Մայիսի 25-ին ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանում շարունակվեց Հենրիկ Գասպարյանի, Սևակ Գոմցյանի, Կարապետ Մուրադյանի, Դավիթ Նիկողոսյանի, Արտակ Ադամյանի և միակ կին` Ռուբինա Չարչօղլյանի դեմ հարուցված ՀԿԴ/0059/01/26 քրեական գործով նախնական դատալսումները: Նիստը սկսվեց մեկ ժամ ուշացումով, քանի որ տնային կալանքի տակ գտնվող Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին Գյումրիից բերեցին ուշացումով: Դատավոր Վահե Դոլմազյանը հարցրեց ուղեկցող սպային, թե ինչու են ուշացումով մեղադրյալին բերում նիստի, վերջինս պատասխանեց, որ Գյումրիից ճիշտ ժամանակին են եկել, երևանյան խցանումների պատճառով են ուշացել:
Հիշեցնեմ, որ այս քրեական գործը դատարանում է այս տարվա մարտի 3-ից: Հենրիկ Գասպարյանի, Դավիթ Նիկողոսյանի նկատմամբ ընտրվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը, Սևակ Գոմցյանի նկատմամբ, Արտակ Ադամյանի (նաև գրավ) և Կարապետ Մուրադյանի նկատմամբ ՀՀ-ից բացակայելու արգելքը: Քրեական գործով ներգրավված թոշակառու, տեղաշարժման խնդիրներ ունեցող միակ կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և վարչական հսկողությունը:

3-րդ կարգի հաշմանդամ, միայնակ մայր Ռուբինա Չարչօղլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, եղբոր հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, պաշտոնատար անձ հանդիսացող’ Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի կողմից ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով իր օգտին հովանավորչության համար՝ նրան անձամբ տվել է կաշառք (ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր): Իսկ ճարտարապետը մեղադրվում է քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ Սևակ Գոմցյանի օգտին հովանավորչության, թողտվության և այլ ապօրինի գործողության, 4,000,000 ՀՀ դրամ կաշառք գումար, ինչպես նաև մի խումբ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ պաշտոնական կեղծիք կատարելու համար:
Կարդացեք նաև
Տիկ. Ռուբինան չի ընդունում իրեն մեղսագրված արարքը, ասել էր, որ չի ճանաչել գլխավոր ճարտարապետին:
Դատարանը քննության առավ Սևակ Գոմցյանի, Կարապետ Մուրադյանի և Ռուբինա Չարչօղլյանի խափանման միջոցների հարցը: Առաջին երկուսի նկատմամբ ընտրվել էր ՀՀ-ից բացակայելու արգելք-խափանման միջոցը, ինչը դատարանը թողեց անփոփոխ: Իսկ ահա Ռուբինա Չարչօղլյանի խափանման միջոցի ժամանակ, չնայած պաշտպանը`Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Կարինե Խաչատրյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հաշմանդամ, ձեռնափայտով, շարժունակության խնդիր ունեցող կնոջ նկատմամբ ընտրվել է ոչ միայն ՀՀ-ից բացակայելու արգելք, այլ խիստ`վարչական հսկողությունը նույնպես:
Դատարանը հրապարակեց պրոբացիայի ծառայոության մի գրությունը, համաձայն որի՝ տիկին Ռուբինան, որը պարտավոր է ամեն շաբաթ նեերկայանալ ծառայություն, մի անգամ չի ներկայացել, դատարանին հետաքրքրեց պատճառը: Մեղադրյալ կինը պատասխանեց, որ բուժման նպատակով չի կարողացել ներկայանալ ծառայություն:
Պաշտպանն իր հերթին հավելեց, որ այդ մասին տեղեկացվել է ծաայությանը:
Խափանման միջոցը ընտրելիս արձանագրել էին, թե հաշմանդամ կինը կարող է վարույթի վրա ազդեցություն ունենալ, ինչին համաձայն չէր պաշտպանական կողմը, ասելով, որ բոլոր ապացույցները դատարանում են, այս փուլում լրացուցիչ փաստական հանգամանքներ չկան, որ պահպանվի վարչական հսկողությունը, այս փուլում ռիսկեր չկան, նաև հարցրեց. «Մեղավոր չճանաչե՞լն էր պատճառն ավելի խիստ խափանման միջոց ընտրելու»: Այնուամենայնիվ, դատարանը պահպանեց վարչական հսկողություն խափանման միջոցը, բացակայելու արգելքը, արգելեց Ռուբինա Չարչօղլյանին հաղորդակցվել այս գործով վկաներ, մեղադրյալ Հենրիկ Գասպարյանի և վկա Շողիկ Անտոնյանի հետ (առանց էլեկտրոնային միջոցների սահմանափակման):
Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 17-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ.Պաշտպանական կողմը դատական նիստից առաջ մտադիր էր հանդես գալ միջնորդությամբ, ձեռքի տակ ունենալով մեղադրյալ կնոջ առողջական վիճակի մասին բուժհիմնարկների կողմից տրված բազմաթիվ փաստաթղթերը, ավտովթարի հետևանքով նրա տեղաշարժվելու դժվարությունները հաստատող ռենտգեն նկարները, միջնորդելու էր, որպեսզի նա դատարան չներկայանար, բայց ինչպես ասում են՝ տեղի ունեցավ անսպասելին:
«Առավոտ» օրաթերթ
27.05.2026



















































