Հայաստանից ՌԴ մի շարք ապրանքների ներմուծման սահմանափակումները բացասական ազդեցություն չեն ունենա ռուսական շուկաների վրա։ Այս մասին մայիսի 29-ին «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։
«Լսեք, ես պատրաստ եմ մե՛ր շուկաների մասին ասել․ <…> մեր շուկաների վրա, իհարկե, ազդեցություն չի լինի։ <…> Այդուհանդերձ, դրանք բավականին նիշային ապրանքներ են, և հիմնական ծավալը մենք միշտ ապահովում ենք սեփական արտադրության հաշվին»,- ասել է նա:
Ռեշետնիկովը հավելել է, որ Ռուսաստանը գնահատում է իր բոլոր ապրանք մատակարարներին, սակայն ունի նաև մատակարարների դիվերսիֆիկացված կառուցվածք։ Դրա շնորհիվ Հայաստանի հեռանալու հետևանքով բացասական հետևանքներ չեն առաջանա, վստահեցրել է նախարարը։
«Իզվեստիա»-ն հիշեցնում է. «Նախօրեին Ռոսսելխոզնադզորը հայտնել էր, որ գերատեսչությունը մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագող և արտահանվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ։ Նշվել էր, որ մասնագետները ստուգումներ են իրականացրել Հայաստանի ձեռնարկություններում, որոնց ընթացքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ՝ ջերմոցային համալիրներում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների համար կարանտինային օբյեկտների առկայություն։
Կարդացեք նաև
Ավելի ուշ Ռոսսելխոզնադզորում պարզաբանել են, որ Հայաստանի կողմից մատակարարվող գյուղատնտեսական արտադրանքը չի համապատասխանել ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի նորմերին։ Գերատեսչությունում նշել են, որ այդ կապակցությամբ կարելի է ենթադրել, թե Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը չի կարողանում լիարժեք իրականացնել իր վրա դրված լիազորությունները՝ հանրապետության գյուղատնտեսության նախարարության լուծարումից հետո»։
Լուսանկարը՝ Kremlin.ru

















































