Մայիսի 26-ին կարճատեւ այցով Երևան ժամանեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Օրեր առաջ էլ Հայաստանում էին Sargent and Lundy ընկերության փորձագետները, որոնք իրականացրել են Հայկական ԱԷԿ-ի՝ ամերիկյան մոդուլային ռեակտորներով փոխարինման տեխնիկատնտեսական գնահատումը։ «Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրված համաձայնագիրը չի երաշխավորում, որ մասշտաբային զինտեխնիկա է մատակարարվելու ԱՄՆ-ից Հայաստան։ Հարցը ֆորմալ տեսանկյունից դիտարկելու դեպքում հասկանում ենք, որ, ամեն դեպքում, այդ կարգի հարցերը համաձայնեցվում են ԱՄՆ Կոնգրեսի հետ, հատկապես երբ դրանք վերաբերում են զգայուն տեխնոլոգիաներին, հրթիռներին, անօդաչուներին եւ այլն։ Հետեւաբար, որպեսզի այդ ամենը տրամադրվի Հայաստանին, պետք է նաեւ Կոնգրեսի հետ համապատասխան աշխատանք տարվի»,- նշեց ռուս քաղաքագետ, ամերիկագետ, հրապարակախոս Մալեկ Դուդակովը՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում՝ Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ։
«Թեեւ ձեր իշխանությունների լոբբիստները ԱՄՆ-ում փորձում են առաջ մղել Հայաստանի հետաքրքրությունները, սակայն կան շրջանակներ, որոնք շահագրգիռ չեն Հայաստան-ԱՄՆ գործակցությամբ։ Խոսքը վերաբերում է հատկապես թուրքական լոբբիին, որը շատ ակտիվ է ԱՄՆ-ում եւ փորձելու է տապալել, արգելափակել Հայաստանի հետ կապված ցանկացած բան։ Այնուամենայնիվ, որոշ մատակարարումներ կլինեն, սակայն դա ավելի շատ ցուցիչ է այն բանի, որ ամերիկյան վարչակազմը փորձում է օգնել Փաշինյանին ընտրությունների նախաշեմին»,- ասաց Դուդակովը։ Նա նաեւ նշեց, որ այս պահին ԱՄՆ-ն ինքն ունի ռազմական զինուժի հետ կապված սահմանափակումներ՝ պայմանավորված Իրանի հետ պատերազմով։
Ինչ վերաբերում է ամերիկյան մոդուլային ռեակտորներով ատոմակայաններին, այս մասին էլ ռուս քաղաքագետն ասաց, որ ամերիկացիներն իրենք դեռ լավ չեն յուրացրել դրանց հետ կապված շատ հարցեր. «ԱՄՆ-ում մինչ այս պահը չկա ոչ մի փոքր մոդուլային ռեակտորով ատոմակայան՝ չհաշված մի քանի առանձին ստարտափների փորձարարական մոդելները։ Կարծում եմ՝ ամերիկացիները նախ պետք է իրենց երկրում ինչ-որ բան ստեղծեն, հետո նոր առաջարկեն ուրիշներին, խոսեն այն մասին, որ այդ տեխնոլոգիաներն ունակ են արտահանելու արտասահման։
Ու քանի դեռ այս պահին չկա նման բան, այդ խոսակցությունները հիշեցնում են առեւտուր օդի մեջ։ Ինչպես արդեն նշեցի, դա ընդամենը փորձ է Փաշինյանին ընտրություններից առաջ աջակցելու, ռուսական ատոմային էներգետիկային փոխարինող գտնելու եւ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ամերիկյան ստարտափներով համաշխարհային շուկա մտնելու, որտեղ բացարձակ առաջատարները Ռուսաստանն ու Չինաստանն են։ Ի դեպ, Ռուսաստանը վաղուց ունի մոդուլային ռեակտորներով փոքր ատոմակայաններ ստեղծելու փորձ»։
Կարդացեք նաև
Տեսանյութն՝ ավելի ուշ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի


















































