Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը միավորում են ջանքերը կիբեռանվտանգության կրթության ոլորտում

Մայիս 22,2026 11:41 Share

Ucom-ի աջակցությամբ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը (ՄԻԿ)  հայտարարում է թվային անվտանգության վերաբերյալ գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացմանն ուղղված «Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դեռահասների համար» ծրագրի մեկնարկի մասին։

Ծրագրի շրջանակում կանցկացվեն «Կիբեռանվտանգության հիմունքներ» խորագրով անվճար դասընթացներ, որոնց ընթացքում 14-17 տարեկան դպրոցականները կծանոթանան կիբեռանվտանգության հիմնական թեմաներին, կսովորեն անվտանգ գործել թվային միջավայրում և ձեռք կբերեն գործնական գիտելիքներ ու հմտություններ՝ ժամանակակից թվային սպառնալիքները հասկանալու և դրանցից պաշտպանվելու համար։

«Թվային աշխարհում անվտանգությունը դարձել է ոչ միայն տեխնիկական, այլև կրթական առաջնահերթություն։ Ucom-ի համար կարևոր է աջակցել այնպիսի նախաձեռնությունների, որոնք օգնում են երիտասարդներին ձեռք բերել ժամանակակից գիտելիքներ և անվտանգ ու պատասխանատու կերպով օգտվել տեխնոլոգիաներից։ Վստահ ենք, որ այս ծրագիրը դեռահասներին կտա կարևոր հմտություններ, որոնք օգտակար կլինեն թե՛ առօրյայում, թե՛ ապագա մասնագիտական ճանապարհին», -նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Դասընթացի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի նաև արդի թվային ռիսկերին, ներառյալ՝ արհեստական բանականությամբ պայմանավորված սպառնալիքներին, deepfake տեխնոլոգիաներին և առցանց մանիպուլյացիաների մեխանիզմներին։

«Մեզ համար կարևոր է, որ դեռահասները ոչ միայն օգտվեն տեխնոլոգիաներից, այլ նաև հասկանան, թե ինչպես անվտանգ գործել թվային միջավայրում և զարգացնել իրենց հետաքրքրությունը կիբեռանվտանգության ոլորտի նկատմամբ։ Վստահ ենք, որ նման ծրագրերը նպաստում են ոչ միայն գիտելիքների փոխանցմանը, այլև պատասխանատու թվային մշակույթի ձևավորմանը Հայաստանում»,-նշել է ՄԻԿ-ի տնօրեն Մարի Բարսեղյանը։

Դասընթացի ավարտին կկազմակերպվի Mini-CTF (Capture The Flag) մրցույթ, որը մասնակիցներին հնարավորություն կտա թիմերով աշխատել իրական սցենարների վրա հիմնված առաջադրանքների շուրջ՝ զարգացնելով ոչ միայն տեխնիկական գիտելիքները, այլև թիմային աշխատանքի, վերլուծական մտածողության և խնդիրների լուծման հմտությունները։

Ծրագրի արդյունքում 60-70 դեռահաս ձեռք կբերի կիբեռանվտանգության բազային գիտելիքներ և գործնական հմտություններ՝ իրենց անձնական սարքերում և թվային միջավայրում առավել անվտանգ ու վստահ գործելու համար։ Նախաձեռնությունը նաև հիմք կստեղծի հետագայում այս ուղղությամբ կրթությունը շարունակելու և մասնագիտական հետաքրքրություններ ձևավորելու համար։

Ծրագրի մանրամասներին, մասնակցության պայմաններին և գրանցման ընթացքին կարելի է ծանոթանալ ՄԻԿ-ի պաշտոնական կայքում՝ https://tr.ee/1cVIxo:

Ucom-ի և ՄԻԿ-ի համագործակցությունը միավորում է տեխնոլոգիաները, կրթությունն ու անվտանգությունը՝ նպաստելով Հայաստանում ավելի իրազեկ, պաշտպանված և տեխնոլոգիապես պատասխանատու երիտասարդ սերնդի ձևավորմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031