որ ակտիվ քաղաքականությամբ է զբաղվում եւ հիմա մասնակցում է ընտրություններին։ Նաեւ տեսանք, որ Գագիկ Ծառուկյանին ասացին, որ ցեմենտի գործարանը պետք է պետականացվի։ Հիմա կա փաստացի երեք խոշոր ընդդիմադիր ուժ, որոնք մասնակցում են ընտրություններին։
Ես մասնակցում եմ «Հայաստան» դաշինքի ցուցակով, բայց դա ինձ որեւէ կերպ չի կաշկանդում ասել՝ ես տեսնում եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերներին ուղիղ ռեպրեսիաների են ենթարկում պարզապես, այն պատճառով, որ իրենք որոշել են մասնակցել ընտրություններին։
Ես վստահ եմ. եթե Անդրանիկ Թեւանյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը չմասնակցեին ընտրություններին, Նիկոլ Փաշինյանի անմաքուր բերանը չէր բացվի այս մարդկանց ուղղությամբ։ Բայց քանի որ այս մարդիկ որոշել են խանգարել Նիկոլին Հայաստանը թուրքական վիլայեթ սարքելու գործընթացում, բնականաբար, Նիկոլ Փաշինյանը իրեն կորցնում է։ Այս քարոզարշավում, հատկապես, Երեւանում, մենք շատ առիթներ ենք ունենում տեսնելու Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը, թե ինչպես է նա վերաբերվում հայ մարդկանց, հատկապես՝ արցախցիներին։ Ցույց է տալիս, որ նա տղամարդկային որեւէ որակ չունի, եթե կարողանում է իրեն թույլ տալ կանանց վրա բղավել, կանանց ձեռքերից քաշքշել։
Կարդացեք նաև
Եթե մենք այսօր ունենայինք իրական քրեաիրավական համակարգ, իրական արդարադատության սիստեմ, վստահաբար կարող եմ ասել, որ այն ամենը ինչ Նիկոլ Փաշինյանն անում է իր քարոզարշավի ժամանակ, հենց դրա համար կենթարկվեր պատասխանատվության։ Ինքը տեռորի է ենթարկում սեփական քաղաքացիներին, սպառնում է՝ եթե իրեն չընտրեն, կլինի պատերազմ, ինչ-որ երեք գլխանի հրեշներ է հորինում։ Բայց փաստն այն է, որ Հայաստանն ունեցել է չորս ղեկավար եւ այդ չորսից միայն իր ժամանակ է, որ Հայաստանն ունեցել է նման քանակի պարտություններ, կորուստներ։ Ու ամենամեծ խնդիրը՝ մեր ազգային արժանապատվությունը երբեք որեւէ մեկը չէր կարողացել ոտնահարել։ Նիկոլ Փաշինյանը դարձել է մեր ժողովրդի ազգային արժանապատվության ոտնահարման սիմվոլը»,-ասաց Սամվել Հակոբյանը։
Խոսելով ընտրությունների մասին՝ նա ասաց. «Մեր ժողովուրդն է որոշելու՝ Նիկոլ Փաշինյանը կարողանալո՞ւ է այս կերպ շարունակել, թե՞ պատժվելու է։ Եթե մարդիկ հունիսի 7-ին մնացին տանը, ապա Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու է եւ շարունակելու է տեռորի ենթարկել իր ընդդիմախոսներին, շարունակելու է մեր պետությունը տանել դեպի Թուրքիա։ Եթե մարդիկ գնացին ընտրության, ունեցանք մասնակցության բարձր տոկոս, վստահաբար, Նիկոլ Փաշինյանը եւ իր վերնախավը հայտնվելու են բանտում, պատասխան են տալու այս կործանարար քաղաքականության համար։
Իմ պատկերացմամբ, Նիկոլ Փաշինյանը ունի մեկ խնդիր՝ փորձում է այս քարոզարշավը սարքել Հայաստանի պատմության ամենազզվելի քարոզարշավը»,- եզրակացրեց Սամվել Հակոբյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































