«Դեռ 1996-ին են հողերը տվել․ ուղղակի մեզ չեն ասել, որ իշխանությունը պահեն»,-Դիլիջանում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Թեեւ «Քի Վեսթի» փաստաթուղթը հրապարակված չէ՝ նա վստահեցրեց՝ բոլոր փաստաթղթերը հրապարակված են․ «Ով ուզում է, մտեք, բանակցությունները նայեք և տեսեք, թե մենք ոնց ենք եկել և Սյունիքի մարզն ու Մեղրին փրկել հանձնումից։ Որ Ռոբերտ Քոչարյանն իր հանցախմբի հետ պլանավորում էր Մեղրին հանձնել, առաջինը Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն են իրենց կյանքով հետաձգել այդ գործընթացը, և հոկտեմբերի 27-ն արվել է Մեղրին հանձնելու համատեքստում։ Դրա մասին հրապարակային վկայություններ կան գործընթացին ներկա մարդկանց։ Էսօր ասում են՝ միջանցք եք տալիս։ Էդ պատմությունն ավարտվեց նրանով, որ մենք ստորագրեցինք ԹՐԻՓՓ նախագծի մասին համաձայնագիրը, որտեղ ասվում է, որ ԹՐԻՓՓ նախագիծն իրականացվում է ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակում, և ՀՀ-ն իր լիարժեք ինքնիշխանությունը պահպանում է ԹՐԻՓՓ նախագծի իրագործման բոլոր տարածքներում, հետևաբար չկա միջանցքի թեմա և չի եղել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































