Լրահոս
Օրվա լրահոսը

2020-ին որդուս դին են տվել, բայց որդիս չի զոհվել, գերության մեջ է. քաղաքացին՝ որդու գերության տեսագրությունները ցույց տվեց Փաշինյանին

Մայիս 26,2026 16:29 Share

Այսօր Չարենցավանում 44-օրյա պատերազմում զոհված հերթական հերոսի ծնողն է մոտեցել Նիկոլ Փաշինյանին: «Պարոն Գագիկ Իսախանյանից շատ շնորհակալ եմ, ինձ օգնել է, բայց հարց ունեմ։ Եթե հնարավոր է՝ կարո՞ղ ենք իմ երեխուն արտաշիրմում անենք։ Հուղարկավորված է եղել Հադրութում, արտաշիրիմում եմ արել Ստեփանակերտ։ Հիմա Ստեփանակերտում է, մի հատ ծաղիկ ես չեմ կարում խոնարհեմ»,- ասաց զոհվածի մայրը Փաշինյանին: Ի պատասխան` Փաշինյանն ասաց, լայն հարց է, պետք է քննարկեն, լուծում ստանան:

Փաշինյանին մոտեցավ նաեւ Վարդան Ելինյանը ու ասաց, որ ինքն ու տղան 44 օրյա պատերազմի մասնակից են, 2020-ին որդու դին են փոխանցել իրեն, բայց պարզվում է՝ որդին գերի է ընկել ու հանեց հեռախոսով տեսագրություն ցույց տվեց. «Իմ երեխեն չի զոհվել, իմ երեխեն գերության մեջ է: Այ սա է իմ տղան, աշխարհն էլ, երկիրն էլ քանդվի, սա իմ տղան է, շատ վիդեոներ ունեմ: 2022 թվականին հաղորդում եմ տվել քննչական կոմիտե, մերժում եմ ստացել»,- ասաց 44-օրյա պատերազմի մասնակից Արամ Ելինյանի հայրը:

Փաշինյանին մոտեցան նաեւ անհետ կորած զինվորների հարազատներ. «Այսօրվա դրությամբ մեզ հետաքրքրում է մեր հարցը, քիչ առաջ Անդրանիկ Քոչարյանին տեսանք, ինքը ծալեց այդ հարցը դրեց մի կողմ, ինչի՞»:

«Չի ծալել: Ես այն կարծիքին եմ, որ պետք է հրապարակեն, քաղաքական նյուանսներ կան, դրանք կփակենք ու կհրապարակենք»,- պատասխանեց Փաշինյանը՝ նկատի ունենալով պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել