Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրանով մեղքը գցում են մեր զինվորների վրա՝ պատասխանատվությունից փախնելու համար․ Պապիկյան, բա դու ինչո՞ւ չես զոհվել»․ Արման Թաթոյան

Մայիս 22,2026 13:09 Share

«Այսօր այնպիսի իրավիճակ ունենք, որ այս իշխանությունները դարձել են վախի ասպետներ ու ատելություն տարածելու վարպետներ։ Իրենց փորձում են դիրքավորվել իբրեւ ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանների, բայց ստեղծված է այնպիսի համակարգ ու սխեմա, որ մարդկանց մեջ տարածված է համատարած վախ ու սպառնալիքներ։ Եվ այդ իրավիճակն անընդհատ զարգացնում ու պահում են, որովհետեւ դրա վրա է նստած ամբողջ քարոզարշավը»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Միասնության թեւեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

Նա նշեց, որ իր ասուլիսի նպատակն է գնահատական տալ իրավիճակին եւ ելքեր առաջարկել։ Նրա խոսքով՝ ամբողջ քարոզարշավը հիմնված է սպառնալիքի, զոհվել-չզոհվելու, վարչական ռեսուրսի չարաշահման վրա։

Նա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի խոսույթին․ «Այս սպառնալիքների ու վախի քարոզարշավի հիմնական առանձնացող էլեմենտներից է այն, որ այս իշխանությունը մահը դարձրել է որպես պաշտամունք։ Ասում են՝ ինչո՞ւ չեք զոհվել պատերազմի ժամանակ։ Ո՞նց կարող է մարդը, որը վարչապետ է, ում կոչով մեր զինվորները գնացել են պատերազմ, նաեւ զոհվել հերոսաբար, ասել՝ ինչո՞ւ չեք զոհվել։ Ես սա գնահատում եմ որպես մեղքը մեր զինվորների դնելու ակնհայտ քայլ։ Իրենց վրայից մեղքը գցում են մեր զինվորների վրա՝ պատասխանատվությունից փախնելու համար։ Անհասկանալի ու բարոյական ոչ մի բանի մեջ չի տեղավորվում՝ ո՞նց կարա Հայաստանի վարչապետը ուրախանա կամ ասի՝ մի հատ հիմնավորեք, ինչո՞ւ չեք զոհվել։ Հակառակը, պետք է ուրախանաս, որ մարդիկ չեն զոհվել, կենդանի են մնացել։ Այսօր ես իր մամուլի ասուլիսը տեսա, ակնհայտ է, որ իր խոսքը փոխում է, զգացել է, որ այս քանի օրերի քննադատությունների տակից չի կարողանում դուրս գալ, բայց ես կարծում եմ՝ իր իրական էությունն է բացահայտել»։

Արման Թաթոյանն անդրադարձավ նաեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությանը․ «Պաշտպանության նախարարն էլ, իրեն լակոտի պես պահելով, արա-ով խոսելով, ասում է՝ ինչո՞ւ չեք զոհվել։ Բա դու մի հատ կարա՞ս հիմնավորես՝ դու ինչո՞ւ չես զոհվել։ Դու կարա՞ս հիմնավորես՝ մեր 15 զինվորները, որոնք հրդեհի հետեւանքով կացարանում մահացան, ինչո՞ւ այդ տղերքը մահացան։ Մահացան Սուրեն Պապիկյանի ու նրանց ընտրած հրամանատարների պատճառով։ Բա դու պաշտպանության նախարար ես, նախարարի ֆունկցիան այն է, որ պատերազմն այնպես կազմակերպես, որ հնարավորինս քիչ մարդ զոհվի։ Սա նման է նրան, երբ Ստալինի ժամանակ ֆրոնտից հետ էին գալիս, կամ տանում հարցաքննում էին, կամ պատժում էին մարդկանց։ Հիմա սա նույն ստալինիզմն է, սրանք ստալինիզմի դրսեւորումներ են»։

Մանրամասները՝ տեսանյութում

Այնուհետեւ Թաթոյանն ասաց, որ ինքն առաջարկում է այս վիճակից դուրս գալու ճանապարհ։ «Ո՞վ երկիրը կարող է այս վիճակից դուրս բերել, մարդ, ով կախված չէ նախկին-ներկաներից, այլ ուժերից։ Որեւէ մի ուժից կախվածություն ես չունեմ, որեւէ արտաքին ուժ իմ նկատմամբ ազդեցություն չունի։ Ինձ համար ՀՀ նկատմամբ սերն ավելի կարեւոր է, քան Ռուսաստանի շահը, Ադրբեջանի շահը, Վաշինգթոնի, Եվրոպայի շահը։ Ո՞ւմ ընտրի ժողովուրդը, ո՞վ կարող է երկիրը կառավարել։ Ես աշխատել եմ պետական տարբեր հիմնարկներում, հստակ պատկերացնում եմ՝ ինչպես երկիրը պետք է կառավարել, ինչպես են աշխատում պետական մարմինները։ Մեր քաղաքացիները թող մտածեն՝ ում հետ են իրենք ապահով զգացել։ Շատ կարեւոր է, որ այնպիսի ղեկավար ունենա Հայաստանը, որը կկարողանա ճգնաժամային իրավիճակներում երկիրը կառավարել։ Ես պատերազմի, ՔՈՎԻԴ-ի ժամանակ, ամենակարեւոր իրավիճակներում եմ աշխատել, երբեք ոչ մի հարցում չեմ ձախողել, մատս ինչին կպել է՝ ամեն ինչ հաջողել եմ։ Չի եղել որեւէ պետական հիմնարկ, որ ես ղեկավարեմ ու ձախողում ունենամ, միշտ հաջողություն եմ ունեցել»։

Նա նշեց՝ պետք է վերջ դնել այն հարցին, թե ում շահերի համար ենք մենք ընտրություն կատարում․ «Մենք ոչ մեկի շահերի համար ընտրություն չենք կատարում, ոչ մեկի շահերի համար ընտրություն չենք անում, մենք ինքներս պետք է այս ընտրություններն անենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Եթե շատ հարցեր շատերի մոտ կա որպես քաղաքական տակտիկա՝ ձայներ հավաքելու միջոց, իմ համար դրանք ձայներ հավաքելու միջոց չեն։ Ես ինչ ասում եմ՝ ամեն ինչ իմ համոզմունքն է։ Ասո՞ւմ եմ, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան մեր տարածքներից, եւ ձեւերը գիտեմ, դա ես ոչ թե ասում եմ որպես տակտիկական քայլ, որ ձայն ստանամ, դա իմ համոզմունքն է։ Ասո՞ւմ եմ արցախցիների իրավունքների պաշտպանություն եւ ուղղությունները, եւ ասո՞ւմ եմ, որ Արցախն ինձ համար իմ հայրենիքին է, սենյակի դուռ չէ, որ Նիկոլ Փաշինյանը բացի կամ փակի, դա իմ համոզմունքն է։ Այսինքն՝ սրանով ես մեր քաղաքացիներին ուզում եմ ցույց տալ, որ ընտրություն կա»,- նշեց նա։

Թաթոյանն անդրադարձավ նաեւ այլ ուժերի հետ համագործակցության հարցին՝ ասաց, որ «Հայաստան» դաշինքի եւ «Ուժեղ Հայաստան»-ի հետ համագործակցության խնդիր չեն տեսնում, բայց վարչապետության մասին պատասխան տվել են։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031