«Հայաստանի Առաջին Հանրապետությունը բովանդակությամբ ազգային պետություն էր, բոլոր հայերի պետությունն էր, որտեղ չկային սևեր, սպիտակներ, նախկիներ ու նորեր, և հենց դրանով էր պայմանավորված մեր հաղթանակները»,- այսօր Սարդարապատում Առաջին Հանրապետության օրվա առիթով ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։
Ըստ նրա՝ այսօր մեզ փորձում են համոզել, որ ապրելու միակ ճանապարհը զիջելն է ու ծնկի գալը, սեփական պատմությունից ու ինքնությունից հրաժարվելը․ «Մեզ պարտադրում են մի վտանգավոր ու կեղծ թեզ, որ թշնամու պահանջների շարունակական բավարարումը բերելու է խաղաղության և երջանկության։ Եթե 1918-ին մեր պետականության հիմնադիրները առաջնորդվեին այսօրվա վարչախմբի հակապետական ու կապիտուլյացիոն մտածողությամբ, այսօր պետականություն չէինք ունենա։
Եթե Արամ Մանուկյանը, Նազարբեկյանն ու Դրոն և մյուս հերոսները պայքարի փոխարեն առաջնորդվեին նիկոլական մտածողությամբ, նրանք Սարդարապատը կհամարեին արկածախնդրություն, իսկ սեփական հողերի պաշտպանությունը՝ անիրատեսական քայլ կամ պատերազմի սպառնալիք։ Այդ մտածողությամբ պայքարի փոխարեն մենք կընտրեինք հանձնվել, պաշտպանվելու փոխարեն՝ նահանջ, արժանապատվության փոխարեն՝ ստրկություն, համախմբման փոխարեն՝ պառակտումը։ Արդյունքում չէր լինի Առաջին Հանրապետությունն ու այսօրվա Երրորդ Հանրապետությունը»։
Սաղաթելյանի խոսքով՝ մայիսի 28-ի մեծագույն դասն այն է, որ պետության հիմքը ոչ թե թշնամու ողորմածությունն է կամ երաշխիքը, այլ սեփական ուժն ու ազգային միասնականությունը։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































