«Ուժեղ Հայաստան» դաշինքի թիմն այսօր նախընտրական քարոզարշավ անցկացրեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը բնակչության հետ հանդիպման ժամանակ ասաց․ «Մեր երկրի այսօրվա նախագահը, հիշո՞ւմ եք, Խաչատուրյան է ազգանունը, ասում է՝ մենք պետք է Սյունիքի դարպասները բացենք։ Նժդեհի փակած դարպասը Խաչատուրյանը եկել բացում է։ Այդ դարպասը Նժդեհն է փակել, այդ դարպասը, որ փակել են, հաշվարկել են, որ դա պետք է հայկական լինի։ Ու եթե բացեցինք, գալու են, բնակվեն»։
Նարեկ Կարապետյանն ասաց՝ ով չի գնում ընտրության, իր քվեն գնում է Փաշինյանին։ «Երևան քաղաք, գնա ընտրության, որ գնան»,- կոչ արեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Ղամուշյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանի կրթական համակարգն այսօր բարձիթողի վիճակում է գտնվում։ «Մենք գալիս ենք՝ դա արմատապես փոխելու։ Ուժեղ Հայաստանում կրթությունը ոչ թե նորաձև է լինելու, այլ պարտադիր և շատ բարձր մակարդակի։ Ուժեղ Հայաստանում բարձրագույն կրթությունն անվճար է լինելու, բուհերն ապաքաղաքական են լինելու, ուժեղ Հայաստանում ուսուցիչը բարձրագույն արժեք է»,- նշեց նա։
Անդրադառնալով անվտանգությանը՝ Գոհար Ղամուշյանը նշեց, որ միջազգային լավագույն փորձն օգտագործելով՝ մեր բանակը դարձնելու են մարտունակ, իսկ սահմաններն ու օդը՝ պաշտպանված։ «Ուժեղ Հայաստանում մեր կառավարության մեկ տարի հետո ժամկետային զինծառայությունը մեկ տարի է դառնալու։ Մենք բերելու ենք ոչ թե թղթի վրա նախաստորագրված, այլ իրական, երաշխավորված խաղաղություն»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
«Ուժեղ Հայաստան»-ի անդամ Լիլիա Շուշանյանի խոսքով՝ այս իշխանության համար ոչ միայն լուռ հայն է ամենահարմար հայը, այլ, պարզվում է՝ մեռած հայն է ամենահարմարը։ «Եվ մենք այսօր պետք է բացատրագիր ներկայացնենք, թե ինչու ենք ողջ։ Այդ բացատրագիրը նույնպես հունիսի 7-ին համար 3 քվեաթերթիկով մենք կներկայացնենք, թե ինչու է հայը ողջ, թե ինչու ենք այսօր մենք այստեղ և ինչու դեռ դարեր շարունակ կլինենք։ Եվ այն նախարարը, ով պահանջել է այդ բացատրագիրը, դեռ ինքը բացատագիր ունի ներկայացնելու, թե ինչո՞ւ են ադրբեջանցիների կողմից այսօր օկուպացված Հայաստանի տարածքները։ Ինչո՞ւ 9 ամիս արցախցիները մնացին բլոկադայի մեջ, երբ ՀՀ-ն էր նրանց անվտանգության երաշխավորը, և ինչո՞ւ են գերեվարված այսօր հայորդիները։ Այդ բացատրագիրը դուք դեռ պետք է ներկայացնեք»,- նշեց Շուշանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
«Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանն էլ իր ելույթում ասաց․ «Կարճ անդրադառնամ այն վայրահաչոցներին, որոնք լսվում են իշխող խմբակի կողմից մեր թիմի և մեր ղեկավարի նկատմամբ։ Շատ վատ է, երբ մարդը դաստիարակված և քաղաքակիրթ լինելը շփոթում է թուլության հետ։ Պահանջում եմ, որպեսզի կոռեկտ լինեն, չափները ճանաչեն մեր թիմի, առավել ևս՝ Սամվել Կարապետյանի հետ կապված, այլապես կստանան 10 անգամ ավելի շատ»։
Ղազինյանը կոչ արեց ակտիվ մասնակցել ընտրություններին, մասնակից լինել Հայաստանի փրկությանը, որովհետև, նրա խոսքով, «սրանց վերարտադրությունը հավասար է Հայաստանի թրքացմանը»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































