«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այսօր Շիրակի մարզում է։ Այս ուժը Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում մասնակցել են պատարագի, այնուհետեւ ստացել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությունը։
«Դրանից հետո մասնակցել ենք Սրբազանի խափանման միջոց կալանքը փոխելու ստորագրահավաքին, ու հիմա մեր քարոզարշավն իրականացնելու ենք հանրապետության երկրորդ քաղաքի 58 թաղամասում»,-Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախընտրական ցուցակի երրորդ համար Հասմիկ Գաբրիելյանը։
«Քարոզարշավը սկսել ենք Ոսկեպարից եւ արդեն հասցրել ենք լինել հանրապետության համայնքների կեսից շատում։ Ամեն տեղ արժանանում ենք ջերմ ընդունելության ու դա ոգեւորում է մեզ։ Ոգեւորում է նաեւ այն, որ մարդիկ ասում են, որ մեր ասելիքը բովանդակության իմաստով ընդունելի է, մեր առաջարկած լուծումները բավականին խորքային են, բայց մենք, թվում է, թե չունենք բավականին ճանաչելիություն։ Սակայն պիտի ասեմ, որ հատկապես մարզերում ու համայնքներում մեր ուժին բավականին լավ են ճանաչում, քանի որ մենք այստեղ լինում ենք, ոչ թե միայն քարոզարշավի ընթացքում, այլ այս անցնող տարիների ընթացքում՝ պարբերաբար ու բավականին սերտ շփումներ ենք ունենում մեր քաղաքացիներ հետ։
Մենք դրական ու անկեղծ քարոզարշավ ենք իրականացնում։ Սակայն լինում են նաեւ տհաճ միջադեպեր, որոնք հատկապես քարոզարշավի ժամանակահատվածում տեղ չպիտի գտնեն մեր իրականությունում։ Մասնավորապես, օրերս մի միջադեպի ականատես եղանք պատգամավորի մեր թեկնածուներից գնդապետ Սողոմոն Խաչատրյանի հետ տեղի ունեցած։ Իշխող ուժի ներկայացուցիչներից մեկը, այն էլ՝ համայնքապետ, փորձել էր խոչընդոտել նրան եւ համացանցում տարածել էր մոնտաժված մի տեսանյութ, որում փորձ էր արել գնդապետի անցած զինվորական ուղին վարկաբեկել։ Բնականաբար, մենք հանդես ենք եկել համապատասխան հայտարարությունով»,-ասաց պատգամավորության կին թեկնածուն։
Կարդացեք նաև
Հասմիկ Գաբրիելյանը խոսեց նաեւ մրցակից քաղաքական ուժերին քարոզարշավի շրջանակներում թիրախավորելու մասին՝ դա որակելով անընդունելի վարքագիծ։ «Դա ոչ միայն նորմալ չէ, այլեւ բացարձակ չի նպաստում որեւէ ուժի՝ նման քարոզարշավով հիմնական նպատակին հասնելուն։ Տպավորություն է, որ հակաքարոզչությամբ շատ հաճախ ավելի շատ են զբաղվում, քան քարոզչությամբ։ Ու դա խնդիր է։
Մենք շտապես ազնիվ ենք մեր քաղաքացիների նկատմամբ եւ չենք խոստանում այնպիսի բաներ, որոնք այս փուլում իրականացնելու քայլեր չեն։ Մենք ասում ենք, որ գալիս ենք ընդդիմափոխության, ինչը ենթադրում է, որ պառլամենտում պետք է ներկայացված լինենք մենք եւ բարձրաձայնենք ու արտահայտենք այն քաղաքացիների ձայնը, որոնք իրենց վստահության քվեն կտան մեր ներկայացրած օրակարգին»,-ասաց Հասմիկ Գաբրիելյանը։
Հարցին, թե իրենց առաջնային նպատակը ընդդիմափոխությո՞ւնն է, թե իշխանության փոփոխությունը, Հասմիկ Գաբրիելյանն պատասխանեց. «Առհասարակ, մեր նպատակը հայկական պետության կերտումն է, ինչի համար առանձնացրել ենք երկու առաջնային քայլ։ Բանականաբար, պետք է իշխանափոխություն, բայց իշխանափոխությունից առաջ պետք է տեղի ունենա ընդդիմափոխություն։ Առաջին պարտադիր քայլը ընդդիմափոխությունն է, որից հետո միայն հնարավոր կլինի անել իշխանափոխություն»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարն՝ արխիվային


















































